Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել այս խաղաղության փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում. Արարատ Միրզոյան

Հոկտեմբեր 02,2024 23:15

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի անդրադարձն Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացին.

Վարշավայի անվտանգության ֆորումի շրջանակներում քննարկմանը.

 Անջա Վեհլեռ-Շոկ. «Ես ուզում էի Ձեզ հետ խոսել խաղաղության պայմանագրի մասին, որի շուրջ Ադրբեջանն ու Հայաստանը բանակցել են ամիսներ շարունակ, և կարծես թե այս պահին առաջընթաց չկա: Կարո՞ղ եք մի փոքր լույս սփռել իրավիճակի վրա»:

Արարատ Միրզոյան. «Վերջին 2-3 տարիների ընթացքում հսկայական աշխատանք է կատարվել՝ չնայած իրավիճակի սրացումներին, ՀՀ տարածքի վրա հարձակումներին, բոլոր մարտահրավերներին: Մենք՝ հայկական կողմը, շատ կառուցողական ենք եղել բանակցությունների ընթացքում: Գիտեք, այստեղ կա լավ և վատ նորություն:

Լավ նորությունն այն է, որ մեզ հաջողվեց, մենք ինչ-որ կերպ կարողացանք որոշակի հաջողություններ ունենալ ադրբեջանական կողմի հետ։ Օրինակ, վերջերս մենք ընդունեցինք երկու երկրների միջև առաջին իրավական փաստաթուղթը, ընդունեցինք համապատասխան սահմանային հանձնաժողովների համատեղ աշխատանքի կանոնակարգը: Այս հանձնաժողովներն աշխատում են Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման ուղղությամբ։ Այս փաստաթղթում մեզ հաջողվեց համաձայնել, որ սահմանազատման գործընթացի հիմքում պետք է լինի 1991թ. Ալմա-Աթայի հռչակագիրը, որն իսկապես մեծ ձեռքբերում է։ Մանրամասներով չծանրաբեռնելու համար միայն կասեմ, որ ի թիվս այլնի, 1991թ. Ալմա-Աթայի հռչակագրում ասվում էր, որ նախկին Խորհրդային Միության հանրապետություններ հանդիսացող կողմերը, հիմնականում Խորհրդային Միության 15 հանրապետություններից 12-ը, ընդունել են այս փաստաթուղթը: Այսպիսով, ըստ այս փաստաթղթի, հանրապետությունները ճանաչում են, որ նախկին վարչական սահմանները մեր՝ Խորհրդային Սոցիալիստական ​​Հանրապետությունների միջև այժմ դառնում են միջազգայնորեն ճանաչված, միջպետական ​​սահմաններ: Սա նշանակում է, որ մենք սահման ունենք Ադրբեջանի հետ, սահմանազատման շուրջ բանակցությունները սկսելիս դրա ունենք ամուր հիմք:

Վատ նորությունն այն է, որ կան ևս մի քանի թեմաներ, որոնց շուրջ մենք բանակցում ենք, օրինակ՝ ավելի ընդգրկուն փաստաթուղթը՝ խաղաղության պայմանագիրը։ Պատկերացրեք, մենք ունենք մի իրավիճակ, երբ մենք հաշտության պայմանագրի տեքստը գրեթե ավարտել և վերջնական տեսքի ենք բերել, նախագիծը կա, բայց չենք ստորագրում։

Ադրբեջանական կողմը չի ցանկանում ստորագրել այս խաղաղության փաստաթուղթը, խաղաղության պայմանագիրը ինչ-ինչ պատճառներով, ինչ-որ հաշվարկներով ամեն անգամ նորանոր նախապայմաններ է առաջ քաշում, և մենք տեսնում ենք, որ նրանք չեն ցանկանում ստորագրել փաստաթուղթը։ Այս անգամ ասում են, որ ավելի շատ բաներ կան, որ կարելի է համաձայնեցնել, բայց մենք կարծում ենք, որ աշխարհում չկա որևէ համաձայնագիր երկու երկրների միջև, որը կարգավորի նրանց հարաբերությունների բոլոր ասպեկտները, բոլոր ոլորտները, մինչդեռ մենք կարող ենք ստորագրել այս շատ լուրջ փաստաթուղթը, ապա շարունակել բանակցել մնացած հարցերի շուրջ: Մենք չենք տեսնում այս քաղաքական կամքն ադրբեջանական կողմից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031