Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում ԵԽ նախարարների կոմիտեի նախագահ, Լիտվայի Հանրապետության ԱԳ նախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ հարցուպատասխանի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամ Հռիփսիմե Գրիգորյանը նախարարին հիշեցրեց՝ մեկ շաբաթ առաջ Նյու Յորքում հայ գործընկերոջ՝ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ հանդիպում է ունեցել, որի ժամանակ ընդգծվել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման կարևորությունը հնարավորինս կարճ ժամկետներում։ Եվ Հայաստանն ուղղակի պատրաստակամություն ունի դա անել առանց հետագա ուշացման:
Պատգամավորի հարցին՝ ի՞նչ է անելու Լիտվայի նախագահությունը՝ աջակցելու երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորմանը՝ տարածաշրջանում կայունության և երկար սպասված խաղաղության հասնելու համար, Լիտվայի ԱԳ նախարարը պատասխանեց․ «Հարավային Կովկասում խաղաղությունն ու կայունությունն առանցքային նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի բնակիչների, այլև ամբողջ Եվրոպայի խորհրդի տարածքի համար։ Մայիսին Նախարարների կոմիտեն իր լիակատար աջակցությունն է հայտնել խաղաղության գործընթացին՝ հիմնված տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման, ինքնիշխանության հարգման, սահմանների անձեռնմխելիության և ուժի չկիրառման սկզբունքների վրա։ Նախարարների կոմիտեն նաև ողջունել է սահմանագծման գործընթացը՝ հիմնված Ալմա-Աթայի հռչակագրի վրա։
Հարաբերությունների կարգավորման ամենաբարձր մակարդակի քաղաքական կամքը առանցքային է գլոբալ խաղաղության և համաձայնության հասնելու համար, հասնելու խաղաղության համաձայնագրի՝ միմյանց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության լիարժեք հարգմամբ: Հուսով եմ, որ երկու երկրներն էլ շուտով կկարողանան նման համաձայնագիր ստորագրել։ Կայուն, բաց երկխոսություն և բարի կամքի ազդանշաններ են անհրաժեշտ հաշտեցմանը նպաստող վստահության մթնոլորտ ստեղծելու համար: Լիտվայի նախագահությունը պատրաստ է ամեն կերպ նպաստել նման գործընթացին։
Իմ տեղեկություններով՝ բանակցությունները շարունակվում են։ Ներկայացվել են մի քանի նախագծեր, և այն համոզմունքն ունեմ, որ այժմ կա առաջընթաց։ Դա մեծապես կախված է նաև երկու երկրների առաջնորդների բարի կամքից՝ շարունակել այդ ճանապարհը: Դա միակ նախադրյալն է, որն այժմ պահանջվում է Հայաստանի և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու համար, և ինչպես նշեցի, Լիտվան պատրաստակամ է դրա համար ամեն ինչ անել»։
Կարդացեք նաև
ԵԽ նախարարների կոմիտեի նախագահը ևս մեկ անգամ նաև ընդգծեց՝ «ՀՀ-ում ապրող արցախահայերի իրավունքները իրավունքները երաշխավորված են Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով և պետք է հարգվեն՝ ներառյալ նրանց անվտանգ վերադարձի իրավունքը»։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