2023-ին Հայաստանում հաստատված այլախոհ ռեժիսոր Ալեքսեյ Գայլիտը բեմադրեց «Ճամպրուկ» ներկայացումը՝ ըստ Սերգեյ Դովլաթովի: Ինքնատիպ ձեռագրով այս ռեժիսորի աշխատանքը բավականին լավ արձագանքների արժանացավ: Ներկայացումը համախմբեց տաղանդավոր դերասանների, երաժիշտների, այն 6 անգամ խաղացին՝ լեփ-լեցուն դահլիճներում:
Aravot.am-ի հետ զրույցում ներկայացման պրոդյուսեր Սերգեյ Ցելիկովն ասաց, որ այժմ «Ճամպրուկը» հանդիսատեսի դատին կհանձնվի լրիվ նորացված եւ հրավիրյալ կազմով՝ Ալեքսեյ Կորտնեւ, Ալեքսեյ Ագրանովիչ, Սեմյոն Տրեսկունով եւ Նինա Շկարա: Նրանք նոր գույն են հաղորդել արդեն կայացած, բայց նորացված բեմադրությանը:
Ներկայացման կայքում ռեժիսորը ներկայացնում է, որ Հայաստան է տեղափոխվել երկու տարի առաջ, տան փոխարեն անընդհատ տեղափոխություններ են եղել, մտերիմների փոխարեն՝ պատահական ծանոթություններ, կայունության փոխարեն՝ սթրես եւ պարտքեր: «Ինչպես գրել է Դովլաթովը, ես արթնացել եմ դժբախտության զգացողությամբ»,-ասում է Գայլիտը, որը բազմաթիվ հարցերի պատասխաններ գտել է Դովլաթովի մոտ՝ զուգահեռներ տանելով իր ապրածի եւ Դովլաթովյան իրականության միջեւ: Գայլիտի ձեւակերպմամբ, մարդ որ ժամանակաշրջանում էլ ապրի, պետք է մնա այնպիսին՝ ինչպիսին կա ու պահպանի սեփական «պատմության ճամպրուկը», որովհետեւ հենց քո փորձն է քեզ դարձնում իրապես ազատ՝ անկախ ցանկացած իրավիճակից:
Կարդացեք նաև
Նշենք, որ ներկայացման մեջ ներգրաված երաժիշտ, կինոյի եւ թատրոնի դերասան, «Несчастный случай» խմբի լիդեր եւ մենակատար Ալեքսեյ Կորտնեւը նկարահանվել է ավելի քան 40 ֆիլմերում, ձայնավորել գլխավոր հերոսներին, Ալեքսեյ Ագրանովիչը նկարահանվել է շուրջ 30 ֆիլմում, խաղացել Կիրիլ Սերեբրեննիկովի ներկայացումներում, 2 անգամ ներկայացվել «Ոսկե դիմակի», դերասան, սցենարիստ եւ ռեժիսոր Սեմյոն Տրեսկունովը 11 տարի կինոյում է, նկարահանվել է մի քանի ֆիլմերում եւ սերիալներում: Ինչ վերաբերվում է Նինա Շկարային, նա էլ մասնակցում է օպերային ներկայացումների բեմադրություններին, հիմնադրել է երաժշտական թերապիայի ակումբ:
«Ճամպրուկ» ներկայացման դերասանական կազմում հնաբնակը ռեժիսոր, դերասան, հեղինակ կատարող Արամ Գյուրջյանն է: Aravot.am-ի հետ զրույցում Արամ Գյուջյանն ասաց, որ ներկայացումն ամբողջությամբ փոխվել է. «Լրիվ նոր լուծումներ են, քանի որ բեմահարթակը մեծ է, ռեժիսորի կողմից առաջարկվող գեղարվեստական արտահայտչամիջոցներն էլ են փոխվել: Ընդհանուր ձեւաչափը, եթե նախկինում ավելի պատմողական էր, այս պարագայում փոխհարաբերությունները եւ կերպարները ավելի շեշտադրված եւ զարգացված են, նաեւ ներգրավել են սիրված, հանրային ճանաչում ունեցող դերասաններ, որոն իրենց կերպարային հմայքն ու անհատականությունն են հաղորդում ներկայացմանը: Օրինակ, Ալեքսեյ Կորտնեւը շատ հայտնի է, արդեն քանի սերունդ է իր երգերով դաստիարակվել, Ալեքսեյ Ագրանովիչը հեղինակավոր թատերական գործիչ է, մի շրջան եղել է «Գոգոլ» կենտրոնի գեղարվեստական ղեկավարը, Նինա Շկարան ֆանտաստիկ երաժիշտ է, որն ապահովելու է ներկայացման երաժշտական ձեւավորումը: Սեմյոն Տրեսկունովն ավելի շատ հայտնի է կինոնախագծերից, թեեւ մեզանից ամենաերիտասարդն է, բայց բավականին մեծ դերացանկով հայտնի կերպար է»:
Արամ Գյուրջյանի խոսքով, ամբողջ ստեղծագործական կազմը կուռ ստեղծագործական ընտանիքի է վերածվել, իսկ Դովլաթովը առհասարակ որպես հեղինակ ասես հոգեթերապեւտ լինի. «Նա հնարավորություն է տալիս, որ մարդն ինքն իրեն տեսնի, իսկ ինքնահեգնանքը եւ նուրբ հումորային երանգները հնարավորություն են տալիս, որ մարդ իրեն ճանաչի, բայց ժպտա»:
Հավելենք, որ Հայաստանում ծնված եւ այժմ նորացված ներկայացման պրեմիերան տեղի կունենա հոկտեմբերի 9-ին եւ 10-ին, իսկ արդեն հաջորդ տարվա սկզբին ներկայացումը կսկսի մեծ շրջագայություն Եվրոպայով եւ ԱՄՆ-ով:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Ներկայացման փորձի ժամանակ արված լուսանկարները տրամադրել է Սերգեյ Ցելիկովը;