ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Գևորգ Մելիքսեթյանն ընդունել է մայրաքաղաքային, հանրապետական և մարզային ծածկույթ ապահովող հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի Ինդուստրիալ կոմիտեի (ԻԿ) ղեկավարներին և ներկայացուցիչներին:
Ոլորտի ներկայացուցիչները բարձրաձայնել են ոլորտում առկա օրենսդրական, քաղաքական, անվտանգության, հանրային մուլտիպլեքսի և առնչվող այլ թեմաների հետ կապված իրենց հուզող հարցերն ու խնդիրները, որոնք հեռուստաընկերությունների ներկայացուցիչների տեսանկյունից խոչընդոտում են ընկերությունների արդյունավետ գործունեությունն ու մրցակցությունը:
Քննարկվել են նաև պայմանագրերի վերանայման, հեռարձակման ծավալի և որակի, գնագոյացման և տեխնիկական հարցերով պայմանավորված խնդիրներ:
Նախարարի տեղակալ Մելիքսեթյանը լսել է հանդիպման ներկաների առաջարկություններն ու մտահոգությունները։ Քննարկվել են նաև փոխգործակցության զարգացման հնարավորությունները:
Կարդացեք նաև
Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակել քննարկումները՝ հնչեցված խնդիրներին լուծում տալու պատրաստակամության սկզբունքով:
Հանդիպմանը ներկա են գտնվել նաև ՀՀՌՑ ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Նարեկ Ադամյանը, տնօրենի տեղակալ Սահակ Դավթյանը, ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը և «Արմենիա TV», «Շանթ TV», «5-րդ ալիք TV», «Բուն TV», «Ֆորտունա TV», «Ցայգ TV», «Մեդիա TV» հեռուստաընկերությունների և Տեսալսողական մեդիայի ինդուստրիալ կոմիտեի ներկայացուցիչները:
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն