Լրահոս
Օրվա լրահոսը

Սոցհարցման հետքերով․ հանրության վերաբերմունքը հղիության արհեստական ընդհատման նկատմամբ

Հոկտեմբեր 03,2024 14:50

Հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ սոցհարցումներ հանրության շրջանում պարբերաբար անցկացվել և անցկացվում են, քանզի սա այն խնդիրներից է, որ շարունակում է մնալ հրատապ։ Ընդամենը վերջերս՝ այս տարվա հուլիս-օգոստոսին, նմանօրինակ քանակական հետազոտություն էր կատարել «ԱրԻնսայթս» հետազոտական ընկերությունը՝ նպատակադրվելով ուսումնասիրել Հայաստանի չափահաս բնակչության վերաբերմունքը հղիության արհեստական ընդհատման նկատմամբ:

Հանրության տեսակետների ամբողջական պատկերը ստանալու համար առաջադրված խնդիրները երեքն էին՝ ուսումնասիրել Հայաստանում հղիության արհեստական ընդհատման կարգավորման արդիականության ընկալումները, ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատման թույլատրելիության սահմանների ընկալումները, ուսումնասիրել հղիության արհեստական ընդհատման սահմանափակման օրենքի նկատմամբ վերաբերմունքը։

Հարցումն իրականացվել է Երևանի, մարզային քաղաքների և գյուղերի 18 և ավելի բարձր տարիքի բնակչության շրջանում, գերակշռաբար՝ բարձրագույն կրթությամբ և վարձու աշխատողի կարգավիճակով, ընդ որում՝ հարցվածների թվում կանայք տոկոսային հարաբերությամբ գերազանցել են տղամարդկանց։ Մասնակիցների առավել ակտիվ հատվածը 25-34 տարեկաններն են, ինչը ենթադրելի էր, այնուհետև հաջորդում են 35-54 և ավելի բարձր տարիք ունեցողները։ Որպես առկա պատկերի համեմատական՝ ընտրվել են 2021 թվականի նմանօրինակ հարցման ցուցանիշները։

Արձանագրենք, որ 2021-ից ընդամենը երեք տարի անց նկատելի են փոփոխություններ հանրային տեսակետներում։ Մասնավորապես, համեմատ 2021թ.-ի՝ 7 տոկոսով աճել է այն հարցվողների թիվը, ովքեր կարծում են, որ հղիության արհեստական ընդհատումը պետք է արգելվի բոլոր դեպքերում։

Նվազել է այն հարցվածների թիվը, ովքեր կարծում են, որ հղիության արհեստական ընդհատումը պետք է թույլատրվի բոլոր դեպքերում, ինչպես նաև՝ թույլատրվի որոշակի սահմանափակումներով: Միաժամանակ՝ հարցվածների 38 տոկոսը (2021-ի 44 տոկոսի համեմատ) կարծում է, որ աբորտը պետք է արգելվի՝ բացառությամբ բռնաբարության դեպքի և այն դեպքերի, երբ այն անհրաժեշտ է մոր կյանքը փրկելու համար, նույն քանակությամբ հարցվածներ էլ համարում են, որ աբորտը պետք է արգելվի բոլոր դեպքերում։

Հարցվածների միայն 6 տոկոսն է կարծում, թե աբորտները պետք է թույլատրվեն բոլոր դեպքերում, ընդ որում, համաձայն հետազոտության արդյունքների, եթե պատկերը դիտարկենք ըստ բնակավայրերի, ապա, վիճակագրորեն նշանակալի տարբերությամբ, երևանաբնակներն ավելի հաճախ են կիսում այդ կարծիքը, քան գյուղաբնակները։ Սա, թերևս, նույնպես ենթադրելի էր։

Հարցվածների 30 տոկոսը կարծում է, թե աբորտը պետք է թույլատրվի որոշակի սահմանափակումներով․ այդ կարծիքին է հարցված կանանց 36 տոկոսը, տղամարդկանց՝ 23 տոկոսը։ Հետաքրքրական է, որ առկա է զգալի տարբերություն երկու սեռի տեսակետների միջև։ Եվս մեկ զգալի տարբերություն՝ պատկերն ամբողջացնելու համար․ հարցվածների 20 տոկոսը կարծում է, որ աբորտները պետք է բոլոր դեպքերում արգելվեն, ընդ որում՝ այդպես է կարծում բարձրագույն կրթություն չունեցողների 24 տոկոսն՝ ի տարբերություն բարձրագույն կրթություն ունեցողների 13 տոկոսի:

