Լրահոս
Օրվա լրահոսը

Դատարանը հաշտության համաձայնագիրը հաստատելու դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու

Հոկտեմբեր 03,2024 13:00

Առաջիկայում նախքան դատարան դիմելը հաշտարարությունը ՊԱՐՏԱԴԻՐ է լինելու ընտանեկան բնույթի մի շարք պահանջներով: Թեմայի շուրջ զրուցել ենք փաստաբան, արտոնագրված հաշտարար Հասմիկ Օհնիկյանի հետ:

-Հայտնի է, որ Հայաստանի Հանրապետությունը անցում է կատարում ընտանեկան վեճերով պարտադիր հաշտարարության: Ի՞նչ է այն իրենից ներկայացնում, եւ արդյո՞ք հաշտարարությունն ընդունված չէ համարել կամավոր գործընթաց:

-Հաշտարարությունը կամավորության սկզբունքով իրականացվող արտադատական գործընթաց է, ուր վիճող կողմերը արտոնագրված հաշտարարի մասնակցությամբ փորձում են գտնել վեճի լուծման իրենց համար նախընտրելի տարբերակը: Պարտադիրության պահանջը վերաբերում է ոչ թե վեճը բոլոր դեպքերում հաշտարարի մասնակցությամբ լուծելուն, այլ նախքան դատարան դիմելը վեճը հաշտությամբ լուծելու հնարավորությունը պարզելուն: Չի բացառվում, իհարկե, որ կողմերին այդպես էլ չհաջողվի գտնել վեճի լուծման երկկորղամնի ընդունելի տարբերակ, կամ կողմերից մեկն առհասարակ հրաժարվի հաշտարարության գործընթացին իր մասնակցությունից: Այդ դեպքում հաշտարարությունն ավարտվում է, իսկ շահագրգիռ կողմն իրավունք է ձեռք բերում վեճի լուծումը հանձնել դատարանին՝ հայցադիմումին կցելով հաշտարարության ավարտի վերաբերյալ հաշտարարի կազմած արձանագրությունը:

-Ընտանեկան բնույթի ո՞ր վեճերով է հաշտարարության գործընթացը համարվելու պարտադիր:

-Հաշտարարությունը պարտադիր է լինելու ամուսնալուծության, ալիմենտի բռնագանձման, ամուսինների ընդհանուր սեփականությունը համարվող գույքի բաժանման, երեխայի հետ շփման, դաստիարակությանն ու կրթությանը վերաբերող հարցերով ծնողական իրավունքների իրականացման, երեխայի հետ տեսակցության կարգ սահմանելու, ամուսնական պայմանագիրը փոփոխելու կամ լուծելու վերաբերյալ վեճերով։ «Հաշտարարության մասին» օրենքը սահմանում է առանձին հանգամանքներ, որոնց առկայության դեպքում շահագիգիռ անձը կարող է անմիջապես դիմել դատարան՝ շրջանցելով հաշտարարական գործընթացը: Այդպիսի հանգամանքներից է օրինակ, կողմերից մեկի նկատմամբ ընտանեկան բռնության փաստով դատական կարգով պաշտպանության որեւէ միջոց կիրառված լինելու հանգամանքը:

-Ի՞նչ առավելություններ ունի հաշտարարությունը:

-Հաշտարարությունն ընտանեկան գործերով վեճի լուծման քաղաքակիրթ եւ արդյունավետ եղանակներից է: Հաշտարարության գործընթացքում հատուկ մեթոդների կիրառմամբ արտանոգրված հաշտարարը, որը չունի գործի ելքով որեւէ շահագրգռվածություն, կողմերին օգնում է բացահայտել նրանցից յուրաքանչյուրի իրական կարիքները: Շատ հաճախ կողմերի պահանջների հիմքում լինում են քողարկված պահանջմունքներ, որոնք դատական գործընթացում այդպես էլ չեն բացահայտվում: Իրական պահանջմունքների բացահայտումը կողմերին ոչ միայն թույլ է տալիս արագ գտնել խնդրի լուծման ընդունելի տարբերակը, այլեւ օգնում է իրապես ընկալել խնդրի իրական հիմքը, վերանայել վեճի առարկայի շուրջ սեփական մոտեցումներն ու վարքագիծը: Կարեւոր է նաեւ ընդգծել այն փաստը, որ հաշտարարության գործընթացի ավարտին «հաղթողներ» կամ «պարտվողներ» չեն լինում, քանի որ հաշտարարության արդյունքում ձեռք բերված վեճի լուծման տարբերակը արտահայտում է կողմերի երկուստեք կամքը: Դատական գործընթացի ավարտին կայացված դատական ակտը, մինչդեռ, որպես կանոն բավարարում է կողմերից մեկի ակնկալիքները, ինչն էլ հանգեցնում է դատական ակտի՝ վերադասության կարգով բողոքարկումներին ու տարիներ տեւող դատական քաշքշուկներին: Քանի որ հաշտարարության ավարտին կնքված համաձայնությունն արտահայտում է կողմերի երկուստեք կամքը, բարձրանում է նաեւ հաշտության համաձայնագրում տեղ գտած դրույթներն ապագայում բարեխղճորեն եւ կամավոր կատարելվու հավանականությունը:

Բացի այդ, հաշտարարությունը վեճն արագ լուծելու արդյունավետ գործիքը է: Այն դեպքում, երբ հաշտարարությունն ավարտվում է հաշտության համաձայնության կնքմամբ, շահագրգիռ կողմն այն անմիջապես կարող է ներկայացնել դատարանի հաստատմանը: Հատկանշական է, որ Դատարանը հաշտության համաձայնագիրը հաստատելու դիմումը քննում է առանց դատական նիստ հրավիրելու եւ վճիռ է կայացնում դիմումն ստանալուց հետո՝ յոթնօրյա ժամկետում: Դատարանում ընդհանուր կանոններով վեճի քննությունը մինչդեռ, ենթադրում է տարիներ տեւող գործընթաց:

Թե գործնականում որքանով արդյունավետ կլինի հաշտարությունը եւ որքանով կծառայի քաղաքացիների շահերին, մեծապես կախված է նաեւ քաղաքացիների ընկալումներից: Կարեւոր է, որ քաղաքացիները հաշտարարության գործընթացը դիտարկեն ոչ թե դատարան դիմելու նախապայման, այլ վեճը քաղաքակիթ լուծելու արագ եւ արդյունավետ միջոց:

Հարցազրույցը Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ    
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031