Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Արցախցիները ՀՀ քաղաքացի են, իրավական հիմքերը կան՝ սկսած 1989թ․ որոշումից»․ արցախցիների քաղաքացիության հարցով դատավարություն՝ Վարչական դատարանում

Հոկտեմբեր 03,2024 20:55

Արցախից բռնի տեղահանված Մերի Ղարայանը դիմել է վարչական դատարան՝ պահանջելով, որպեսզի առ ոչինչ ճանաչվի Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության որոշումը՝ իրեն ժամանակավոր պաշտպանության՝ փախստականի կարգավիճակ չտրամադրելու մասին։ Վարչական դատարանում այսօր տեղի ունեցավ այս գործով հերթական նիստը։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը բռնի տեղահանված Մերի Ղարայանին ժամանակավոր պաշտպանություն չի տրամադրել՝ հիմնավորելով, որ ավելի վաղ նա ստացել է ՀՀ քաղաքացիություն։ Հետեւաբար, ՀՀ քաղաքացի համարվող մարդուն ՀՀ կառավարությունը չի կարող փախստականի կարգավիճակ տալ։ Մերին ասում է, որ ծնվել է Գորիսում, այնուհետեւ ամուսնացել ու մեկնել է Արցախ բնակության, ստացել է 070 կոդով անձնագիր, ինչպես բոլոր արցախցիները, ինչո՞ւ են իր նկատմամբ տարբերակված մոտեցում ցուցաբերում։

Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության ներկայացուցիչը դատական գործընթացի շրջանակներում մեկնաբանել էր, որ Մերի Ղարայանը 2013 թվականին հաշվառվել է Սյունիքի մարզում եւ առաջին անգամ անձնագրավորվել է ՀՀ քաղաքացու անձնագրով։ Հետագայում, Լեռնային Ղարաբաղ տեղափոխվելով, այնտեղ հաշվառվելով ստանալով 070 կոդով անձնագիր, չի դադարեցրել իր ՀՀ քաղաքացիությունը։

Մերի Ղարայանին սատարում են մի խումբ արցախցիներ, եւ հայցի հիմքում դրել են այն պահանջը, որ բոլոր արցախցիները ՀՀ անձնագրեր ունեն, հանդիսանում են Հայաստանի քաղաքացի, հետեւաբար, ինչո՞ւ է Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը արցախցիների մի մասին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տվել, իսկ ոմանց մերժել։

Արցախցի Արթուր Ահանյանն այսօր միջնորդություն ներկայացրեց դատարան՝ այս գործով որպես երրորդ անձ ներգրավվելու։ Դատարանը մերժեց նրա միջնորդությունը։ Արթուր Ահանյանն ասաց, որ ցանկանում է ներգրավվել երրորդ անձ, որպեսզի կարողանա պաշտպանել իր շահերն ու իրավունքները։ «Քաղաքացիությունը հենց իմ հիմնարար իրավունքն է, իսկ իրենք ուզում են զրկել ինձ իմ իրավունքից, քաղաքացի լինելու իրավունքից»,- ասաց նա։

Արթուր Ահանյանը նշեց․ «Ես հանդիսանում եմ այն անձանցից մեկը, ում ստիպել են դիմել ՀՀ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որպեսզի ստանանք այդ ժամանակավոր պաշպանության վկայականը, չնայած, որ ես ունեմ ՀՀ քաղաքացու անձնագիր։ Ես ստիպված վերցրել եմ փախստականի կարգավիճակ, ուզում էի ՀՀ սահմանը հատել ՀՀ քաղաքացու անձնագրով, ինձ արգելել են հատել ՀՀ սահմանը։ Հայցվոր կողմն իր հայցի հիմքում դրել է այն փաստը, որ ԼՂՀ բոլոր քաղաքացիները, ովքեր ունեն ՀՀ անձնագիր, հանդիսանում են ՀՀ քաղաքացիներ։ Եվ, ըստ հացվոր կողմի, հենց այդ հանգամանքն է հանդիսանում առանցքային թեմա դատական վեճում։ Մասնավորապես, հայցադիմումում նշվել է հետեւյալը՝ «․․․վերոգրյալի համատեքստում ցանկանում ենք հղում կատարել ներկայումս իրավական ուժ ունեցող եւ գործող Հայկական ԽՍՀ Գերագույն խորհրդի եւ Լեռնային Ղարաբաղի ազգային խորհրդի 1989 թվականին դեկտեմբերի 1-ի համատեղ որոշման երրորդ կետին, համաձայն որի՝ ԼՂ բնակչության վրա տարածվում են հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։ Այսինքն՝ ԼՂ քաղաքացիներն այս որոշմամբ ճանաչվել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ, ովքեր գտնվելն են ՀՀ պաշպանության տակ։ Այս տրամաբանությունը հանգեցնում է այն հետեւության, որ ԼՂՀ բոլոր բնակիչները համարվել ու համարվում են ՀՀ քաղաքացիներ»։

