Լրահոս
Օրվա լրահոսը

«Շատ լավ հիշում եմ՝ ողջունելի էր, որ նման բան է լինելու․ աշխատողների համար հանգիստը ապահովելու համար տարածք է լինելու»․ Արմեն Աշոտյանի գործով վկան՝ Սևանում ԵՊԲՀ-ի համար տարածք ձեռք բերելու մասին

Հոկտեմբեր 03,2024 19:20

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով հոկտեմբերի 3-ի դատական նիստի ընթացքում Հակակոռուպցիոն դատարանում շարունակվեց գործով վկա Անի Ռափյանի հարցաքննությունը։

Հարցաքննությունը կառուցվեց հիմնականում այն հարցի շուրջ, թե Անի Ռափյանը, որպես ԵՊԲՀ արհեստակցական կազմակերպության քարտուղար կարո՞ղ էր մասնակցած չլինել նիստին, բայց դրա արձանագրությունը կազմել ու ստորագրել։

Մեղադրող դատախազ Արման Նշանյանը հարցրեց՝ եղե՞լ է, որ նիստ կայացած չլինի, բայց Դուք նիստի կայացման համար արձանագրություն կազմած լինեիք։ Անի Ռափյանը պատասխանեց․ «Ոչ, իմ հիշելով նման բան չի եղել»։

Մեղադրողի մյուս հարցին՝ եղե՞լ է, որ Դուք նիստերի չեք մասնակցել, բայց հետագայում Մարթա Սիմոնյանի կողմից Ձեզ ներկայացվել է, որ նիստի օրակարգի վերաբերյալ տվյալ հարցերն են քննարկվել, ուստի նրա ներկայացված հանգամանքների հիման վրա Դուք արձանագրություն եք կազմել։ Անի Ռափյանն ասաց, որ չի ցանկանում այս հարցին պատասխանել․ «Երկու հարցադրումների մեջ էլ խոսք է գնում իմ՝ ստորագրել կամ չստորագրելու մասին, հետևաբար չեմ ցանկանում այդ հարցերին պատասխանել․ հստակ իմ քայլերի, գործողությունների հետ կապված հարցադրում է»։

Մեղադրող դատախազը մոտավորապես նույն հարցն այլ կերպ ձևակերպեց ու հարցրեց՝ եղե՞լ է, որ Մարթա Սիմոնյանի առաջարկով կազմեք արձանագրություն, որը կրի ձևական բնույթ, Անի Ռափյանը պատասխանեց․ «Իմ պատկերացմամբ՝ Ձեր հարցադրումը նույն հարցադրումն է»։

Մեղադրող դատախազն այս առիթով հայտարարություն արեց․ «Վկային այս պահին առաջադրվում են այնպիսի հարցեր, որոնք առաջադրվել են դեռևս նախաքննության ընթացքում, և որոնց վերաբերյալ նա տվել է համապատասխան ցուցմունքներ։ Ստացվում է՝ այն մտավախությունը, որ հիմա նա, նրա փաստաբանը հայտնում է, որ իր կողմից հայտնված պատասխանը կարող է օգտագործվել իր դեմ, ողջամիտ գնահատվել չի կարող։ Ըստ էության, վկան գիտակցում է և շատ լավ հասկանում, որ իրեն առաջադրվել են այնպիսի հարցեր, որոնց ինքը պատասխանել է, և դրանց արդյունքում վկան չի ստացել դատավարական այլ կարգավիճակ․ խոսքը կասկածյալի կամ մեղադրյալի կարգավիճակի մասին է, հետևաբար վկային յուրաքանչյուր հարց տրվելուց նա գիտակցում է, որ պատասխանում է այն հարցերին, որոնք նրան առաջադրվել են։ Մեր գնահատմամբ՝ որպես մեղադրանքի կողմ, վկան ընդամենը պատրվակ է հորինում, որ իր դեմ կարող է օգտագործվել այդ պատասխանը։ Դա չի կարող հիմնավոր համարվել, որ վկան չի պատասխանում իր վերաբերյալ հարցերին։ Այսուհետ կստացվի, որ Մարթա Սիմոնյանի կատարած գործողությանն այս կամ այն կերպով վկան ունի առնչություն, և յուրաքանչյուր հարցի պայմաններում հիմնավորել, որ վկայի վերաբերյալ է, չի կարող պատասխանել, մենք գտնում են, որ իրավաչափ և հիմնավորված չէ»։

Մեղադրող դատախազը նաև հարցրեց՝ եթե Դուք չէիք մասնակցում նիստերին, առանց Ձեզ կկայանայի՞ն նիստեր, թե՝ Ձեր ներկայությունը՝ որպես քարտուղար պարտադիր բնույթ է կրել, Անի Ռափյանը պատասխանեց․ «Եթե ես ֆիզիկապես ներկա չէի, հեռավար կարող էի նիստերին մասնակցել։ Եթե անգամ երկրում չէի, ես ամեն դեպքում հեռավար կարող էի մասնակցել»։

