Լրահոս
Օրվա լրահոսը

ՆԳՆ և ԱԱԾ հայտարարություններն ընդդիմության հավաքի մասին հակասում են ՀՀ պարտավորություններին. հայտարարություն

Հոկտեմբեր 02,2024 17:00

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոնի և Հայաստանի հելսինկյան կոմիտեի համատեղ հայտարարությունը

Այսօր՝ հոկտեմբերի 2-ին, Հանրապետության հրապարակում ընդդիմության նախաձեռնած հանրահավաքին[1] ընդառաջ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը և Ներքին գործերի նախարարությունը հայտարարություններ են տարածել, որով կասկածի տակ են դրել գալիք հավաքի խաղաղ բնույթը, առանց որևէ հիմնավորում ներկայացնելու։

Եթե ՆԳՆ ոստիկանության հայտարարությամբ հավաքի մասնակիցներին և կազմակերպիչներին կոչ է արվում «ձեռնպահ մնալ հասարակական կարգի խախտումներից»[2], ապա ԱԱԾ հայտարարությամբ ներկայացվում է ծանր հանցագործությունների մի ամբողջ «ցանկից» զերծ մնալու հորդոր՝

«զերծ մնալ իշխանությունը զավթելու, սահմանադրական կարգը բռնի տապալելու, անձի կամ անձանց խմբի նկատմամբ որևէ հանգամանքով պայմանավորված բռնություն գործադրելու, իշխանության ներկայացուցչին դիմադրություն ցույց տալու հրապարակային կոչեր հնչեցնելուց կամ դրանց կատարմանն ուղղված գործողություններ ձեռնարկելուց՝ նախազգուշացնելով, որ տիրապետում է օպերատիվ իրավիճակին, և իրեն վերապահված ողջ գործիքակազմի կիրառմամբ ի զորու է չեզոքացնել ՀՀ ներքին անվտանգության խաթարմանն ուղղված գործողությունները:»[3]

Ուժային կառույցների կողմից առանց հիմնավորման նման հայտարարություններ անելը խախտում է պետության առաջնային պարտականությունը՝ աջակցել խաղաղ հավաքների ազատությանը և պաշտպանել այն[4]։

Պետությունը պետք է ելնի այն կանխավարկածից, որ հավաքների կազմակերպիչների և մասնակիցների նպատակները խաղաղ են, եթե առկա չեն բռնության գործադրման կամ հրահրման համոզիչ ապացույցներ[5]։ Նման որևէ ապացույց կամ հիմնավորում ուժային կառույցները չեն ներկայացրել։ Այլապես, նման ծանր հանցագործությունների նախապատրաստման պարագաներում գործի կդրվեին ուժային կառույցների ողջ ռեսուրսները։

ՆԳՆ և, առավել ևս, ԱԱԾ հայտարարությունները հակասում են խաղաղ հավաքների ազատության իրավունքի ոլորտում պետության ստանձնած պարտավորություններին։ Ըստ այդմ՝ այս հայտարարությունների տարածման միակ դրդապատճառը ընդդիմադիր ուղղվածության հավաքների վարկաբեկումն է։

«Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն» ՀԿ

«Հայաստանի հելսինկյան կոմիտե» ՀԿ

[1] Տե ՛ս «Սրբազան շարժում» նախաձեռնության հայտարարությունը, https://shorturl.at/IvS3B

[2] Տե ՛ս ՆԳՆ ոստիկանության 02․10․2024 հայտարարությունը https://mia.gov.am/2024/10/02/haytararutyun-8/

[3] Տե ՛ս ՀՀ ԱԱԾ 02․10․2024 հայտարարությունը, https://shorturl.at/Y6lZE

[4] Խաղաղ հավաքների ազատության ուղեցույց (3-րդ հրատ.), Վենետիկի հանձնաժողով և ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ, CDLAD(2019)017, 75-րդ պարբերություն, https://www.venice.coe.int/webforms/documents/default.aspx?pdffile=CDL-AD(2019)017rev-e

[5] Նույն տեղում, 19-րդ պարբերություն

Քաղաքական իրավունքների հայկական կենտրոն – ՔԻՀԿ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031