Ցուցանիշները վկայում են մայրաքաղաքաբնակների, հատկապես՝ երևանաբնակ, բարձրագույն կրթություն և աշխատանք ունեցող կանանց՝ այս հարցի նկատմամբ պակաս ավանդական մոտեցման մասին։ Եթե հաշվի առնենք, որ նրանց որոշակի հատվածն աշխատանքին ու կարիերային առաջնային կարևորություն է տալիս՝ սահմանափակվելով մեկ կամ երկու երեխա ունենալով, ապա տոկոսային այս պատկերը տրամաբանական է, թեպետ ևս մեկ անգամ նշենք, որ հղիության արհեստական ընդհատումների նկատմամբ վերաբերմունքը, ոչ վաղ անցյալի համեմատ, դարձել է ավելի մերժողական, ինչը գնահատենք որպես դրական միտում։

Հետազոտության շրջանակներում մասնակիցներին առանձին հարց է ուղղվել նաև հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքի և աբորտների կարգավորման վերաբերյալ։ Հարցվածների 55 տոկոսը կողմ է օրենքի ընդունմանը, 32 տոկոսը՝ դեմ, 13 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Հիշեցնենք, որ պտղի սրտի զարկերն առաջին անգամ լսելի են հղիության 5-6 շաբաթական ժամանակահատվածում, երբ սիրտը ձևավորվում է և սկսում ակտիվորեն բաբախել։ Շատ երկրներում հանուն երեխայի կյանքի իրավունքի հասարակական շարժումները հենց այս ժամանակահատվածն են իրենց քարոզչության կարևոր կետը դարձնում։

Ինչևէ, վերադառնալով մյուս հարցին՝ աբորտների կարգավորումը Հայաստանի համար կարևոր և արդիական խնդիր է, թե ոչ, հարցվածների 73 տոկոսը պատասխանել է, որ այո, արդիական է, 16 տոկոսը խնդիրը համարել է ոչ արդիական, 11 տոկոսն էլ դժվարացել է պատասխանել։

Եթե երեխայի սրտի զարկը հայտնաբերելուց հետո հղիության արհեստական ընդհատումն արգելող օրենքի վերաբերյալ հարցը դիտարկենք ըստ ենթախմբերի, ապա նման օրենքի ընդունման դեմ արտահայտվածների 35 տոկոսը կանայք են, 28 տոկոսը՝ տղամարդիկ, ընդ որում՝ մարզային քաղաքների և գյուղերի բնակիչներն այս հարցում քանակապես չեն զիջել մայրաքաղաքին, նույնիսկ որոշակիորեն գերազանցել են։ Հայաստանում հղիության արհեստական ընդհատումների կարգավորման հարցի արդիականության վերաբերյալ պատասխանները ևս բաշխվել են կանանց ու տղամարդկանց կարծիքների՝ վիճակագրորեն զգալի տարբերությամբ․ կանանց 77 տոկոսը համարում է, որ սա արդիական ու կարևոր խնդիր է Հայաստանի համար, նույնը համարում է տղամարդկանց 69 տոկոսը։

Նկատենք, որ խնդիրը, բարձր տոկոսային հարաբերությամբ, արդիական են համարել թե՛ երևանաբնակները, թե՛ մարզաբնակները՝ երիտասարդ տարիքային խմբից մինչև միջին և ավագ տարիքային խմբեր, բարձրագույն կրթություն ունեցողներից մինչև չունեցողներ, աշխատանքով ապահովվածներից մինչև չապահովվածներ։

Այս ամփոփիչ տվյալը, թերևս, լավագույն ապացույցն է այն փաստի, որ հանրության բոլոր հասուն շերտերը, փոքր բացառությամբ, գիտակցում են խնդրի կարևորությունը, և նույնիսկ բնական տարակարծությունների համատեքստում չի ժխտվում այն իրողությունը, որ թե՛ օրենսդրական, թե՛ իրազեկման առումով՝ հանրությանը կողմնորոշող շատ անելիք կա տարբեր ոլորտների մասնագետների համար։

Անուշ ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031