Լրահոս
Օրվա լրահոսը

Նաիրա Զոհրաբյան. «Ալիեւի հայտարարությանը, որ ինքն իր ժողովրդին համախմբել է ազգային հերթական իդեայի՝ Զանգեզուրի շուրջ, մենք պատասխանում ենք ճագարի խաշլամայով ու դդումի ղափամայով»

Հոկտեմբեր 02,2024 18:12

«Անվտանգություն եւ ժողովրդավարություն» իրավապաշտպան ՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը «Հայելի» ակումբում կրկին անդրադարձավ Հայաստանի նկատմամբ Ալիեւի ունեցած այլեւս անթաքույց սպառնալից նպատակներին եւ դրան ի պատասխան` Հայաստանի գործող իշխանության բացարձակ անհաղորդ ու անտարբեր լինելուն:

Նաիրա Զոհրաբյան

«Երկու օր առաջ Ալիեւը հրապարակավ խոսեց իրենց ազգային նոր նպատակի՝ «արեւմտյան Ադրբեջանի», այն է՝ Զանգեզուրը գրավելու մասին: Նա հայտարարեց, որ «արեւմտյան Ադրբեջանը» իրենց ազգային նոր նպատակն է, որի շուրջ իրենք պիտի համախմբվեն: Եվ որ հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները կլինեն «արեւմտյան Ադրբեջանում»՝ նկատի ունենալով Զանգեզուրը, Վայոց Ձորը, Գեղարքունիքի, Շիրակի, Լոռու եւ Արարատի մարզերի մի հատվածը»,-ասաց տիկին Զոհրաբյանը եւ ընթերցեց դրան ի պատասխան՝ հոկտեմբեր ամսում Հայաստանի իշխանությունների նախաձեռնությունների մի ցանկ, որը «գերհզոր պատասխան է տալիս» Ադրբեջանի ագրեսիվ նկրտումներին:

«Ադրբեջանի նախագահի հայտարարությանը, թե գալու է այն օրը, երբ մտնելու են Զանգեզուր, Հիքմեթ Հաջիեւի հայտարարությանը, թե Հայաստանի հետ խաղաղության պայմանագիր կարող է լինել մի դեպքում, եթե Հայաստանը փոխի սահմանադրությունը եւ ապառազմականացվի, այսինքն, չունենա բանակ, Նիկոլ Փաշինյանի պատասխանն է. Երեւանում՝ սուրճի եւ թեյի փառատոն, գինու փառատոն՝ Արենիում, կլուբնիկի փառատոն՝ Դավիթ Բեկում, քյուֆթայի փառատոն՝ Էջմիածնում, պանրի փառատոն՝ Տաշիրում, ճագարի փառատոն՝ Մարմաշենում, ընկույզի փառատոն՝ Հերհերում, պանրի փառատոն՝ Երեւանում, մեղրի փառատոն՝ Երեւանում: Եվ ալիեւյան ռեժիմին հուժկու հարվածը մենք կավարտենք դդումի փառատոնով՝ Տավուշում: Սա է նիկոլյան ռեժիմի պատասխանը Ալիեւի հայտարարությանը:

Ես կարծում եմ, որ կոֆե, չայ, потанцуем եւ այլնի արանքներում, բնականաբար, կլինի նաեւ մարիխուանան, որովհետեւ այսօր թմրամիջոցների շրջանառությամբ, ընդհուպ, մինչեւ դպրոցներում թմրամիջոցների օգտագործումը, Հայաստանի տվել-անցել է երեւի նույնիսկ Աֆղանստանին: Ես սրանում ավելի քան վստահ եմ, որովհետեւ ինչպես ասում էր Նիկոլի թիմակիցներից մեկը, այսօր Երեւանում չկա որեւէ միջին փարթի, որը անցնի առանց թմրամիջոցի:

Պատկերացնո՞ւմ եք, Ալիեւը հայտարարեց, որ ինքն իր ժողովրդին համախմբել է ազգային հերթական իդեայի շուրջ, այն է՝ Զանգեզուրը, մենք պատասխանում ենք ճագարի խաշլամայով ու դդումի ղափամայով:

Տարիներ առաջ ես Շվեյցարիայում էի, որտեղ մի սպանդանոցում տեսա, թե ինչպես կենդանիներին Մոցարտի սիմֆոնիայի հնչյունների տակ էին տանում մորթվելու: Եվ այդ կովերի, անասունների դեմքին ես տեսա խոնջացած ժպիտը, տեսա, թե ինչպես էր կովը Մոցարտի սիմֆոնիայի տակ գնում մորթվելու:

Ահա, սրանք մեզ հետ այսպես են անում. բթացնելով տարբեր լափով, տարբեր փառատոներով՝ մի ամբողջ ազգ տանում են մորթվելու: Ցավոք սրտի, իզուր չէ ասացվածքը. «թուրքին հող, հային փող», իսկ այս դեպքում. «թուրքին հող, հային լափ»: Բայց ես չեմ ուզում հավատալ, որ մեր հասարակության մեծամասնությունն է այսպիսին»,-ասաց Նաիրա Զոհրաբյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031