Դուք վստա՞հ եք, որ Ադրբեջանը խաղաղության պայմանագրի ստորագրումից հետո չի հարձակվի․ խորհրդարանական ճեպազրույցներում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արթուր Հովհաննիսյանին հարցրեց լրագրողը։
«Ոչ»,- արձագանքեց պատգամավորը՝ զայրացած եւ սկսեց նախատել հարցը տվող լրագրողին՝ ասելով՝ հարցեր եք տալիս, որոնց պատասխաններն այս փոփոխվող աշխարհում ոչ ոք չունի։
«Մենք անում ենք ամեն ինչ, որ ՀՀ սահմաններին լինի խաղաղություն եւ մեր ժողովուրդը ապրի ազատ եւ խաղաղ։ Էդ ի՞նչ հարց ա՝ կլինի՞ պատերազմ-չի լինի, մենք էստեղ գուշակություններով չենք զբաղվում, զբաղվում ենք քաղաքականությամբ»,- ասաց ՔՊ-ական պատգամավորը։
Ավելի ուշ, իշխող խմբակցության մյուս պատգամավորը՝ Ծովինար Վարդանյանը դասեր տվեց լրագրողներին՝ մեղադրելով ադրբեջանական նարատիվները տարածելու մեջ եւ խորհուրդ տվեց՝ նույն հաճախականությամբ Հայաստանի պետական քաղաքականության դրույթները տարածել, որպեսզի հանրությունն ավելի հանգիստ լինի։
Կարդացեք նաև
Երեկ ԱԳ նախարարը հայտարարել է, որ հնարավոր ռազմական գործողությունները չեն բացառվում․ ինչո՞ւ պիտի Բաքուն նման քայլի դիմի, արդյոք ճանապարհների ապաշրջափակման հարցն է պատճառը։ Նաեւ այսպիսի հարց հնչեց, որին Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց․ «Որեւէ մեկը չի հայտարարել՝ վտանգներ չկան, ռիսկերը վերացված են․ քանի դեռ Խաղաղության պայմանագիր չունենք, վտանգները միշտ էլ կան»։
Իսկ ի պատասխան ռեւանշիզմի բացառման եւ ադրբեջանցիների՝ Հայաստան վերադարձի՝ ադրբեջանական պահանջների մասին հարցերին, ինչի մասին նաեւ երեկ ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի նիստում խոսում էին ընդդիմադիրները, Արթուր Հովհաննիսյանը պատասխանեց, որ փախստականների վերադարձի մասին բանակցությունների տարբեր փուլերում տեղի են ունեցել, հիմա էլ տեղի են ունենում, ընդդիմությունն էլ խոսում է այդ մասին՝ այս պարագայում, Արցախից բռնի տեղահանված փախստականների՝ ինչ-որ տեղ վերադարձի մասին եւ նկատեց, որ որեւէ առաջարկ հակա-առաջարկ է բերում․ «Երբ որ ընդդիմությունն ասում է, որ Ադրբեջանի փախստականները պետք է վերադառնան ինչ-որ տեղ, պետք է մի հատ հասկանա, որ այդ նույն նարատիվն ինքը այստեղից է ասում եւ այդ նարատիվը ծնում է կոնտր-նարատիվ»։ Արթուր Հովհաննիսյանը նաեւ հավելում է՝ որ ընդդիմությունը սա շատ լավ հասկանում է եւ «շարունակում է առաջ բերել նարատիվներ, որոնք չեն բխում ՀՀ-ի շահերից»։
Նա երկրորդեց Նիկոլ Փաշինյանին՝ ասելով, որ Խաղաղության պայմանագրի դրույթները ամբողջությամբ, այս պահին հնարավոր չէ բարձրաձայնել։
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