«Այո, էսկալյացիաների վտանգը մշտապես շարունակում է լինել, քանի դեռ երկու երկրների միջեւ խաղաղության պայմանագիր չի կնքվել»,- կառավարության այսօրվա նիստից հետո լրագրողներին ասաց ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը։ Հարցին, թե եթե պայմանագիր կնքվի, դա երաշխիք տալո՞ւ է, որ պատերազմ չի լինի, Կոստանյանը պատասխանեց․ «Կարծում ենք, որ դա հավելյալ կերպով մեծացնելու է կայունության հնարավորությունները Հարավային Կովկասում»։
Վահան Կոստանյանն ասաց, որ Հայաստանի ինքնիշխան տարածքից Ադրբեջանը զավթել է 200 քկմ-ից մի քիչ ավելի տարածք։
Նիկոլ Փաշինյանը երեկ հայտարարել էր, թե Ադրբեջանը մշտապես նոր թեմաներ է առաջ քաշում եւ հակված չէ կնքել խաղաղության պայմանագիր։ Հարցին, թե ի՞նչ թեմաներ է առաջ քաշում Ադրբեջանը, Վահան Կոստանյանը պատասխանեց․ «Բոլորդ տեսնում եք այն հայտարարությունները, որոնք հնչում են Ադրբեջանի կողմից։ Մենք ըստ անհրաժեշտության դրանց պատասխանում ենք թե հանրային կերպով, թե այլ ձեւաչափերով։ Ես կարծում եմ, որ մենք մեր հանրային եթերը չպետք է օգտագործենք Ադրբեջանի այս կամ այն մտացածին թեզն առաջ տանելու համար»։
Անդրադառնալով հարցին, որ Ադրբեջանը առաջ է քաշում այսպես կոչված 300 հազար ադրբեջանցիների վերադարձի մասին թեզը, այդ մասին կետ կա՞ խաղաղության պայմանագրի նախագծում, Կոստանյանը պատասխանեց․ «Ոչ»։
Կարդացեք նաև
Ինչո՞ւ որեւէ կետ չկա այդ փաստաթղթում գերիների վերադարձի մասին, հարցին նա պատասխանեց․ «Դա քննարկվում է գործընթացի ընթացքում։ Այս պահին մենք չունենք ավարտական ստորագրված խաղաղության համաձայնագիր։ Տեսականորեն երբեք ոչինչ չի բացառվում»։
Ինչո՞ւ է իշխանությունը հանրությունից թաքցնում խաղաղության պայմանագրի նախագծի բովանդակությունը։ Այս հարցին անդրադառնալով՝ ԱԳ փոխնախարարն ասաց․ «Հանրությունից չի թաքցվում, երեկ էլ բավական պարզաբանումներ են հնչել։ Այս գործընթացը թափանցիկ է, մենք մշտապես տեղեկացնում ենք գործընթացների մասին, այս փաստաթղթի բովանդակության մասին մշտապես տեղեկացվում է թե վարչապետի, թե ԱԳ նախարարի կողմից։ Իսկ թե ինչու այն չի տրամադրվում ընդդիմությանը, վարչապետն արդեն բավարար կերպով իր դիրքորոշումը ներկայացրել է»։
«Այն կետերը, որոնք արդեն համաձայնեցված են, մենք կարծում ենք, որ դա առնվազն բավարար է երկու երկրների միջեւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու եւ մնացյալ հայցերի վերաբերյալ քննարկումներ շարունակելու համար»,- հավելեց Կոստանյանը։
ԱԳ փոխնախարարը նաեւ ասաց, որ սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգի հաստատման փուլում ՍԴ-ն տվել է մեկնաբանություններ, որոնք ցույց են տալիս, որ Բաքվի կողմից բարձրաձայնվող մտահոգությունները որեւէ աղերս չունեն իրականության հետ։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