«Դուք ո՞ւմ կողմից եք՝ Իրանի՞, թե՞ Իսրայելի»: «Դուք ո՞ւմ եք «բալետ անում»՝ Թրամփի՞ն, թե Հարիսին»: Նման հարցեր ինձ հաճախ են տալիս: Ավելին՝ ոչ հազվադեպ դրդում են, պահանջում են, որ ես միանշանակ պատասխան տամ: Դա նորմալ է, երբ մարդիկ ունեն իրենց համակրանքներն ու հակակրանքները: Ցավալին այն է, որ աշխարհում հատկապես վերջին տասնամյակում տեղի ունեցող գործընթացները գնալով ավելի ու ավելի պրիմիտիվ են դարձնում մարդկանց դատողությունները, լեզուն, հասկացությունների համակարգը, ի վերջո՝ մտածողությունը: Դրանք հանգում են երկնիշ համակարգի՝ կամ «0» կամ «1»:
Այդ «0»-ներն ու «1»-երն արտահայտվում են բազմաթիվ պառակտումներում եւ հաճախ՝ սիմետրիկ դրսեւորումներով: Օրինակ, Ռուսաստանում պաշտոնական քարոզչությունն ասում է, որ կան «հայրենասիրական ուժեր», որոնք ձգտում են վերականգնել երկրի երբեմնի փառքը, եւ Արեւմուտքի «5-րդ շարասյուն», որը ցանկանում է քանդել երկիրը: Իսկ Հայաստանում պաշտոնական քարոզչությունը (որի խոսնակներն «արեւմտամետներն» են) ասում է, որ կան մեր երկրի ինքնիշխանության կողմնակիցներ եւ կա ռուսական «5-րդ շարասյուն», որի նպատակն է Փաշինյանի դեմ հեղաշրջում անելը:
Կամ՝ եթե զուտ ներքին «բանավեճը» վերցնենք՝ կեսն ասում է, որ փրկությունը գալու է Արեւմուտքից («հեսա 50 հազար ստորագրություն հավաքենք, եւ ԵՄ անդամ կդառնանք»), իսկ վտանգը՝ Ռուսաստանից: Մյուս կեսն ասում է, որ փրկությունը գալու է Ռուսաստանից, իսկ Արեւմուտքից (որի ներկայացուցիչը Թուրքիան է)՝ միայն վտանգ է սպառնում: Ընդ որում, մտածողության այդ երկնիշ համակարգով են ապրում ոչ միայն քաղաքական, հասարակական գործիչները, այլեւ շարքային քաղաքացիները, որոնք որեւէ հասարակական ակտիվություն չեն դրսեւորում:
Դե, հիմա փորձենք այդ՝ պրիմիտիվ մտածողություն կրողներին համոզել, որ աշխարհը շատ ավելի բարդ է, որ կան բազմաթիվ երանգներ, փաստեր, որոնք դուրս են այդ սխեմաներից, պատասխանը շատ կանխատեսելի է՝ «դու ասում ես, որ ոչ X ես, ոչ Y, բայց իրականում կա՛մ թաքնված X ես, կա՛մ թաքնված Y ես»: Խնդիրը հենց այն է, որ այդ համակարգից դուրս որեւէ այլ բան մարդկանց երեւակայությունը չի պատկերացնում:
Կարդացեք նաև
Առաջարկս, ինչպես միշտ, «իդեալիստական է» եւ «կյանքից կտրված»: Նրանք, ովքեր ունեն որոշակի գիտելիքներ, ովքեր իրենց անվանում են «քաղաքագետ», «վերլուծաբան», «լրագրող», «մտավորական» եւ այլն, ջանքեր գործադրեն մարդկանց բացատրելու աշխարհի ողջ հարստությունը, բարդությունը, բազմազանությունը: Միանգամից ասեմ, որ դրանք անհույս ջանքեր են: Բայց, ինչպես ասում էր հայտնի ֆիլմի հերոսը՝ «at least I tried»:
Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
Ամեն ինչ չէ, որ բարդ բացատրություն ունի, հետևաբար ամեն ինչի մեջ բարդ բացատրություն գտնելը նույնպես լավ չէ։
Ճիշդ է որ կեանքի մէջ վերջնականապէս ստոյգ բան չկայ, որ աշխարհը՝ սեւ-ճերմակ չէ: Եւ պէտք է ուրեմն խուսափիլ շատ կտրական դիրքորոշումներէ, շատ վճռական կողմորոշումներէ: Մանաւանդ երբ որ շատ ու բազմատեսակ են մեզ դէպի այս կամ այն կողմ մղել ուզող արտաքին ազդեցութիւնները – թէեւ դրանց նկատմամբ դիմադրութիւնն ալ կրնայ տանիլ տեւական անորոշութեան, խարխափումների, ու նաեւ՝ «հակասութեան ոգի»ի չափազանցեալ տարբերակի մը:
Սակայն ամէն դէպքում, «արարքի մարդ»ը, շօշափելի գործ կատարել ուզող անձը, ստիպուած է՝ ինքն իր մէջ հաստատումներ կատարելու: Եւ չվարանելու զանոնք արտայայտելէ:
