«Այսօր ԱԱԾ-ն հայտարարություն է արել՝ սահմանադրական կարգը տապալելու մասին։ Մեզ զգուշացնում է իբր թե։ Բայց ես ասում եմ, որ շնորհակալ եմ այդ զգուշացման համար, որովհետեւ առաջին անգամ ԱԱԾ-ն, իր դերակատարության մեջ գտնվելով, հայտնել է այն մասին, որ այս իշխանությունները հակասահմանադրական գործունեությամբ տապալել են սահմանադրական կարգը, եւ այդ հայտարարությունը հենց իրենց մասին է առաջին հերթին»,- Հանրապետության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Սրբազան շարժման առաջնորդ Բագրատ սրբազանը։
«Եվ հիմա մեր ակնկալիքն է, որ մոտակայքում ԱԱԾ-ն՝ իր պատվաբեր սպաներով, վերջապես որոշի նաեւ ձերբակալել հակասահմանադրական, սահմանադրական կարգը տապալած, իշխանությունը զավթած այս խունտային։ Տեսնենք կանի, թե՞ չի անի»,- հավելեց Բագրատ սրբազանը։
«Իրավապահ համակարգ, տեսեք՝ ինչ է տեղի ունենում, օգտագործեցին ու նետեցին ուղղակի, եւ այդպես բոլորին են անելու։ Դատախազություն, ոստիկանություն, ՍԴ, բոլորիդ եմ ասում՝ այո, դուք դատարանի առջեւ եք կանգնելու Աստծո կամոք։ Այսօր սա միայն հոխորտանք կարծեք, բայց վաղը լինելու է դա։ Մենք այսօր էլ հետապնդելու ենք եւ հետապնդում ենք մինչեւ վերջ՝ հունիսի 12-ին գործած հանցագործության հեղինակներին պատժելու համար»,- հայտարարեց նա։
Կարդացեք նաև
Մանրամասները՝ տեսանյութում
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