Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարևոր է հասկանալ՝ ՏՄԱԿ-ները գնահատում իրականացնելիս խնդիրներ տեսնո՞ւմ են խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացում. Արաքսիա Սվաջյան

Հոկտեմբեր 02,2024 17:53

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնում հանդիպել է Տարածքային մանակավարժահոգեբանական աջակցության կենտրոնների (ՏՄԱԿ) տնօրեններին՝ քննարկելու ուսումնական տարվա առաջնային խնդիրներն ու անելիքները:

Ողջունելով ներկաներին՝ Արաքսիա Սվաջյանը նշել է, որ հանդիպման նպատակն է քննարկել առկա խնդիրները և միասնաբար նախանշել դրանց լուծման ուղիները՝ աշխատանքներն առավել արդյունավետ կազմակերպելու նպատակով:

Օրակարգային հարցերից էր դպրոցների՝ մատչելիության ապահովմանն ուղղված ֆինանսավորումը, դրա նպատակային իրացումը: Արաքսիա Սվաջյանը հատկապես կարևորել է ռեսուրս սենյակների առկայությունը, ինչը, ըստ նրա, կրթության որակի նախապայման կարող է լինել:
Անդրադառնալով խելամիտ հարմարեցումներին՝ ԿԳՄՍ նախարարի տեղակալը նշել է, որ անհրաժեշտ են թիրախային միջամտություններ, որպեսզի դպրոցներում այս աշխատանքներն ավելի նպատակային իրականացվեն:

«Կարևոր է հասկանալ՝ ՏՄԱԿ-ները գնահատում իրականացնելիս խնդիրներ տեսնո՞ւմ են խելամիտ հարմարեցումների ապահովման գործընթացում, քանի որ դրանք մեծ ազդեցություն ունեն երեխայի ներառման և կրթության որակի վրա»,- ասել է Արաքսիա Սվաջյանը՝ ընդգծելով, որ ՏՄԱԿ-ները պետք է ուշադրության կենտրոնում պահեն խելամիտ հարմարեցումների տրամադրման գործընթացը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաները գնահատված և գրանցված են (գործընթացը շարունակվում է) տեղեկատվական համակարգում, և կա ամբողջական պատկեր, որը ցույց է տալիս դպրոցներում և ՏՄԱԿ-ներում ամրագրված տվյալների համադրելիությունը:

ՏՄԱԿ-ների աշխատանքն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով քննարկվել են դպրոց-ծնող-ՏՄԱԿ կապի ամրապնդմանը, փոխվստահությանը, որակի բարձրացմանն առնչվող հարցեր: Ըստ նախարարի տեղակալի՝ երեխաների սոցիալիզացիան հնարավորինս դրական իրականացնելու համար, ըստ անհրաժեշտության, հնարավոր է կատարել կարգի վերանայում, ինչը կարող է նպաստել ծառայությունների կազմակերպման, տրամադրման, ընթացակարգերի արդյունավետության բարձրացման գործընթացներին:

Օրակարգային հարցերից էին նաև դպրոցներում անհրաժեշտ մասնագետների հաստիքների համալրման խնդիրը, ինչպես նաև դրա վերաբերյալ ընդհանուր իրավիճակը: Քննարկվել է, թե ինչ ծրագրեր է հնարավոր իրականացնել հաստիքները համալրելու ուղղությամբ, քանի որ այդկերպ շատ խնդիրներ ուղիղ լուծում կստանան:

Հանդիպման ընթացքում ՏՄԱԿ-ների տնօրեններն իրենց հուզող հարցերն են ուղղել Արաքսիա Սվաջյանին, որոնք վերաբերել են գնահատման գործընթացի որակի բարելավմանը, կրթությունից դուրս մնացած երեխաների հայտնաբերմանը, միջին մասնագիտական կրթության մակարդակում սովորողների գնահատմանը և այլն:

ՀՀ ԿԳՄՍՆ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031