Լրահոս
Օրվա լրահոսը

«Ամեն գործարքից երեք տարի անցել է, հետեւաբար, վաղեմության ժամկետը անցած է եւ այս գործով ապօրինի գույքի բռնագանձման պահանջները բոլորը պետք է մերժվեն»

Հոկտեմբեր 03,2024 16:42

Ըստ հայցի՝ ՀՀ գլխավոր դատախազության ընդդեմ Հրայր Թովմասյանի եւ Լամարա Խուդավերդյանի՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջի մասին Հակակոռուպցիոն քաղաքացիական դատարանում նախագահող դատավոր Լիլի Դրմեյանը որոշեց, որ պատասխանող կողմի՝ վաղեմության ժամկետ կիրառելու միջնորդության վերաբերյալ դատական ակտը կհրապարակվի հոկտեմբերի 9-ին:

Ավելի վաղ պատասխանող Լամարա Խուդավերդյանի շահերի ներկայացուցիչ Արթուր Հովհաննիսյանը հայցային վաղեմություն կիրառելու եւ հայցը մերժելու մասին միջնորդություն էր ներկայացրել, որպեսզի համապատասխան ապացույցներ ձեռք բերելու համար դատարանը դիմեր Կենտրոնական բանկի «Ֆինանսական դիտարկումների կենտրոն», որն այն մարմինն է, որը զբաղվում է փողերի լվացման, ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի կոնվենցիայով նախատեսված կոնկրետ գործառույթով, ստանում է տարբեր մարմիններից ինֆորմացիա եւ այդ ինֆորմացիան ստանալով՝ ուսումնասիրություններ է իրականացնում: Նայում է գույքի ձեռք բերման աղբյուրները, եթե ռիսկեր է տեսնում, որ այդ աղբյուրները օրինական չեն կամ չեն երեւում, համապատասխան տեղեկատվությունն ուղարկվում է իրավապահ մարմիններին:

Դատական նիստից հետո փաստաբան Արթուր Հովհաննիսյանը Aravot.am-ին ասաց. «Մենք ասում էինք. դատարան, ինֆորմացիան վերցրու «Ֆինանսական դիտարկումների կենտրոնից», թե արդյոք Հրայր Թովմասյանի կնոջ կատարած նախկին գործարքները, որոնցով ձեռք բերված գույքը այսօր դատախազությունը ապօրինի է դիտում, ուսումնասիրվե՞լ են «Ֆինանսական դիտարկումների կենտրոնի» կողմից, արդյոք ուսումնասիրվե՞լ են գործարքների ձեռք բերման աղբյուրները, արդյոք այդ աղբյուրները դիտվե՞լ են օրինական, կամ չեն դիտվել օրինական, եւ ընթացք է տրվել իրավապահ մարմիններին ու նրանք որեւէ ընթացք չեն տվել, որովհետեւ հետագայում պարզվել է, որ ամեն ինչ օրինական է: Մենք հարգելի դատարանին ասում ենք, որ դա պետք է, որովհետեւ մենք կարծում ենք, որ այս գործարքների իրավաչափությունը տարիներ առաջ պետությունը տեսել, ուսումնասիրել է, կամ առնվազն պարտավոր էր կամ կարող է ուսումնասիրած լիներ իրավաչափությունը: Ամեն գործարքից երեք տարի անցել է, հետեւաբար, վաղեմության ժամկետը անցած է եւ այս գործով ապօրինի գույքի բռնագանձման պահանջները բոլորը պետք է մերժվեն:

Մեր միջնորդությունը դատարանը բավարարել էր եւ դիմել էր այդ կենտրոն: Սակայն «Ֆինանսական դիտարկումների կենտրոնը» հրաժարվել է դրանք տալ՝ հիմք ընդունելով փողերի լվացման եւ ահաբեկչության դեմ պայքարի մասին օրենքը, որտեղ ասվում է, որ իրենք կարող են ինֆորմացիա տալ որոշակի իրավասու մարմինների, որոնց ցանկի մեջ դատարանը չկա: Եվ դատարանը իրենց մերժումը հարգելի համարեց: Մինչդեռ, մեր խորին համոզմամբ, այդ օրենքը չի սահմանափակում դատարանին գործի լուծման համար էական նշանակություն ունեցող փաստի հաստատման համար ցանկացած ապացույց ցանկացած մարմնից ստանալ՝ անկախ նրանից, թե այդ փաստաթղթերը պետական գաղտնիք պարունակո՞ւմ են, թե ոչ: Եթե իրենք իրենցով հույժ գաղտնի են համարվում, սակայն այդ փաստաթղթերի հիման վրա դատավարության մասնակցի իրավունքների վերաբերյալ հարց է քննարկվում, ուրեմն դատարանը, եթե չունի, պետք է ԱԱԾ-ից ստանա հույժ գաղտնի փաստաթղթի ուսումնասիրման իրավունք եւ պահանջի, պարտադրի, որ այդ տեղեկատվությունը տան դատարանին: Դատարանը կարող է այդ ինֆորմացիայով չկիսվել մեզ հետ, բայց ինքն իր մեջ այդ ուսումնասիրությունները կատարելով, գա, օրինակ, վաղեմության մեր միջնորդությունը բավարարելու որոշման: Սակայն դատարանն ասաց, որ ինքը չկա:

Անկախ օրենսդրական կարգավորումներից, դատարանով գործը քննելիս, դատարանը կաշկանդված չէ որեւէ ապացույց ձեռք բերելու հնարավորությունից, եթե այդ ապացույցը գործի համար էական նշանակություն ունի: Չի կարող դատավարության մասնակից մի անձ տուժել, օրինակ, պարտվել դատարանում, որովհետեւ այն ինֆորմացիան, որը կարող էր իրեն օգնել, հօգուտ իրեն որեւէ փաստ էր հաստատվելու, դատարանի ձեռամբ չստացվի իրավասու մարմնից: Նման բան չի կարող լինել:

Ես համաձայն չեմ դատարանի ակտին, որ պետք է հարգելի համարել «Ֆինասական դիտարկումների կենտրոնի» մերժումը, բայց այս պահին որեւէ բողոքարկման մեխանիզմ չկա: Եթե հետագայում գործն ամբողջությամբ ավարտվի եւ ի վնաս մեզ վճիռ լինի, մենք այս մասով մեր բողոքարկումը կանենք վերաքննիչ բողոքարկման ձեւաչափով»:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031