Սկիզբը՝ այստեղ
Բրյուսել-Բաքու փոխհրաձգություն` Հայաստանի ինքնիշխան իրավունքի եւ պաշտպանական հարցերով
ԵՄ-Ադրբեջան դիվանագիտական փոխհրաձգության հերթական փուլի ականատեսը դարձանք: Առիթը Հայաստանն է, նրա պաշտպանական եւ անվտանգային հարցերը:
Առհասարակ, խիստ ուշագրավ է, թե ինչպես է Ադրբեջանը հետեւողականորեն անհաշտ պայքար մղում` Ալիեւի խոսքով «պարտված», «պատերազմում ջախջախված» Հայաստանի դեմ` բոլոր ճակատներում, միջազգային կառույցներից` մինչեւ առանձին երկրների հետ իր փոխհարաբերությունները կառուցելիս: Գոնե այս փաստը Հայաստանի իշխանությունների համար բավարար հիմք պետք է հանդիսանար, որպեսզի մտորեին եւ փորձեին հասկանալ, թե որքանո՞վ է անկեղծ ադրբեջանական իշխանությունը, երբ հայտարարում է, թե իբր Հայաստանի հետ «մոտ են խաղաղության հաստատմանը»:
Կարդացեք նաև
ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակ Պետեր Ստանոն օրերս անհիմն է գնահատել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ օրեր առաջ հնչեցրած քննադատությունները Հայաստանում տեղակայված ԵՄ առաքելության (EUMA) հասցեին եւ Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ։
Բրյուսելում «Արմենպրեսի»-ի թղթակցի հարցմանն ի պատասխան՝ ԵՄ խոսնակը ափսոսանք է հայտնել Ալիեւի հնչեցրած քննադատությունների առիթով ու նշել, որ առաքելությունն անզեն ու քաղաքացիական է, որը տեղակայված է տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ուղղված ԵՄ ջանքերին աջակցելու նպատակով։ «Առաքելությունը կյանքի է կոչվել Հայաստանի իշխանությունների դիմումի համաձայն, եւ այն գործում է միայն միջազգայնորեն ճանաչված երկկողմ սահմանի հայկական կողմում։ Դա անկողմնակալ առաքելություն է՝ հստակ սահմանված մանդատով», – ասել է Ստանոն՝ հավելելով, որ մեկնարկից ի վեր առաքելությունն ապացուցել է իր կարեւորությունը՝ նպաստելով ԵՄ աջակցությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը միտված ջանքերին նպաստող միջավայրի ապահովմանը։
Խոսնակի կարծիքով, առաքելությունը զգալի կայունացնող ազդեցություն ունի, այդ թվում՝ տեղի բնակչության համար։ Ստանոն նշել է, որ առաքելության տեղակայումից ի վեր՝ ադրբեջանական իշխանությունները կանոնավոր կերպով տեղեկացված են եղել առաքելության մասին, եւ որ ԵՄ-ն կշարունակի սերտորեն աշխատել երկու կողմերի հետ՝ կայուն խաղաղության հասնելու համար:
Անդրադառնալով Հայաստանի «ռազմականացման» վերաբերյալ Ալիեւի խոսքերին՝ ԵՄ խոսնակը պատասխանել է, որ իրենք տեղյակ չեն Հայաստանի ենթադրյալ ռազմականացման մասին եւ հիշեցրել Հայաստանի ինքնիշխան երկիր լինելու մասին։ «Հայաստանի ինքնիշխան իրավունքն է՝ աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա եւ ընտրել իր գործընկերներին, այդ թվում՝ անվտանգության եւ պաշտպանության ոլորտներում։ Նմանապես, մենք չենք համարում, որ Ադրբեջանի ինտենսիվ ռազմական համագործակցությունն իր գործընկերների հետ կազդի խաղաղ գործընթացի վրա, քանի դեռ կա քաղաքական կամք՝ շարունակելու հարաբերությունների նորմալացումը եւ կայուն խաղաղության հասնելը», – ասել է Պետեր Ստանոն եւ կրկին ընդգծել, որ ԵՄ-ի 2024թ. հուլիսին Եվրոպական խաղաղության հիմնադրամի շրջանակներում Հայաստանին հատկացված 10 միլիոն եվրոն, որի նպատակն է բարելավել քաղաքացիական անձանց պաշտպանությունը ճգնաժամերի եւ արտակարգ իրավիճակներում՝ ապահովելով լիարժեք տեղակայվող վրանային ճամբար:
Այն երկրի զինված ուժերի նյութատեխնիկական կարողությունների հզորացման համար է։ «Այն չի ներառում զենքի տրամադրում, ինչպես երբեմն սխալ ներկայացնում են որոշ լրատվամիջոցներ կամ դերակատարներ: Առաջարկվող սարքավորումը ոչ մահաբեր է եւ ոչ հարձակողական»,- նշել է ԵՄ արտաքին հարաբերությունների հարցերով գլխավոր խոսնակը՝ հավելելով, որ ԵՄ-ն պահպանում է սերտ երկկողմ հարաբերություններ եւ փոխշահավետ համագործակցություն՝ ինչպես ՀՀ, այնպես էլ Ադրբեջանի հետ եւ անկողմնակալ է մնում կարգավորման ընթացիկ գործընթացում։
