Լրահոս
Օրվա լրահոսը

Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքը կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի է դարձել. Ժաննա Անդրեասյան

Հոկտեմբեր 03,2024 16:08

Երևանում այսօր մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարը՝ «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրով: Համաժողովի շրջանակում անցկացվում է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնը:

Համաժողովի պաշտոնական բացմանը մասնակիցներին ողջունել է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը: Նրա խոսքով՝ պատահական չէ, որ միջոցառումը տեղի է ունենում Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական ​​մանկավարժական համալսարանում, որը, լինելով ամենահին ավանդական ուսումնական հաստատությունը, այսօր համարվում է ամենահաջողակ բուհերից մեկը մանկավարժական կադրերի վերապատրաստման ոլորտում։ Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ 1922 թվականին հիմնադրված համալսարանն արտացոլում է կրթական և գիտական ​​գործընթացների արդյունավետ փոխազդեցությունը՝ հիմնված արտասահմանյան բուհերի հետ միջազգային հարաբերությունների մշտական ​​ընդլայնման վրա։

«Հաշվի առնելով կրթական համակարգերի զարգացման խնդիրները և կրթական գործընթացի փոխակերպման նոր մարտահրավերներին համապատասխան արձագանքելու անհրաժեշտությունը՝ ԱՊՀ ուսուցիչների և մանկավարժների 8-րդ համագումարն անցկացվում է «Կրթությունը փոփոխվող աշխարհում. գլոբալ իրողությունների ազդեցությունն Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների կրթության զարգացման վրա» խորագրի ներքո: Անընդհատ փոփոխվող աշխարհում գիտելիքները և ստեղծագործ մտածելակերպը սոցիալական համերաշխության, մարդկային կապիտալի զարգացման, կայուն տնտեսական և մշակութային առաջընթացի բանալի են դարձել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը՝ ընդգծելով, որ «ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագրի» հիմքում դրված հայեցակարգով նախատեսվում է ՀՀ տնտեսության և հասարակական կյանքի շարունակական, առաջանցիկ աճ՝ ուղղված մարդկային կապիտալի զարգացմանը։

Նախարարը նշել է, որ Հայաստանի կրթության զարգացման ռազմավարական ծրագիրն ուղղված է մարդկային ներուժի ընդլայնմանը և մարդկային կապիտալի ինքնիրացման զարգացմանը։ Տվյալ հայեցակարգը պահանջում է ֆորմալ կրթության համակարգի տարբեր մակարդակների, ինչպես նաև ոչ ֆորմալ՝ լրացուցիչ և շարունակական կրթության նկատմամբ ամբողջական վերափոխված մոտեցում՝ շեշտը դնելով կրթական համակարգը մարդու համար ողջ կյանքի ընթացքում ուսումնական միջավայրի վերածելու հանգամանքի վրա։

«Ցանկանում եմ հատուկ շեշտել կրթության և գիտության ոլորտներում միջազգային համագործակցության ընդլայնման և հաջողված փորձի կիրառման կարևորությունը։ Միջազգային համագործակցությունը և համատեղ նախագծերի իրականացումը ոչ միայն նպաստում են կոնկրետ խնդիրների և դրանց լուծման ուղիների հայտնաբերմանը, այլև հստակ նախանշում են նոր հեռանկարները և կրթության որակի ապահովման հնարավորությունները»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Այս համատեքստում նախարարը փաստել է՝ Հայաստանը սեփական կրթական ծառայություններն ու արտադրանքն ունի, որոնք մեծ հետաքրքրություն են առաջացնում տարբեր երկրների կողմից ու արդեն միջազգայնացվել են: Անդրադառնալով նորարար կրթական ծրագրերին՝ Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամի (FAST) հետ համատեղ իրականացվող «Արհեստական բանականության (ԱԲ) սերունդ» դպրոցական ծրագիրը, անդրադարձել Համաշխարհային բանկի կողմից հանրակրթության պետական չափորոշչի՝ Տավուշի մարզում փորձարկման արտաքին գնահատման արդյունքներին, ըստ որի՝ ՀՀ-ում սովորողների մոտ երկու տարվա ընթացքում կրթության դինամիկայի 6 ամսվա աճ է գրանցվել: «Այսպիսի արդյունք է արձանագրվել այն պայմաններում, երբ ամբողջ աշխարհում համավարակի հետևանքով դպրոցական համակարգում մինչև 4 ամսվա կրթական արդյունքի կորուստ է գրանցվել»,- ասել է Ժաննա Անդրեասյանը և ընդգծել, որ Հայաստանն այն քիչ պետություններից է, որտեղ վերջին տարիներին էականորեն ավելացել է կրթության ոլորտի պետական ֆինանսավորումը:

ԿԳՄՍ նախարարը ողջունել է նաև Մանկավարժական վարպետության 3-րդ միջազգային փառատոնի մասնակիցներին: Ժաննա Անդրեասյանի խոսքով՝ փառատոնն աստիճանաբար դառնում է կարևոր հարթակ երեք չափազանց կարևոր անվանակարգերում՝ «Ուսուցիչ», «Դաստիարակ» և «Սոցիալական մանկավարժ», առաջադրված մասնակիցների փորձի փոխանակման համար: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է՝ փառատոնը պարզապես միջոցառում չէ, այլ իրական հարթակ գաղափարների փոխանակման համար, որտեղ յուրաքանչյուր մասնակից կարող է ներկայացնել իր վարպետությունը և ներշնչանքը:

Համագումարի մասնակիցներին է փոխանցվել նաև ԱՊՀ գլխավոր քարտուղար Սերգեյ Լեբեդևի ողջույնի խոսքը: Ներկաներին ողջունել և արդյունավետ աշխատանք են մաղթել նաև ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Արթուր Մարտիրոսյանը և Արաքսիա Սվաջյանը, Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռեկտոր Սրբուհի Գևորգյանը:

ԱՊՀ մասնակից պետությունների ուսուցիչների և կրթության աշխատակիցների 8-րդ համագումարին ԱՊՀ 7 պետության շուրջ 120-140 ներկայացուցիչ է մասնակցում:

 ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031