Թէկուզ ժամանակի ընթացքին, եւ մանաւանդ նոր տուեալներու հիման վրայ, այն ինչ որ՝ ստոյգ էր իրեն համար, կ’ենթարկուի գինէ լուրջ հարցականների: Նոյնիսկ կրնայ նա մտածել ուղղակի հակառակ ուղղութեամբ… Բայց մինչ այդ, կը գործէ՛: Չի բաւարարուիր մնալով միայն դիտորդ, տեսաբան, մտածող, այլ՝ կ’աշխատի: Կը փորձէ՛, ինչպէս որ կ’եզրափակէ վերեւի խմբագրականը …
Կեանքի տեւողութեան, երկու էական այլընտրանքներ կան:Կամ՝ յետագային պիտի զղջանք մեր ըսածներին, գրածներին եւ կատարածներին համար, կամ էլ՝ երբեք որեւէ բան պիտի չասենք, չանենք, չգրենք:
Չնայած, բան չանելն ալ, կարող է դառնալ յետագայ զղջումի պատճառ…
Ուրեմն գոնէ ափսոսանք որ մի բան ըրինք, քան թէ զղջանք որ որեւէ բան ըրինք:
Մ. Հայդուկ Շամլեան
Բացի իշխանությունից ուրիշ ոչ մի այլ քաղաքական ուժ չկա՞, ով սուբյեկտ է եւ քաղաքական ազդեցություն կարող է ունենալ կառավարության վրա: Առանձին առանձին մեր նորմալ քաղաքական ուժերը ոչինչ չեն կարող անել, բայց միասնական՝ շատ բան եւ ժողովրդին էլ միասնության օրինակ կծառայեն: Հրաչյա Արզումանյան, Անդրեաս Ղուկասյան, դրսից՝ Տիգրան Ավագյան ու էլի լիքը հոյակապ մասնագետներ ունենք եւ ներսում եւ դրսում, եկեք կոնսենսուսի եւ ներկայացրեք ժողովրդին ձեր միաձայն կարծիքը:
Ա.
Ես անվանվում եմ ‘մտավորական’:
XIV դարից շրջանառության մեջ է Վիլլիամ Օկհամի (William of Ockham) այս թեզը. ‘Entia non sunt multiplicanda praeter necessitatem’, որը կհնչի. ‘Հասարակ բացատրությունը, սովորաբար լավագույնն է:’ Որտե՞ղ է գեներացվում հասարակ բացատրությունը: Այն կամ հանճարեղ անհատի, կամ մեծաթիվ զանգվածի կոլեկտիվ միտք է:
Այդ թեզը կոչվում է նաև “Օքհամի ածելի” (ռուս.՝ «бритва Оккама» )։ Դա շատ օգտակար սկզբունք է, սակայն ոմանք մտավախություն ունեն, որ դրանով կարելի է «կտրվել»
Բ.
Բացատրեմ. Որպես ելակետ ընդունենք, որ զանգվածը ունի կոլեկտիվ միտք (կարող եք մտածել բնազդից բխող հետո տրանսֆորմացվող որոշում կայացնելու ձիրք), որը է ձևավորվում ի հաշիվ իրենց մեծ թիվ կազմելու մեխանիզի: Ֆիզիկայում նույն մեխանիզմով բացատրվում է ջերմաստիճան ասած բանը (Ludwig Boltzman, Kinetic Theory): Ձերմաստիճանը ներքին, միջին կինետիկ էներգիայի արժեքն է (հասարակ ձևով ասած): Այնպես որ զանգվածի ‘ջերմաստիճանից’ տեղյակ լինելը չափազանց կարևոր տեղեկություն է: Հայտնի է որ Ա. Մերկելի հաջողությունը նրանում էր, որ նա ուներ ինտուիտիվ գրանցում թե գերմանացիները ինչքան կարող են դիմանալ, հանդուրժել, գլուխ բերել… Սրանք են կարևոր չափանիշները (նշաձողերը, հա-հա…) երբ որոշում է կայացվում ‘ուղեղի’ կողմից:
Գ.
Մեր ողբերգությունը նրանում է (հիմա ուշադրություն) որ առաջնորդը ոչ միայն խաբեբա է (ժողովուրդը հանդուրժեց դա, գերմանացին չէր հանդուրժի…) այլ նաև կոմլեքսավորված արարած. օրինակնե՞ր. ’ժողովուրդը ուզում է այն ինչ ես ասմում էի’ – ՄԱԿ-ի ամբիոնից, ‘նշաձողերի իջեցում’ որպես հրահան© այլ ոչ թե բնականորեն տեղի ունեցող գործընթաց…:
Վերադառնամ Վ.Օկհամի թեզին կասեմ հետևյալը. ‘Ազատվել է պետք այս վարչապետ կոչեցյալ արարածից’ գործը գլուխ բերելու պահանջը պիտի լինի զանգվածի պահանջ: Միայն այդ կերպ կբացահայտվի աշխարհի ողջ հարստությունը, բազմազանությունը… Սա նույնպես միտք է ինքստ ինքյան: Այո, բան անելու ժամանակ է երբ աշխարհը ներկայանում է, դրսևորում, բացայտում է իրեն: Հենց այս հաջորդականությամ. գործ հետո հրաշք: