Ադրբեջանի կողմից գերեվարված և Բաքվում պատանդի կարգավիճակում պահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը հերթական շինծու մեղադրանքն է առաջադրվել։ Այս մասին հայտնել է Ադրբեջանի գլխավոր դատախազ Քյամրան Ալիևը: Նրանց Ադրբեջանի իշխանությունը «պատմամշակութային հուշարձանների ոչնչացման» մեղադրանք է ներկայացրել։
Արցախի Հանրապետության Մեսրոպ Մաշտոց համալսարանի Կովկասագիտության կենտրոնի ղեկավար, պատմաբան Հովիկ Ավանեսովի համար այս ամենն ուղղակի զավեշտալի է, քանի որ ամբողջ աշխարհի աչքի առաջ է այսօր Արցախում Ադրբեջանը ոչնչացնում դարերի հայկական մշակույթը՝ դրանք ձևախեղելով ու ներկայացնելով՝ որպես ադրբեջանական։
Նա շեշտում է՝ այս մեղադրանքը, ինչպես նաև մյուս մեղադրանքները, ամբողջությամբ անհեթեթություն են։
Հովիկ Ավանեսովը նաև հիշեցրեց, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմից և 2023 թվականի սեպտեմբերին արցախահայերի ցեղասպանության ու բռնի տեղահանությունից հետո, ամենօրյա պարբերականությամբ Արցախում արձանագրվում են վանդալիզմի դեպքեր՝ ոչնչացվում են ոչ միայն հուշարձանները, այլև ամբողջական բնակավայրեր։
Կարդացեք նաև
«Այս ամենի մասին այսօր խոսում են միայն հայ փորձագետները և ակադեմիական շրջանակները, նաև Առաքելական եկեղեցին, իսկ պետական մակարդակով ոչինչ չի արվում՝ քար լռություն է։
Մինչդեռ այսօր պետական մակարդակով պետք է բարձրաձայնվեր, որ Արցախում ոչնչացվում է ամեն հայկականը, և սա թուրք-ադրբեջանական տանդեմի ձեռագիրն է։ Նման փաստեր ունենալով, թույլ տալ, որ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ նոր անհեթեթ մեղադրանք առաջադրվի՝ ուղղակի աբսուրդ է, սա բարոյական չէ։ Հայաստանի պետական դիվանագիտության օրակարգում առաջիններից մեկն այս հարցը պետք է լիներ՝ մեր գերիներին հայրենիք վերադարձնելու պահանջի հետ միասին։ Բայց ո՛չ, մենք ունենք հակառակ իրականությունը՝ պետական մակարդակով այս ոչ իրական խաղաղության քարոզն առաջ տանելով, հետին պլան են մղվում կարևոր ու առաջնային հարցերը։ Ադրբեջանի դեմ չեն կիրառվում հակազդման մեխանիզմներ։
Եթե նախկինում պետական մակարդակով նման դեպքերի ահազանգեր լինում էին, համարժեք գործողությունների էինք ականատես լինում։ ՀՀ իշխանություն կոչվածներին ոչ միայն չեն հետաքրքրում Ադրբեջանում պահվող մեր գերիները, այլև Արցախում տեղի ունեցող ցանկացած վանդալիզմի դեպք»,- եզրափակեց Հովիկ Ավանեսովը։
Զվարթ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «168 ժամ» շաբաթաթերթի այս համարում