Հարցին՝ ինչո՞վ էր պայմանավորված Սևանում գույք (լուսանկարում՝ խնդրո առարկա «Ծովասար» հյուրանոցը) ձեռք բերելու որոշումը, ո՞վ էր, ո՞նց էր որոշվել, վկան պատասխանեց․ «Դա լավ չեմ հիշում, բայց շատ լավ հիշում եմ ամեն դեպքում՝ ողջունելի էր, որ նման բան է լինելու․ աշխատողների համար հանգիստը ապահովելու համար տարածք է լինելու։ Չեմ հիշում որևէ մեկի կողմից դժգոհություն առաջանար»։

Հարցին՝ գործադիր կոմիտեում տվյալ թեմայի վերաբերյալ քննարկում տեղի ունեցե՞լ է, կարո՞ղ ենք արձանագրել, որ գույքը ձեռք բերելու նախաձեռնությունն առաջացել է գործադիր կոմիտեի անդամների հետ քննարկման արդյունքում, Անի Ռափյանը պատասխանեց՝ այո։ Դատախազը խնդրեց գործադիր կոմիտեի անդամների անուններ նշել, որոնք մասնակցել են այդ քննարկումներին, Անի Ռափյանը պատասխանեց․ «Կփորձեմ հիշել որոշ մարդկանց, որոնք գործադիր կոմիտեի կազմում էին․ գուցե սխալվեմ՝ Արտեմ Գրիգորյան, Հովհաննես Հովհաննիսյան, Խաչատուր Մարգարյան»։

Հարցին՝ կոնկրետ այդ գույքերը որտեղի՞ց է ձեռք բերվել Անի Ռափյանն ասաց, որ մանրամասները դժվարանում է հիշել։

Հարցին՝ արհեստակցական կազմակերպության նախագահը գույք ձեռք բերելու և նմանատիպ գործարքներ կատարելու իրավունք ունեցե՞լ է առանց Գործադիր կոմիտեի հետ քննարկելու՝ միանձնյա որոշմամբ, Անի Ռափյանն այդ հարցին ի պատասխան ասաց, որ մանրամասների չի տիրապետում։

Դատախազին նաև հետաքրքրեց՝ Անի Ռափյանը Քնարիկ Գինոսյանին ճանաչո՞ւմ է, նա պատասխանեց․ «Դեռ ուսանողական տարիներից գիտեմ՝ որպես իմ դասախոս, հետագայում դարձանք կոլեգաներ, հետագայում արհեստակցական կազմակերպության էլի գործադիր կազմի ներկայացուցիչ է եղել»։

Դատախազն ասաց, որ նշված գույքերի ձեռքբերման հետ կապված կազմված արձանագրություններում՝ որպես գործադիր կոմիտեի անդամ նշվել է Քնարիկ Գինոսյանը, և արձանագրություն է կազմվել Անի Ռափյանի կողմից, բայց իրականում Քնարիկ Գինոսյանը չի հանդիսացել գործադիր կոմիտեի անդամ և հարցին՝ ի՞նչ հանգամանքներում է Քնարիկ Գինոսյանը ներգրավվել այդ հարցի քննարկմանը, Անի Ռափյանը պատասխանեց․ «Որքան հիշում եմ՝ Քնարիկ Գինոսյանը մասնակցել է նիստերին։ Չեմ հիշում՝ ինչպես է դա եղել»։

Դատախազը նաև նշեց՝ ըստ գործում առկա տվյալների՝ 2015-ի սեպտեմբերին կայացել են արհեստակցական կազմակերպության նիստեր, որոնցում քննարկվել է հիշյալ գույքերի ձեռքբերման վերաբերյալ պայմանագիր կնքելու հարցը, որին Անի Ռափյանը չի մասնակցել։ Այս պայմաններում կազմվել են արձանագրություններ, որոնցում՝ որպես նիստերի քարտուղար առկա է Անի Ռափյանի ստորագրությունը։ Դատախազը հարցրեց՝ եթե նիստերին չեք մասնակցել ՀՀ-ից բացակայելու պայմաններում, այդ արձանագրություններն ի՞նչ եղանակով են կազմվել, ո՞վ է կազմել, Անի Ռափյանը պատասխանեց․ «Եթե ես երկրում չեմ եղել, դա չի նշանակում, որ ես հեռավար նիստին չեմ կարողացել մասնակցել։ Օգտվելով իմ իրավունքից՝ կփորձեմ այս հարցին չպատասխանել, թե իմ փոխարեն ով է ստորագրել կամ արդյոք դա ես եմ կազմել, ստորագրել, թե՝ ոչ»։

Այսքանով դատական նիստն ավարտվեց։ Անի Ռափյանի հարցաքննությունը կշարունակվի հոկտեմբերի 29-ի նիստի ընթացքում։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031