Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը նշանակում է նոր գործադիր ղեկավար՝ ի դեմս Սյուզաննա Շամախյանի, և ընդլայնում իր խորհրդի կազմը 

Հոկտեմբեր 02,2024 16:50

Հայաստանի գիտության և տեխնոլոգիաների հիմնադրամը (FAST) հայտարարել է նոր ղեկավար կազմի ընտրության մասին․ հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի որոշմամբ՝ 2025 թվականի հունվարի 1-ից FAST-ի գործադիր տնօրենի պաշտոնը կստանձնի Սյուզաննա Շամախյանը։

Հիմնադրամի ներկայիս ղեկավար Արմեն Օրուջյանը միանալու է FAST-ի Հոգաբարձուների խորհրդին՝ շարունակելով իր նպաստը բերել հիմնադրամի առաքելության իրականացմանն արդեն որպես Խորհրդի անդամ։

Սյուզաննա Շամախյանն ավելի քան 6 տարի մեծ ներգրավվածություն է ունեցել FAST-ում՝ նախ որպես համագործակցությունների, ապա ռազմավարական ծրագրերի փոխնախագահ: Նրա փորձագիտական գիտելիքը, FAST-ի առաքելության խորքային ըմբռնումը և առաջնորդությունն օգնել են մշակելու և իրականացնելու հիմնադրամի մի շարք ռազմավարական նախաձեռնություններ, ինչպիսին է «Արհեստական բանականության սերունդ» ծրագիրը։

Ըստ FAST-ի համահիմնադիր և Հոգաբարձուների խորհրդի անդամ Նուբար Աֆեյանի․ «Սյուզաննան հմուտ առաջնորդ է, ում օգնությամբ FAST-ն իրականություն է դարձնում Հայաստանում և դրա սահմաններից դուրս նորարարությունն ու գիտական ​​առաջընթացը խթանող էկոհամակարգի ձևավորման իր առաքելությունը։ Վստահ եմ, որ կառուցելով այն ամուր հիմքերի վրա, որ դրել է Արմեն Օրուջյանը, ինչի համար նրան շնորհակալ ենք, Սյուզաննան լավագույնս կառաջնորդի հիմնադրամն իր զարգացման հաջորդ փուլում»։

Սյուզաննա Շամախյանն ունի ավելի քան 12 տարվա փորձ կրթության կառավարման և միջազգայնացման ոլորտում։ Նրա ջանքերով ինստիտուցիոնալ համագործակցություններ են հաստատվել Հայաստանի և ավելի քան 40 երկրի տարբեր կրթական և միջազգային հաստատությունների միջև։ Սյուզաննայի գործունեության ընթացքում ստեղծված ծրագրերն իրենց ազդեցությունն են բերել ավելի քան 17,000 երիտասարդի և 500-ից ավելի մանկավարժի ու հետազոտողի կյանքում։

«Շատ լավ հիշում եմ, երբ FAST-ը հայտարարեց իր գործունեության մեկնարկի մասին, ինձ այնքան ոգևորեց, որ կան նման մարդիկ, որոնք կարևորում են Հայաստանի ապագայի մեջ ներդրումը և հանդես գալիս համարձակ ու երկարաժամկետ տեսլականով։ Արմենի և թիմի հետ անցած այս տարիները FAST-ում անմոռանալի ճամփորդություն են եղել, և ինձ համար մեծ պատասխանատվություն է ստանձնել FAST-ի գործադիր տնօրենի դերը։ Շնորհակալ եմ մեր ամբողջ համայնքին վստահության և աջակցելու պատրաստակամության համար։ Լիահույս եմ, որ համատեղ ջանքերով FAST-ը դուրս կգա զարգացման նոր փուլ՝ էլ ավելի ընդլայնելով իր գործընկերային կապերն ու սփյուռքի հետ համագործակցության շրջանակը և առավել թիրախային դարձնելով իր գործունեության առանցքը»,- նշել է Սյուզաննա Շամախյանը:

FAST-ի փոխակերպման և զարգացման գալիք փուլում, նոր տնօրենի նշանակմանը զուգահեռ, ընդլայնվելու է նաև հիմնադրամի Հոգաբարձուների խորհրդի կազմը։ Մասնավորապես՝ խորհրդում Նուբար Աֆեյանին, Արթուր Ալավերդյանին, Ինգրիդ Հենգսթերին և Անդրե Անդոնյանին են միանալու գործարար, «NuArca» ընկերության ղեկավարող գործընկեր Րաֆֆի Ֆըսթըգճյանը, «Աֆեյան նախաձեռնություններ Հայաստանի համար» (AIFA) զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Դալար Կազանջյանը, ինչպես նաև FAST-ն իր գործունեության առաջին յոթ տարիներին առաջնորդած Արմեն Օրուջյանը։

FAST հիմնադրամը ստեղծվել է 2017 թվականին Հայաստանը գիտությամբ և նորարարությամբ առաջատար երկիր դարձնելու առաքելությամբ: Հիմնադրամն իրականացնում է նախագծեր կրթություն, գիտություն և գիտական արդյունքի առևտրայնացման ուղղություններում: Իր գործունեության յոթ տարվա ընթացքում հիմնադրամն իրականացրել է 26 ծրագիր ավելի քան 15 հազար շահառուի համար։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031