Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Երկիրը տնտեսական բարեփոխումների ու նորարարական մոտեցումների կարիք ունի. «Փաստ»

Հոկտեմբեր 03,2024 10:54

Ինչպես տեսնում ենք, արտաքին իրավիճակը մշտական փոփոխությունների մեջ է, ու Հայաստանի տնտեսությունը կախված է այդ փոփոխություններից։ Միևնույն ժամանակ, մեր տնտեսական միջավայրի համար արտաքին բարենպաստ պայմանները ևս սկսում են փոխվել։ Ու մինչ վերարտահանման մասնաբաժինը նվազում է, տնտեսության մյուս ճյուղերում առկա բարդ իրավիճակն ավելի տեսանելի է դառնում։ «Լույս» հիմնադրամի՝ վերջերս իրականացրած վերլուծությունում արձանագրվում է, որ տնտեսական ակտիվության աճի տեմպն աստիճանաբար դանդաղում է, քանի որ բարձր աճ ապահովող գործոնները գրեթե ամբողջությամբ չեզոքացել են։

Տնտեսական ակտիվության աստիճանական նվազեցումն իր արտացոլումն է գտնելու նաև ֆինանսական գլխավոր փաստաթղթում՝ տարեկան բյուջեում։ Եվ եթե կառավարության 2021-2026 թվականների գործունեության ծրագրում նշվում է տարեկան նվազագույնը 7 % աճի ցուցանիշ ապահովելու մասին, ապա 2025 թվականի բյուջեի նախագծում, որը վերջերս հաստատվեց կառավարության նիստում, կանխատեսվում է 5,6 տոկոս տնտեսական աճ։ Այսինքն, իշխանությունները ևս գիտակցում են, որ տնտեսական խնդիրների առաջ ենք կանգնելու, ու մի շարք ճյուղերում իսկապես մտահոգիչ իրավիճակ է։

Արդյունաբերության ոլորտում նկատվող աճը շարունակել է պայմանավորված լինել հիմնականում մշակող արդյունաբերության աճով ու աստիճանաբար դանդաղում է՝ հունիս-օգոստոս ամիսներին կազմելով միջինը 1,9 %: Շինարարության ոլորտում աճի տեմպը չնայած դեռևս բարձր մակարդակում է, սակայն աստիճանաբար դանդաղեցման միտումները խորանում են։ Արտահանման ցուցանիշները նույնպես մտահոգության առարկա են: Եթե հանում ենք ոսկերչական գործունեության հատվածը, ապա ընդհանուր արտահանման անկումն այս ոլորտում հունվար-հուլիսին կազմել է 12,1 %։ Ու բացի «հանքահումքային արտադրանք» և «բուսական ծագման արտադրանք» ապրանքախմբերից, մնացած ուղղություններով արտահանման ծավալները բացասական կամ գրեթե զրոյական կերպով են ազդել ընդհանուր արտահանման աճի տեմպերի վրա։ Եվ պարզ է, որ եթե տնտեսական ակտիվությունը նվազելու դաշտ է թևակոխում, ապա դրա արդյունքում նվազում են նաև բյուջեի եկամուտները։

Արդյունքում բյուջեի ծախսերը շարունակում են էականորեն բարձր մնալ եկամուտներից, ինչի հետևանքով բյուջեի պակասուրդն աճում է:

Հայաստանի տնտեսության մեջ նկատվող այսպիսի գործընթացները վկայում են, որ երկիրը տնտեսական բարեփոխումների ու նորարարական մոտեցումների կարիք ունի, այլապես արտաքին բարենպաստ պայմանների վերացման պարագայում տնտեսական աճի նվազումը ի վերջո մեզ կանգնեցնելու է անկման շեմին:

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031