Մերի Ղարայանի փաստաբան Իրմա Ճաղարյանը լրագրողների հետ զրուցում ասաց, որ այսպիսով՝ Մերի Ղարայանի նկատմամբ խտրական վերաբերմունք է դերսեւորվել։ Եվ իրենք փորձելու են հասնել նրան, որպեսզի նրան ի վերջո շնորհվի ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ։

Արցախցի Մարատ Եգանյանի խոսքով՝ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացի են։ «Մենք առհասարակ գտնում ենք, որ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացիներ են։ Եվ եթե ՀՀ շահերին, ինչպես ժամանակին Ադրբեջանում էր, համապատասխանում է այն, որ որոշ ՀՀ քաղաքացիներ ստանան նաեւ ժամանակավոր պաշտպանության տակ գտնվող քաղաքացիների կարգավիճակ, մենք դեմ չենք։ Եվ պատրաստ ենք այդ քաղաքական տարբեր շահարկումներին դիմանալ, որովհետեւ միգուցե միջազգային ատյաններում Հայաստանի Հանրապետությանը պետք է նման ձեւով ներկայացնել Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին։ Սակայն պարզվում է, որ մեր իրավունքները փորձում են ոտնահարել եւ ոտնահարում են, մարդկանց միջեւ տարբերակում են դնում, որոշներին ասում են՝ ՀՀ քաղաքացի եք, որոշներին՝ չէ։

Բայց թե ինչ հիմքով են դա անում, իսկապես օրենքով իրենք լիազորված՞ են նման տարբերակում իրականացնել, կա՞ նման օրենք, այս հարցերին դեռեւս դատարանում պատասխան չստացանք։ Երկու դատավարություն է ընթանում զուգահեռ՝ Երեւանում եւ Գեղարքունիքում, Միգրացիայի ու քաղաքացիության ծառայությունից ուղղակի գալիս ու ասում են՝ 070 կոդով անձնագիրը տարբերվում է նրանով,որ մեջը գրված է 070։ Ոչ մի տրամաբանական, ոչ մի իրավաբանական ընկալելի, հասկանալի տարբերակման հիմք չկա։ Ինչո՞ւ պետք է ՀՀ քաղաքացիների մեծամասնությանը, ովքեր Արցախից եկել են, տրամադրեն այդ կարգավիճակը, մյուսներին՝ չէ։ Եթե դա մերժման հիմք էր, ապա բոլորին պետք է մերժեին։ Եթե մերժման հիմք չէ, ուրեմն բոլորին պետք է ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տան։ Կան բոլոր իրավական փաստերը, սկսած 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումից բոլոր հիմքերը կան, որ Արցախից բռնի տեղահանված մեր բոլոր հայրենակիցները հանդիսանում են ՀՀ քաղաքացի»,- ասաց Մարատ Եգանյանը։

Արցախցի Արթուր Ահանյանը հարցադրում է անում․ «ՀՀ քաղաքացի լինելու ապացույցը ՀՀ անձնագիրը կամ նույնականացման քարտն է։ Ես ունեմ եւ ՀՀ անձնագիր, եւ նույնականացման քարտ։ Հիմա իրենք ասում են՝ դիմեք Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որ դուք քաղաքացի չեք եւ խնդրեք, որպեսզի ձեզ տան քաղաքացիություն։ Այնինչ, երեք տասնամյակ մեզ տվել են ՀՀ քաղաքացու անձնագիր, ի՞նչ է, կե՞ղծ են այդ անձնագրերը»։

Այս գործով հաջորդ դատական նիստը տեղի կունենա նոյեմբերի 28-ին՝ ժամը 15։00-ին։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031