Լրահոս
Օրվա լրահոսը

Այն, ինչ Փաշինյանն ասաց օգոստոսի 23-ի ուղերձում, ՍԴ-ն փորձել է իրավական շղարշի միջոցով «հիմնավորել». Վարդան Պողոսյան. «Հրապարակ»

Հոկտեմբեր 03,2024 11:04
vardan poghosyan
«Հրապարակ»-ի զրուցակիցը սահմանադրագետ Վարդան Պողոսյանն է։

– Ասացիք, որ սահմանազատման կանոնակարգի մասին ՍԴ որոշմամբ իշխանությունն Ալիեւին ասաց, որ Արցախի «պատկանելությունն Ադրբեջանին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը»։ 

– Իրապես, ՍԴ որոշումն այն մասին է, որ Արցախը մեր համազգային նպատակների հետ առնչություն չունի եւ եթե Ադրբեջանի կազմում է, ապա դա լիովին համապատասխանում է ՀՀ Սահմանադրությանը։ Հիմնավորումը պարզունակ էր, եւ դրա նախասկիզբը դրվեց Փաշինյանի կողմից այս տարվա օգոստոսի 23-ի ուղերձում, որտեղ նա ասաց, թե մի բան է Սահմանադրությունը, մեկ այլ բան՝ Անկախության հռչակագիրը, որ դրանք նույնական չեն, թե, տեսեք` Հռչակագրում գրված է. ԶՈՒ-ները ԳԽ-ին են ենթակա, բայց Սահմանադրության մեջ այդպես չէ։ Այս պարզունակ մոտեցումը, որը մանիպուլյացիա է, ՍԴ-ն զարգացրեց, փորձեց հիմնավորել, թե քանի որ որեւէ համազգային նպատակ, այդ թվում՝ հայ ժողովրդի՝ բռնի ուժով բաժանված 2 հատվածների վերամիավորման նպատակը, որը կար 1989թ․ Հայկական ԽՍՀ-ի եւ ԼՂ վերամիավորման մասին փաստաթղթում, Սահմանադրության մեջ ուղղակիորեն գրված չէ, ուրեմն գոյություն չունի, հետեւաբար, Հռչակագրի միայն այն դրույթներն ունեն իրավական ուժ, որոնք արձանագրված են Սահմանադրության մեջ։

– Այսինքն՝ Փաշինյանն օգոստոսի 23-ի՞ն տվեց հրահանգը ՍԴ-ին եւ երբ խոսում էր «կարմիր լաթից» հրաժարվելու մասին։

– Իհարկե, ես դրանում համոզված եմ եւ կարծում եմ, որ ՍԴ այս որոշումը նախօրոք գծված մի ամբողջական սցենարի մաս էր, որին ավելանում է ՄԱԿ-ում Փաշինյանի ելույթը: Եթե համադրում ենք այս փաստերը, ամեն ինչ իր տեղն է ընկնում։ Այնուամենայնիվ, ի՞նչ է արել ՍԴ-ն Արցախի վերաբերյալ որոշման մեջ․ աղավաղել է ՀՀ Սահմանադրության նախաբանի իմաստը, նպատակը եւ տվել մի այնպիսի մեկնաբանություն, որը որեւէ հիմք չունի Սահմանադրությունում։ ՍԴ-ի մեկնաբանությունը հակասում է նաեւ նախաբանի ստեղծման պատմությանը։ Սահմանադրության 1995թ․ սկզբնական տեքստը մշակել է 1990 թ․ ԳԽ կողմից ստեղծված սահմանադրական հանձնաժողովը, որն արտացոլում էր ԳԽ ուժերի հարաբերակցությունը, որտեղ  կառավարող ՀՀՇ-ն մեծամասնություն էր։ Այդ ժամանակ 2 հստակ բեւեռ կար՝ իշխանական եւ ընդդիմադիր։ Իշխանականն ասում էր, որ ազգային խնդիրներն ընդհանրապես Սահմանադրության մեջ տեղ չպետք է ունենան, որ Հայ դատը, պահանջատիրությունը նորմատիվ դրույթ չեն, լրիվ հակառակն էր պնդում ընդդիմությունը։ 1994 թ․ հոկտեմբերի 8-ին այդ 2 բեւեռները կոմպրոմիսի եկան, որը փաստաթղթավորված է։ Սահմանադրական հանձնաժողովը, որն ընդլայնվել էր ի հաշիվ ընդդիմության ներկայացուցիչների, որոշեց, որ նախաբանում հղում է կատարվելու անկախության մասին հռչակագրին։ «Հայաստանի Հանրապետություն» օրաթերթում 1994 թ․ հոկտեմբերի 11-ին տպագրված պաշտոնական հաղորդագրությունն արձանագրեց, որ Սահմանադրական հանձնաժողովում ելույթ ունեցողների մեծամասնությունն աննպատակահարմար գտավ հարցի արտացոլումն առանձին հոդվածների տեսքով։ Քննարկման արդյունքում հանձնաժողովի անդամները, հանգելով սկզբունքային համաձայնության, որոշել են Սահմանադրության հիմք ընդունված նախագծի նախաբանը խմբագրել նոր խմբագրությամբ՝ Անկախության հռչակագրին հղումով։ Այսինքն՝ եթե նայում ենք այս պաշտոնական հաղորդագրությանը, ակնհայտ է դառնում, որ սահմանադիրը Հռչակագրին հղումը Սահմանադրության նախաբան էր մտցնում ոչ թե նրա համար, որ հետագայում այդ համազգային նպատակները զարգացներ Սահմանադրության մյուս հոդվածներում, այլ՝ հակառակը․ չէր ուզում Սահմանադրության որեւէ հոդվածում ազգային խնդիրներին անդրադարձ կատարել եւ հղում կատարելով Հռչակագրին, արձանագրում էր, որ այդտեղ համազգային նպատակների առումով ամեն ինչ արտացոլված է։ Դրա համար էլ ՀՀ Սահմանադրությունն սկսվում է այս տողով․ «Հայ ժողովուրդը, հիմք ընդունելով Հայաստանի անկախության մասին հռչակագրում հաստատագրված հայոց պետականության հիմնարար սկզբունքները եւ համազգային նպատակները․․․»։ «Հիմք ընդունելով»-ը նշանակում է, որ Սահմանադրության ելակետը սա է, եւ համազգային նպատակները Սահմանադրության մաս են կազմում։

Մարիաննա ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031