Լրահոս
Օրվա լրահոսը

«Հակասող» եւ «համընկնող» հատուկ կարծիքներին սպասելիս

Հոկտեմբեր 03,2024 12:30

ՍԴՈ-1749 որոշումը 33 էջ է

Սահմանադրական դատարանի նիստը նախագահողը դեռ սեպտեմբերի 26 -ին տեղեկացրել էր, որ Սահմանադրական դատարանի դատավորներ Վահե Գրիգորյանը, Դավիթ Խաչատուրյանը ներկայացնելու են համընկնող հատուկ կարծիքներ, իսկ դատավոր Հրայր Թովմասյանը՝ հակասող հատուկ կարծիք: Պաշտոնական կայքում դրանց տեղ գտնելուն պես, կանդրադառնանք:

Իսկ որոշումը գրավոր ընթացակարգով քննված գործի շրջանակներում եղավ, երբ քննության դրվեց 2024 թվականի օգոստոսի 30-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման եւ սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովի ու Ադրբեջանի Հանրապետության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի համատեղ գործունեության մասին»կանոնակարգում ամրագրված պարտավորությունների՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցը որոշելու վերաբերյալ» գործը:

Կառավարության ներկայացուցիչն էր փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը:

ՍԴ որոշման մեջ կար այսպիսի ձեւակերպում. «Եթե հետագայում Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ խաղաղության հաստատման մասին համաձայնագրով կնախատեսվեն այլ կարգավորումներ, ապա տվյալ հիմնարար սկզբունքը կհամապատասխանեցվի վերը նշված համաձայնագրով սահմանված սկզբունքներին»…

Քանի որ ավելի շատ անդրադարձ եղավ Անկախության հռչակագրին, դրանից «հրաժարվելուն», ներկայացնեմ որոշման մեկ այլ «թեժ» հատված՝ «Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ իրավական կարգավորումների» մասին:

ՍԴ-ն արձանագրել էր. «Նկատի առնելով, որ Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը, իսկ Կանոնակարգին համապատասխան՝ Հանձնաժողովները կհիմնվեն վերոնշյալ հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք (եթե (…))՝ Սահմանադրական դատարանն ընդգծում է, որ սույն որոշման շրջանակում հիշյալ հռչակագրի «գոյություն ունեցող սահմանների» ձեւակերպման առնչությամբ Հայաստանի Հանրապետության տարածքի վերաբերյալ իրավակարգավորումներին անդրադառնում է որպես ընդհանուր սկզբունք:

Համաձայն Կանոնակարգի՝ Հանձնաժողովները կհիմնվեն Ալմա Աթայի 1991 թվականի հռչակագրի վրա՝ որպես Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության միջեւ պետական սահմանի սահմանազատման գործընթացի հիմնարար սկզբունք»:

ՍԴ-ն վերահաստատել է, որ 1991 թվականի դեկտեմբերի 21-ից ուժի մեջ մտած Ալմա Աթայի հռչակագրի համաձայն՝ անկախ պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը, ճանաչում եւ հարգում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու գոյություն ունեցող սահմանների անխախտելիությունը:

Ալմա Աթայի հռչակագրում հիշատակված է Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության՝ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծման մասին Համաձայնագրի նպատակներին ու սկզբունքներին հավատարիմ լինելու մասին: Նշված հռչակագրով անկախ պետությունները, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունը եւ Ադրբեջանի Հանրապետությունը, հայտարարել են, որ Անկախ Պետությունների Համագործակցության ստեղծմամբ, Խորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միությունը դադարեցնում է իր գոյությունը:

ՍԴ-ն հակասող չի ճանաչել հետեւյալը. «Միջպետական սահմանների՝ աշխարհագրական առումով ճշգրտման, տվյալ դեպքում՝ պետությունների միջեւ պետական սահմանի սահմանազատում իրականացնելու միջոցով, հարցերը գործադիր իշխանության իրավասության տիրույթում են՝ հաշվի առնելով, որ Սահմանադրության 205-րդ հոդվածին համապատասխան՝ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխությանը վերաբերող հարցերը լուծվում են հանրաքվեի միջոցով, որն անցկացնելու վերաբերյալ որոշումը Կառավարության առաջարկությամբ ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների մեծամասնությամբ: Սահմանադրության 169-րդ հոդվածի 2-րդ մասի առաջին նախադասության համաձայն՝ Սահմանադրության 168-րդ հոդվածի 2-րդ կետով սահմանված դեպքերում Սահմանադրական դատարան դիմում է Ազգային ժողովը` տարածքի փոփոխությանը վերաբերող հարցով»:

2001 թվականի նոյեմբերի 20-ին ընդունվել է «Պետական սահմանի մասին» ՀՕ-265 գործող օրենքը: Ըստ ՍԴ-ի. «Նշյալ օրենքի 1-ին հոդվածում բովանդակային նույնությամբ պահպանված է պետական սահմանի վերոնշյալ օրենսդրական բնորոշումը։ Նույն օրենքի 2-րդ հոդվածի համաձայն՝ պետական սահմանը տեղորոշելիս եւ փոփոխելիս, սահմանակից պետությունների հետ հարաբերությունները, ինչպես նաեւ սահմանամերձ շրջաններում եւ միջազգային հաղորդակցության ուղիներում իրավահարաբերությունները կարգավորելիս Հայաստանի Հանրապետությունն առաջնորդվում է Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության, Հայաստանի Հանրապետության անվտանգության եւ Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած միջազգային պարտավորությունների կատարման ապահովման, օտարերկրյա պետությունների հետ բազմակողմանի փոխշահավետ համագործակցության, սահմանային հարցերի խաղաղ լուծման սկզբունքներով»:

Ռուզան ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
02.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031