Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում վեհաժողովն ընդունեց բանաձև WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժի գործի վերաբերյալ։ Բանաձևով վեհաժողովն իր խորը մտահոգությունն է հայտնում Ջուլիան Ասանժի նկատմամբ ցուցաբերված «անհամաչափ կոշտ վերաբերմունքի» կապակցությամբ, որը կարող է վտանգավոր ազդեցություն ունենալ ամբողջ աշխարհում լրագրողների և խոսքի ազատության պաշտպանության հարցում։
Բանաձևով ամրագրվում է, որ Ջուլիան Ասանժի նկատմամբ վերաբերմունքը նրան թույլ է տալիս նրան որակել որպես «քաղբանտարկյալ»՝ համաձայն այն սահմանման, որը համաձայնեցվել էր 2012 թվականին՝ վկայակոչելով ԱՄՆ-ի կողմից նրա դեմ առաջադրված ծանր մեղադրանքները, որոնք նրան ենթարկում էին հնարավոր ցմահ բանտարկության՝ զուգորդված ԱՄՆ լրտեսության մասին օրենքի համաձայն նրա դատապարտման հետ։
Վեհաժողովը նաև ԱՄՆ-ին կոչ է արել հետաքննել Ասանժի և WikiLeaks-ի կողմից բացահայտված ենթադրյալ ռազմական հանցագործությունները և մարդու իրավունքների խախտումները։ Վեհաժողովը փաստաթղթով ամրագրել է․ «ԱՄՆ կառավարության կողմից այդ հանցագործությունների բացահայտման հարցում ձախողումը, Ասանժի և տիկին Մաննինգի նկատմամբ դաժան վերաբերմունքն ընկալում է ստեղծում, որ Ասանժին հետապնդելու՝ ԱՄՆ կառավարության նպատակը «պետական գործակալների սխալ գործողությունները թաքցնելն էր, քան ազգային անվտանգությունը պաշտպանելը»:
Վեհաժողովը կոչ արեց ԱՄՆ-ին՝ Եվրոպայի խորհրդի դիտորդ երկրին, «շտապ բարեփոխել» 1917 թվականի Լրտեսության մասին օրենքը՝ բացառելու դրա կիրառումը հրատարակիչների, լրագրողների նկատմամբ, որոնք գաղտնի տեղեկատվություն են հրապարակում՝ նպատակ ունենալով բարձրացնել հանրային իրազեկվածությունը հանցագործությունների մասին։
Կարդացեք նաև
Բանաձևում ամրագրված է․ «Մեծ Բրիտանիայի իշխանությունները չկարողացան արդյունավետորեն պաշտպանել Ասանժի խոսքի ազատությունը և ազատության իրավունքը՝ նրան ենթարկելով երկարատև կալանքի խիստ անվտանգության բանտում՝ չնայած նրա դեմ ամենածանր մեղադրանքների քաղաքական բնույթին: Նրա կալանքը զգալիորեն գերազանցել է արտահանձնման համար ընդունելի ողջամիտ ժամկետը»։
Ջուլիան Ասանժն իր կնոջ՝ Ստելլա Մաննինգի հետ մասնակցեց նաև իր գործով հանրային լսումներին, որը կազմակերպվել էր Վեհաժողովի Իրավական հարցերի և մարդու իրավունքների հանձնաժողովի կողմից։ Չորս ամիս առաջ Մեծ Բրիտանիայի բանտից ազատվելուց հետո իր առաջին հրապարակային ելույթում Ջուլիան Ասանժը խորհրդարանականների հետ հանդիպմանը հայտարարեց․ «Ես ուզում եմ լիովին անկեղծ լինել։ Ես այսօր ազատության մեջ եմ, ոչ թե նրա համար, որ համակարգն աշխատել է։ Ես այսօր ազատության մեջ եմ, քանի որ տարիներ շարունակ անազատության մեջ մնալուց հետո ես ինձ մեղավոր եմ ճանաչել լրագրության մեջ: Ես ինձ մեղավոր եմ ճանաչել աղբյուրից տեղեկատվություն փնտրելու մեջ և հանրությանն այդ տեղեկությունը տրամադրելու մեջ»։
Տաթև ՀԱՐՈՒԹՈՒՆՅԱՆ