Լրահոս
Օրվա լրահոսը

Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51 մ. նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմ-ով

Հոկտեմբեր 02,2024 17:13

ՏԵՂԵԿԱՆՔ

Սևանա լճի մակարդակի և 2024 թվականին ոռոգման նպատակով ջրի բացթողնման վերաբերյալ

2024 թվականի հունվարի 1-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմել է 1900.17մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ ցածր է եղել 11 սմ-ով։

2024 թվականի հոկտեմբերի 2-ի դրությամբ Սևանա լճի մակարդակը կազմում է 1900.51  մ, որը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատ բարձր է 21 սմով, իսկ 2024 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ` 34 սմ-ով։

2024 թվականին Սևանա լճի առավելագույն մակարդակը կազմել է 1900.68 մ և դիտվել է հուլիսի 5-15-ը ներառյալ։ Գարնանային վարարումների ընթացքում Սևանա լճի մակարդակի բարձրացման չափը կազմել է 42 սմ, միջինը (2002-2023) կազմում է՝ 40 սմ, իսկ 2023 թվականին կազմել է 23 սմ։

2024 թվականի մայիսի 14-ից Սևանա լճի մակարդակի տվյալ օրվա և նախորդ տարվա նույն օրվա մակարդակների տարբերությունը դրական արժեք ստացավ, մինչդեռ 2021 թվականի հունիսի 22-ից մինչև 2024 թվականի մայիսի 12-ը ներառյալ լճի տվյալ օրվա մակարդակը նախորդ տարվա նույն օրվա մակարդակի համեմատությամբ եղել է բացասական (մայիսի 13-ին դիտվել են նույն մակարդակները)։

2024 թվականի ընթացքում Սևանա լճի ավազանում հիդրոօդերևութաբանական պայմանները համեմատաբար նպաստավոր են եղել լճի մակարդակի բարձրացման ապահովման տեսանկյունից։ Բացի բնական պայմաններից, իր դրական ազդեցությունն է ունեցել նաև Արփա-Սևան ջրատարով լիճ տեղափոխված ջրաքանակը և լճից ջրի բացթողնման քանակը։

2024 թվականի հունվար-սեպտեմբեր ժամանակահատավածում Սևանա լճի ավազանում ամսական տեղումների քանակը հիմնականում գերազանցել է նորման գրեթե 1.5-2.0 անգամ, բացառություն են կազմել փետրվար, ապրիլ, հունիս և օգոստոս ամիսները, երբ տեղումների քանակը բավական ցածր է եղել նորմայից։ Օդի ջերմաստիճանը հունվար-ապրիլ, և հունիս ամիսներին նորմայից բարձր է եղել 1.0…4.7 աստիճանով, իսկ մյուս ամիսներին եղել է նորմայի սահմաններում։

Ամսական գետային ներհոսքը լիճ այդ ժամանակահատվածում տատանվել է նորմայի 80-100%-ի սահմաններում, 2023 թվականին 40-100%։ 2024 թվականի հունվար-օգոստոսին ամսական գոլորշացումը տատանվել է 60-120%-ի սահմաններում, իսկ 2023 թվականին 35-135%-ի սահմաններում։

Ամսական կտրվածքով լճի մակարդակն ամենաշատը բարձրանում է մայիսի ամսին։ 2024 թվականի մայիսին լճի մակարդակի բարձրացման չափը եղել է նորմայի սահմաններում դրական շեղումով և կազմել է 21 սմ, մինչդեռ 2023 թվականին այն կազմել է ընդամենը՝ 8սմ։

2024 թվականին Սևանա լճից ոռոգման նպատակով ջրառը սկսվել է հունիսի 16-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 16-ը ներառյալ։ Այս ժամանակահատվածում Սևանա լճից բացթողնված ջրի գումարային ծավալը կազմել է 131.038 մլն.խոր.մ, որը 97.196 մլն.խոր.մ-ով պակաս է 2023 թվականին լճից բացթողնված ջրի գումարային ծավալից և վերջին 15 տարիների ամենացածր ցուցանիշն է: 2023 թվականին լճից ջրի բացթողումը սկսել էր ավելի վաղ՝ մայիսի 14-ից և շարունակվել մինչև սեպտեմբերի 14-ը ներառյալ։

Արփա-Սևան ջրատարով Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակը 2024 թվականի հունվարի 1-ից հոկտեմբերի 1-ը ներառյալ կազմել է 178.952 մլն.խոր.մ, որը 87.703 մլն.խոր.մով ավել է նախորդ տարի նույն ժամանակահատվածում Սևանա լիճ տեղափոխված ջրի քանակից:

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031