Ստանոն ադրբեջանական իշխանություններին հիշեցրել է, որ ԵՄ-ն նաեւ մեծացրել է իր աջակցությունն՝ ուղղված Ադրբեջանի անվտանգությանն ու դիմադրողականությանը: «ԵՄ-ն եւ նրա անդամ երկրները Ադրբեջանում ականազերծման ոլորտում առաջին միջազգային դոնորն են՝ 2020-ից ի վեր տրամադրելով մոտ 13 միլիոն եվրո: Վերջերս Եվրահանձնաժողովը հայտարարեց 2024-2025թթ. համար 10 միլիոն եվրոյի լրացուցիչ փաթեթի մասին: ԵՄ-ն լիովին հավատարիմ է մնում Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկարատեւ խաղաղության հաստատմանն ուղղված բոլոր ջանքերին աջակցելուն», – նշել է ԵՄ խոսնակը։
Պաշտոնական Բաքուն կոշտ քննադատություն է հնչեցրել պաշտոնական Բրյուսելի հասցեին, Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի եւ Հայաստանի կողմից զենք գնելու փորձերի մասին Եվրամիության պաշտոնյայի հայտարարությունները որակել են` «կողմնակալ», «անհիմն», «անընդունելի»։
«Հայաստանում ԵՄ առաքելության մանդատի եւ Հայաստանի ռազմականացման մասին «Արմենպրես»-ի հարցին ի պատասխան Եվրամիության արտաքին քաղաքականության եւ անվտանգության խոսնակ Պիտեր Ստանոյի արտահայտած կարծիքները միանգամայն անհիմն են եւ անընդունելի: Վճռականորեն մերժում ենք ԵՄ պաշտոնյայի կողմից Ադրբեջանի նախագահի հայացքների սխալ եւ բացահայտ կողմնակալ մեկնաբանությունը»,-նշել է Ադրբեջանի ԱԳՆ-ի խոսնակ Այխան Հաջիզադեն։ «Պնդումները, թե Ադրբեջանի համաձայնությամբ ստեղծված եւ առանց որեւէ հիմնավորման ընդլայնված առաքելությունը, իբր, դեր է խաղում տարածաշրջանում խաղաղությանն աջակցելու եւ Ադրբեջանի ու Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում, ցույց են տալիս, թե ինչպես են չարաշահում այդ առաքելությունը», – նկատել է Հաջիզադեն։
Ադրբեջանի ԱԳՆ-ի ներկայացուցիչը կրկին պնդել է՝ Հայաստանում տեղակայված ԵՄ-ի առաքելությունն «օգտագործվում է որպես հակաադրբեջանական քարոզչության գործիք», «չի կարող որեւէ դեր խաղալ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների կարգավորման գործընթացում»։
Իր հերթին Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւն իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթի հետ զրույցում Հայաստանին զինելու, տարածաշրջանում խաղաղությունը սասանելու հարցում Ֆրանսիային մեղադրելուց բացի նաեւ Հայաստանում տեղակայված ԵՄ դիտորդական առաքելությունն է խնդրահարույց համարել։
Այսինքն, բանը հասել է նրան, որ Բաքուն անհաշտ պայքար է մղում ոչ միայն Լեռնային Ղարաբաղի խնդրով տասնամյակներ շարունակ գործունեություն ծավալած ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ, այլեւ` ՀՀ ինքնիշխան տարածքում քաղաքացիական առաքելություն իրականացնող կառույցն են մատնացույց անում` որպես Ադրբեջանի համար ոչ դուրեկան փաստ: Ու ոչ միայն մատնացույց են անում, այլեւ` հստակ գործունեություն ծավալում ընդդեմ այդ ձեւաչափի, իհարկե, ունենալով աջակիցներ, որոնցից է` Ռուսաստանը, որը կոնկրետ այս կառույցի վերաբերյալ քննադատություն հնչեցնելիս գործածում է նույն բառապաշարը, ինչ` ադրբեջանական իշխանությունները:
Բրյուսելից իհարկե հակադարձում են, որ Հայաստանի ինքնիշխան իրավունքն է աշխատել իր պաշտպանական ունակությունների վրա եւ ընտրել գործընկերներին, սակայն, որքանո՞վ է Հայաստանի իշխանությունը գնահատում այն հնարավորությունները, որոնք ընձեռված են մեր պետությանը` որպեսզի ամրապնդի դիրքերն ու առաջնորդվի հայկական պետության շահերով:
Հիմա Ռուսաստանից ակնարկում են, որ ակնկալում են Փաշինյան-Ալիեւի բանակցություններ` ռուսական հովանու ներքո: Վաշինգտոնի հովանու ներքո հերթական բանակցությունները, բնականաբար, չեն գոհացնում Մոսկվային:
Ռուսաստանում BRICS-ի կամ ԱՊՀ միջոցառումների ժամանակ Հայաստանի վարչապետի եւ Ադրբեջանի նախագահի հանդիպման հնարավորության որոշումը մնում է իրենց որոշելիքը, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ Ռուսաստանն իր հերթին պատրաստ է կատարել իր պարտավորությունները, հավելել է նա։ «Ինչպես ասում են՝ “It’s up to them”»,- ասել է Լավրովը՝ պատասխանելով Ռուսաստանի առաջիկա իրադարձությունների շրջանակում երկու առաջնորդների հանդիպման հնարավորության մասին հարցին։
Մոսկվայում Պուտինի մասնակցությամբ վերջին եռակողմ հանդիպումը 2023-ի մայիսին էր։ ՌԴ նախագահը վերջերս մի առիթով արեւմուտքին փորձեց հասկացնել տալ, որ դեռեւս իրավիճակի տերն է: Պուտինն օգոստոսի 18-ին Բաքվում էր։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ հանդիպման ժամանակ Ռուսաստանի նախագահն ասել էր, որ Մոսկվան ուրախ կլիներ, եթե կարողանար ինչ-որ բան անել խաղաղության համաձայնագրի ստորագրման համար։ Պուտինն այդ օրը նաեւ տեղեկացրել էր, որ պատրաստվում է Բաքվի բանակցությունների արդյունքների մասին պատմել նաեւ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
Օգոստոսի 23-ին արդեն Փաշինյանը հեռախոսազրույց էր ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ եւ վերջինս Փաշինյանին տեղեկացրել էր նախորդող շաբաթ Ադրբեջան կատարած իր այցի տպավորությունների մասին։ Ռուսական կողմն, իր հերթին, հայտնել էր, որ Հայաստանի ու Ռուսաստանի ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հարցեր, այդ թվում՝ հաշվի առնելով Բաքվում Ալիեւի հետ Պուտինի բանակցությունները։ ՌԴ նախագահը վերահաստատել էր Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության պայմանագրի մշակման, սահմանների սահմանագծման եւ սահմանազատման գործընթացի խթանման, ինչպես նաեւ տրանսպորտային եւ լոգիստիկ կապերի ապաշրջափակման գործում Մոսկվայի աջակցության պատրաստակամությունը։
Հիմա պարզ չէ` Հայաստանը ո՞ւմ աջակցությունն է ակնկալում. Արեւմուտքի՞, Ռուսաստանի՞, թե՞ կողմնակից է առավելապես Ադրբեջանի հետ երկկողմ բանակցություններով պայմանավորվածություններին` առանց միջնորդների:
Իսկ գուցե Թուրքիայի՞…
Անցյալ շաբաթ, հիշեցնենք, Նյու Յորքում, լրագրողների հետ ճեպազրույցում, Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարեց, թե Թուրքիան աջակցում է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղ համաձայնագրի ստորագրմանն ու բարիդրացիական հարաբերությունների հաստատմանն, այնուհետեւ անկեղծացավ. «Երբ նայում ենք պարոն Փաշինյանի մոտեցումներին, նա բացասական չի տրամադրված» ու հավելեց, թե Երեւանն ակնկալում է Անկարայի աջակցությունը՝ խաղաղության պայմանագրին հնարավորինս արագ հասնելու հարցում։ «Մենք ջանքեր ենք գործադրում այդ ուղղությամբ»,- վստահեցրեց Էրդողանը։
Թուրքիայի նախագահը հույս էր հայտնել, որ Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ բոլոր հարցերը աստիճանաբար կլուծվեն, առկա խնդիրները կհաղթահարվեն՝ շեշտելով՝ երկու կողմերն էլ իրականում խաղաղության կողմնակից են։ «Ադրբեջանը նման սպասումներ ու ձգտումներ ունի։ Նման սպասումներ կան նաեւ Հայաստանում։ Մենք կարծում ենք, որ խաղաղության եւ հանգստության մթնոլորտը լավագույնը կլինի բոլորի համար։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղությունը նոր հնարավորությունների դուռ կբացի երկու երկրների համար։ Թուրքիայի եւ Հայաստանի հարաբերությունների կարգավորման գործընթացը նույնպես դրական ազդեցություն կունենա խաղաղ գործընթացի վրա»,- ընդգծել էր Էրդողանը։
Հայաստանի իշխանություններն, ինչպես ասում են` «ծանր ընտրության» առջեւ են կանգնած:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 02.10.2024