Լրահոս
Օրվա լրահոսը

Կանգնած եմ դատարանի առջեւ ու պատասխան եմ տալիս այնպիսի գործողությունների համար, որոնք ինձ չպետք է վերաբերեն. Վանաձորի նախկին քաղաքապետ

Հոկտեմբեր 02,2024 22:35

Վանաձորի նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանն այսօր դատարանում հայտնեց, որ ցուցմունք տալու ցանկություն ունի:

Դատարանն առաջարկեց ցուցմունք տալ մեղադրանքի ու գործի հանգամանքների վերաբերյալ:

«Երկու տարի, 9 ամիս քննության ընթացքում այդպես էլ պարզ չդարձավ մեղադրանքի էությունը, բացի դեկլարատիվ քննչական տերմիններից ինչում է ինձ մեղադրում մեղադրող կողմը: Այս գործի շրջանակում այդպես էլ չհասկացա՝ որոնք էին իմ թվացյալ հանցավոր գործողությունները, որոնք կարող էին հանգեցնել սկզբում քրեական վարույթի, հետագայում ինձ մեղադրանք առաջադրելուն, կալանավորելուն, մեղադրանքը մի քանի անգամ փոփոխելուն»,- ասաց Մամիկոն Ասլանյանը :

Հիշեցնենք, որ Ասլանյանին առաջադրված մեղադրանքի համաձայն՝ 2016-2021թթ. ընթացքում զբաղեցնելով հիշյալ պաշտոնը, չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, դիտավորությամբ ակնհայտորեն դուրս է եկել իր լիազորությունների շրջանակից, կատարել պաշտոնեական կեղծիք՝ պետության և համայնքի իրավունքներին ու օրինական շահերին անզգուշությամբ պատճառելով ծանր հետևանքներ առաջացնող էական վնաս:

« Ինձ առաջադրված մեղադրանքի առնչությունը ինձ հետ միայն այն մասով է, որ այդ ժամանակահատվածում եղել եմ Վանաձոր համայնքի ղեկավար: Օրենսդիրը, երբ համայնքի ղեկավարի համար սահմանում է ցենզ, կրիտերիաներ, որով կարող է դառնալ ղեկավար, այնտեղ նշված չէ, որ համայնքի ղեկավարը պետք է ունենա բարձրագույն, էլ չեմ ասում մասնագիտական կրթություն: Հետեւաբար, համայնքի ղեկավարին վերագրել այնպիսի հանցագործություններ, որոնք կոնկրետ բխում են նեղ մասնագիտական գործառույթներ իմանալուց, հմտություններ ունենալուց, համարեք, որ ես որպես համայնքի ղեկավար չունեմ կրթություն»,- շարունակեց Ասլանյանը:

Ըստ նրա՝ այսօր ինքը կանգնած է դատարանի առջեւ ու պատասխան է տալիս այնպիսի գործողությունների համար, որոնք իրեն չպետք է վերաբերեն. «Ինձ կարող են վերաբերել այնպիսի գործողություններ, որոնք կբխեն իմ գործողություններից կամ անգործությունից, կլինեն դիտավորության հետեւանք:

Հողերի օտարման, նպատակային կամ գործառնական նշանակությունը փոխելը համայնքի ղեկավարի գործառույթներ են մեծ առումով: Եթե նույնիսկ «ընդունենք», որ որեւէ դրվագում կա որեւէ խախտում, այդ բոլորը վարչական իրավահարաբերություններով կարգավորվող գործեր են, որոնք ամենեւին քրեական վարույթի շրջանակում երբեւէ չպետք է քննվեին»:

Պարոն Ասլանյանը նաեւ ասաց, որ նոր է իմացել, որ դատախազությունը տարբեր դրվագներով վարչական դատարան է դիմել այս նույն իր կողմից ընդունված վարչական ակտերի վիճարկման համար. « Բանից պարզվում է, որ քրեական գործով անցնում եմ մեղադրյալ, բայց այդ նույն գործերով Վարչական դատարան է դիմում, որ պարզաբանվի: Սա իրավական կազուսի ժանրից է»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031