Լրահոս
Օրվա լրահոսը

Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը. Լիլիթ Գալստյան

Հոկտեմբեր 03,2024 12:50

Իռլանդիայի Հանրապետության մայրաքաղաք Դուբլինում աշխատանքն է սկսել Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ԵԱՀԿ ԽՎ) աշնանային նստաշրջանը:

Կառույցում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Լիլիթ Գալստյանը ելույթ է ունեցել նստաշրջանի ընթացքում՝ նշելով.

«Հարգելի՛ գործընկերներ,

Վերջին երեք տարիներին մշտապես օգտագործել եմ այս հարթակը` բարձրաձայնելու այն գոյութենական սպառնալիքի մասին, որին բախվում էր Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը: Շարունակ հարց եմ հնչեցրել՝ արդյո՞ք բավարար են մեր ջանքերը՝ կանխելու մեր շուրջը՝ Մերձավոր Արեւելքում, Արեւելյան Եվրոպայում կամ Հարավային Կովկասում ծավալվող աղետը: Արդյո՞ք մենք բավարարված ենք մեր կազմակերպության հեղինակությամբ:

Մեկ տարի առաջ ԵԱՀԿ անդամ երկրներից մեկի կողմից ցեղասպանական հանցագործություն է իրականացվել: Միջազգային դատարանի որոշումների բացահայտ ոտնահարումով իննամսյա դաժան շրջափակումից հետո Ադրբեջանը ռազմական ագրեսիա իրականացրեց Լեռնային Ղարաբաղի սովահար եւ հյուծված հայ բնակչության դեմ՝ ստիպելով ավելի քան 120.000 հայ ազգաբնակչությանը հեռանալ հազարամյակների հայրենի հողից:

Օրը ցերեկով Լեռնային Ղարաբաղի բնիկ ազգաբնակչությունն էթնիկական զտման ենթարկվեց: Շատ միջազգային կազմակերպություններ այն որակեցին որպես ցեղասպանություն՝ համաձայն Ցեղասպանության մասին կոնվենցիայի II-րդ հոդվածի: Ավելին, Հայաստանի 205 քառ. կմ տարածքը ներկայումս օկուպացված է ադրբեջանական ուժերի կողմից: Այս կազմակերպությունը լռում էր եւ շարունակում է լռել: Նավթն ու գազը, քաղաքական նպատակահարմարությունն ու հեգեմոնիկ սխեմաները ներկայիս քաղաքականության շարժիչ ուժերն են: Հելսինկյան եզրափակիչ ակտը վերածվել է անպետք մի թղթի, որի բոլոր սկզբունքներն անտեսված են:

Համատարած անպատժելիության մթնոլորտն Ադրբեջանի համար քարտ բլանշ է ծառայում ուժի կիրառմամբ նոր հանցագործություններ կատարելու համար:

Այսօր, խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը, Ադրբեջանը ոչ միայն հրաժարվում է վերադարձնել բոլոր հայ ռազմագերիներին, քաղաքացիական գերիներին, Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքական եւ ռազմական ղեկավարությանը, այլեւ նրանց նկատմամբ իրականացնում է կեղծ դատավարություններ:

Ադրբեջանը շարունակում է հայկական մշակութային եւ կրոնական ժառանգության համակարգված ոչնչացման միջոցով Լեռնային Ղարաբաղից վերացնել եւ ջնջել հայկական հետքը: Այս ցեղասպանական ակտը ներկայացվում է որպես «տարածքային ամբողջականության վերականգնում»:

Հարգելի՛ գործընկերներ, կոպիտ սխալ է ենթադրել, թե ղարաբաղյան հակամարտությունը կարելի է լուծել հայ բնակչության եւ ինքնության վերացման միջոցով: Իր հեղինակությանը հասցված հարվածը շտկելու համար ԵԱՀԿ-ն միջազգային անվտանգային գործով երաշխիքների ապահովմամբ, պետք է պահանջի Լեռնային Ղարաբաղի հայերի` վերադարձի իրավունքի լիարժեք ապահովումը: Վերադարձի իրավունքը մարդու հիմնարար իրավունքն է, որն ուղղակիորեն վերաբերում է Ադրբեջանի կողմից բռնի տեղահանված 150,000 հայերին: Ոչ ոք չի կարող նրանց զրկել այս հիմնարար իրավունքից:

ԱԺ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031