Լրահոս
Օրվա լրահոսը

Ներքին գործերի նախարարությունը ծանր վիճակի մեջ է գցել շիրակցիներին․ անձնագրային ծառայությունների փակման հետքերով

Հոկտեմբեր 02,2024 21:12

Շիրակի մարզի մի քանի համայնքներում անձնագրային ծառայությունների փակվելը ծանր է նստել բնակիչների վրա, այն ոչ միայն դժվարացրել է անձնագիր ստանալու կամ անձնագրի հետ կապված այլ գործընթացներ, այլ լրացուցիչ ծախսերի տակ գցել նրանց։

Անի խոշորացված համայնքի անձնագրային ծառայությունը միացրել են Արթիկին, Ամասիայինը՝ Աշոցքին, իսկ Ախուրյանինը՝ Գյումրու ոստիկանության Մուշ բաժնի շենքում գտնվող անձնագրային ծառայությանը։

Շիրակի մարզից ընտրված Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ-ական Մհեր Մելքոնյանն Aravot.am-ի հետ զրույցում ասաց, որ իրեն են դիմել քաղաքացիները, ու նրանց բողոքի հետքերով՝ ինքը եղել է բոլոր միավորված անձնագրային ծառայություններում, ականատես դարձել, թե ինչ հերթեր են գոյանում։

«Վերցնենք Անի համայնքը, ո՞նց են հեռավոր գյուղերից՝ Անի կայարանից, Անի Պեմզայից հասնելու Արթիկ։ Մինչև անձնագրայինների միավորվելը գալիս էին Մարալիկ, իսկ հիմա պիտի գան Մարալիկ, Մարալիկից նորից ճանապարհ կտրեն, հասնեն Արթիկ, որ անձնագրային խնդիրները լուծեն, վերադառնան։

Չգիտեմ՝ ինչո՞ւ են այսպիսի ձևաչափ ընտրել, ի՞նչ են հաշվարկել, ինչո՞ւ են նման որոշման հանգել, բայց մարդկանց շատ ծանր պայմանների մեջ են դրել, մանավանդ գիտենք, որ սոցիալապես անապահով խավը շատ մեծ թիվ է կազմում մեր երկրում, հատկապես գյուղաբնակ շրջաններում։Շատ դժվար է մեր հայրենակիցների համար Ամասիայից հասնել Աշոցք կամ Անիի հեռավոր գյուղերից՝ Արթիկ, լուրջ խնդիր է սա։

Ինչքան գիտեմ Արթիկում աշխատատեղեր չեն էլ ավելացրել, երկու մեծ տարածաշրջան միացնելով իրար՝ աշխատողների քանակը չեն էլ ավելացրել, իսկ սպասարկումը դարձել է կրկնակի՝ ավելացել է Անին՝ իր 17 գյուղերով։

Ներքին գործերի նախարարություն դեռ չեմ դիմել, հարցեր եմ պատրաստել կառավարության անդամներին՝ ոլորտային, փորձենք հասկանալ ոնց են պատկերացնում այս խնդրի լուծումը։ Բարդացրել են կյանքը, չեն պատկերացնում, որ գյուղական համայնքներում տրանսպորտ անգամ շատ ժամանակ կանոնավոր չի աշխատում։

Լավ, ասենք թե չակերտավոր իրենց բարեփոխումն արեցին, հետևություններ չանե՞ն, դա օգուտ տվե՞ց, թե՞ հակառակը վնաս հասցրեց մարդկանց։ Քաղաքացիների հետ մի հատ չշփվե՞ն, նրանցից կարծիք չիմանա՞ն։ Քաղաքացիների մեծամասնությունը հաստատ կասի, որ շատ ծանր վիճակի մեջ են դրել իրենց, եթե օգուտ չպիտի տան, ինչու են նոր խնդիրներ ստեղծում։

Ես չգիտեմ օպտիմալացման նպատակը, գուցե աշխատող կրճատե՞լն է, կամ այլ հարց են հետապնդել, բայց մի բան հստակ է՝ քաղաքացիներին շատ լուրջ անհարմարությունների առաջ են կանգնեցրել»,- ասում է պատգամավորը։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031