Aravot.am-ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 30-ին Արմավիրի դատախազությունից ստացվել է վիճակագրական քարտ, որ հուլիսի 23 -ին գործարկվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ «Բագարան» ուղեկալի ինժեներական կառույցի ազդանշանային համակարգը: Պարզվել է, որ ազդանշանային համակարգը գործարկվել է Սիրիայի Արաբական Հանրապետության քաղաքացի՝ Մուհամեդ Յուսեֆ Մուհամեդ Մուհսենի Կասսասի՝ տվյալ հատվածով սահմանային շերտ մուտք գործելու արդյունքում: Կասսասը սահմանային շերտ մուտք էր գործել հայ-թուրքական պետական սահմանը ապօրինի հատելու միջոցով: Նա ՀՀ-ից մեկնել է Թուրքիա, ինչի հետ կապված ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում քրեական վարույթ է հարուցվել:
Ըստ Aravot.am-ի աղբյուրի, սեպտեմբերի 30-ին Արմավիրի դատախազությունից ստացվել է վիճակագրական քարտը առ այն, որ օգոստոսի 14-ին Աֆղանստանի Հանրապետության քաղաքացի՝ Սաբուր Շարաֆինը Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ «Ղարաղալա» ուղեկալի կողմից պահպանվող տեղամասի պահպանության տարածքում հաղթահարելով ինժեներատեխնիկական արգելապատնեշները՝ ապօրինի, առանց փաստաթղթերի եւ պատշաճ թույլտվության հատել է հայ-թուրքական պետական սահմանը եւ մուտք է գործել Հայաստան: Օգոստոսի 15-ին նա Արմավիրի մարզի Երվանդաշատ գյուղի հատվածում բռնվել է «Երվանդաշատ» ուղեկալի սահմանապահների կողմից, որի վերաբերյալ ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ:
Սեպտեմբերի 30-ին Արմավիրի դատախազությունից ստացվել է եւս մեկ վիճակագրական քարտ առ այն, որ ՀՀ ԱԱԾ Արմավիրի մարզային վարչությունից նյութեր է ստացվել, որ ավագ լեյտենանտ Ն. Մ.-ն, սահմանված լիազորություններն իրականացնելիս փաստական տվյալներ է ստացել, որ Ալժիրի Հանրապետության քաղաքացի Աբու Բաքեռ Բեն Ամառը օգոստոսի 21-ին Արմավիրի մարզում տեղակայված ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ «Ղարաղալա» ուղեկալի կողմից պահպանվող տեղամասի պահպանության տարածքում առկա ինժեներատեխնիկական արգելապատնեշները հաղթահարելով փորձել է ապօրինի՝ առանց փաստաթղթերի և պատշաճ թույլտվության հատել է ՀՀ պետական սահմանը, սակայն չի հաջողել: Նա բռնվել է ՀՀ-ում ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից, ինչի հետ կապված ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական վարույթ:
Այս 3 դեպքերի հետ կապված ամփոփագրերը եւ կից նյութերն ուղարկվել են ՀՀ ՔԿ Արմավիրի մարզային քննչական վարչություն: