Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի տնօրեն՝ մաեստրո Կարեն Դուրգարյանի նախաձեռնությամբ, սեպտեմբերի 21-ից մեկնարկեց Կոմիտաս վարդապետի ծննդյան 155-ամյա հոբելյանին նվիրված մարզային համերգաշարը, համայնքապետարանների հետ համատեղ գործակցության արդյունքում:
Համերգներին իրենց մասնակցությունն ունեցան օպերային թատրոնի առաջատար մեներգիչները: Ծրագրում ընդգրկված էին՝ ինչպես Կոմիտաս վարդապետի, այնպես էլ արևմտաեվրոպական և ռուս կոմպոզիտորների հանրահայտ ու սիրված ստեղծագործություններ:
Մեկնարկային բեմելը տեղի ունեցավ Էջմիածնի Կոմիտասի անվան մշակույթի պալատում: Դահլիճը լեփ լեցուն էր: Հանդիսատեսի շարքերում էին մանուկներ ու պատանիներ, տարեցներ:
Կարդացեք նաև
Այս նախագիծն ինքնին կրում է ճանաչողական ու կրթական բնույթ, ներառելով Կոմիտասի հանճարեղ կերպարի նկարագիրը, անցած ուղին, ստեղծագործական նվաճումներն ու ձեռքբերումները, ինչպես նաև նրա ունեցած առանցքային դերն ու նշանակությունը հայ ժողովրդի ինքնուրույն, ազգային երաժշտության կերտմանն ու աշխարհին ներկայացնելուն:
Ողջունելի է, որ համերգները տեղի են ունենում նաև երաժշտական դպրոցներում: Թատրոնի մեներգիչները մինչ այսօր իրենց արվեստով արդեն ներկայացել են Աբովյանի Զարեհ Սահակյանցի, Նուբարաշենի Վիլլի Մոկացյանի, Վանաձորի Էդուարդ Կզարթմյանի անվան երաժշտական դպրոցներում, Վերին Արտաշատի արվեստի դպրոցում, Հաղարծինի մշակույթի տանը:
Մեզ հետ զրույցում երգիչները, այդ թվում՝ ՀՀ վաստակավոր արտիստներ Քրիստինե Սահակյանը, Իրինա Զաքյանը, Մագդա Մկրտչյանը, Առնոլդ Քոչարյանը, առաջատար մեներգիչներ Նարինե Անանիկյանը, Աննա Այվազյանը, Արծվիկ Դեմուրչյանը, Վարսենիկ Ավանյանը, Հովհաննես Ներսեսյանը, Հայկ Թոնգուրյանը, Օֆելյա Համբարձումյանը և մյուսները, դաշնակահար – կոնցերտմայստերներ Արմեն Աղաջանյանը, Հասմիկ Անտոնյանը հատկապես նշեցին դպրոցահասակ հանդիսատեսի հետաքրքրության մասին դեպի դասական արվեստը, հավաստիացնելով՝ նրանց կլանված ունկնդրելու փաստը: Նաև շեշտեցին յուրաքանչյուր կատարումից հետո բուռն արձագանքի մասին :
Արտիստները հիացած էին նաև վերը նշված դպրոցների բարեկարգ և խնամված լինելու հանգամանքով՝ ինչն անխոս ոչ միայն պարտադիր նախապայման է, այլև հաճելի ու տրամադրող մթնոլորտ մշակութային կրթօջախների համար, և ոչ միայն:
Մեր հետաքրքրությանն ի պատասխան՝ Օպերային թատրոնի ռեֆերենտ, համերգաշարի համակարգող Մարիաննա Պողոսյան – Գորդոնը հայտնեց, որ համերգաշարը կշարունակվի մինչև ընթացիկ տարվա վերջ :
Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