Ազգային հպարտության տրիբունալն ու նրա կայացրած որոշումն արդեն իրականություն են, բայց դեռևս բազմաթիվ հարցեր են մնացել, որոնց պատասխանները չկան։
«Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանի նախաձեռնությունը, ինչ խոսք, ողջունելի է, բայց ՀՀ շարքային քաղաքացու համար անհասկանալի։ Ի վերջո, ի՞նչ է ցանկանում Արշակ Կարապետյանն իր նախաձեռնությամբ։ Ի՞նչի մասին է խոսում հոկտեմբերի 2-ին Երևանի փողոցներում Արշակ Կարապետյանի «Համահայկական ճակատի» փողոցային ակցիաները և վարչական շենքերի արգելափակումը.
Ըստ տարածված հաղորդագրության, տրիբունալը, որ կոչված էր բարոյական ու իրավական գնահատական տալու՝ կառավարության և անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գործողություններին, քննելով ՀՀ քաղաքացիների դիմումները, մանրակրկիտ զննելով բերված բոլոր փաստարկները, հայտնաբերված փաստերի հիման վրա համակողմանի վերլուծելով Հայաստանի ղեկավարության գործունեությունը՝ իշխանությանը գալուց ի վեր, արձանագրել էր, որ Նիկոլ Փաշինյանը բռնել է հայ ժողովրդին և մեր պատմական հայրենիքը դավաճանելու ուղին։ Համաձայնության գալով Հայաստանի թշնամիների հետ՝ մեղադրյալը ինքնակամ հանձնել է Արցախը, արցախցիներին զրկել տնից ու ընտանեկան օջախից, դատապարտել տառապանքի ու թափառման։ Վերջին անգամ նման իրադարձություններ տեղի են ունեցել Օսմանյան կայսրությունում հայ ժողովրդի ցեղասպանության ժամանակ։
Կարծես թե, նորություն չէր։ Հայաստանում բոլորը գիտեն այս փաստերը։
Կարդացեք նաև
Ազգային հպարտության տրիբունալի որոշման մեջ միակ փաստարկված կետը Սահմանադրության տարբեր հոդվածներ խախտելու մասին է։ Հանուն արդարության, իրավական տեքստի վրա մասնագետներ են աշխատել, որոնք իրավական առումով անթերի են գործել։ Խնդիրները քաղաքական ու բարոյական դաշտում են։
Տրիբունալն առաջարկում է հայտնել Նիկոլ Փաշինյանին համաժողովրդական անվստահություն ու արհամարհանք, զրկել նրան հայ համարվելու իրավունքից, զրկել նրան համայն հայության անունից խոսելու բարոյական իրավունքից, զրկել նրան քաղաքական լեգիտիմությունից և Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, կոչ անել վարչապետին կամավոր կերպով հրաժարական տալ, ապաշխարել հայ ժողովրդի առջև ու հեռանալ, կոչ անել բոլորին, ովքեր իրենց համարում են Հայաստանի քաղաքացի և հայրենասեր, հանրային և այլ միջոցառումների, ինչպես նաև Փաշինյանի հետ անձնական հանդիպման ժամանակ դրսևորել իրենց դիրքորոշումը՝ երես թեքելով նրանից։
Տեխնիկապես և գործնական առումով այս առաջարկների մի մասը բացարձակ անիրականանալի է, նաև իրավական որևէ ընթացակարգի հետ կապ չունի։ ՀՀ օրենսդրությամբ անհնար է որևէ մեկին զրկել հայ կոչվելու իրավունքից, քաղաքական լեգիտիմությունից, նաև Հայաստանի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու իրավունքից, հատկապես, երբ մարդը զբաղեցնում է, թեկուզ, ոչ արդարացիորեն, ՀՀ վարչապետի պաշտոնը։
Անհասկանալի է նաև Ազգային հպարտության տրիբունալի բուն կառուցվածքն ու տրամաբանությունը։ Այն ավելի շուտ քաղաքական նախաձեռնություն է, քան իրավական։ Եթե Արշակ Կարապետյանը փորձում էր տրիբունալով փոխարինել Սահմանադրական դատարանի, դատախազության և Ազգային անվտանգության խորհրդի գործառույթները, ապա փաստենք, այս փուլում, առնվազն, չստացվեց։ Վկան, ՍԴ որոշման հրապարակումն էր, որով ՀՀ իշխանությունները հրաժարվեցին Անկախության հռչակագրից։
Տրիբունալի գործողության նպատակը պարզ է՝ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանն իր գաղափարով ցանկանում է ընդդիմադիր ուժերին համախմբել «Համահայկական ճակատի» շուրջ։ Բայց պառակտված ու ձախողված օրվա ընդդիմությանը բարդ է համախմբել։ Եվ, արդյո՞ք, կա դրա կարիքը։ Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը սպառել է իրեն, ցուցադրել գործող իշխանությունների դեմ պայքարելու անընդունակություն։ Մեծ հավանականությամբ, «Համահայկական ճակատի» թիրախում չվարկաբեկված, երիտասարդ, ունակ զանգվածն է, որին համախմբելու ջանքերը, անխոս, ողջունելի են, բայց նվազ իրատեսական։
Հայաստանի քաղաքացիական հասարակությունը պետք է որոշի՝ հավատա՞լ, թե՞ չհավատալ «Համահայկական ճակատի» քաղաքացիական նախաձեռնություններին։ Իսկ դրա համար մեծ մարդկային, նյութական ռեսուրսներ են հարկավոր, նաև լայն քարոզչական արշավ, ինչը, «Համահայկական ճակատի» դեպքում գոնե այսօր այն բացակայում է։
Առկա իրողությունները հաշվի առնելով՝ կարելի է նշել, որ այն հաջողելու մեծ շանսեր չունի։ Հայաստանին որակապես նոր ընդդիմություն է հարկավոր։ Կդառնա՞ արդյոք «Համահայկական ճակատն» այդ նոր ընդդիմությունը, ցույց կտա ժամանակը։
Արտակ ՆԱԶԱՐԵԹՅԱՆ