ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այսօր ընդունել է Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավար Շիզուկա Կունիմոտոյին:
Հանդիպմանը ներկա են եղել նաև «Կրթական ծրագրերի կենտրոն» ԾԻԳ-ի ֆինանսական ղեկավար, տնօրենի տեղակալ Արմինե Խաչատրյանն ու ՀԲ ծրագրերի ավագ պատասխանատու Նարինե Թադևոսյանը:
Նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը ողջունել է Շիզուկա Կունիմոտոյին և կարևորել Համաշխարհային բանկի դերը Հայաստանի կրթության ոլորտի բարեփոխումների իրականացման գործընթացներում:
ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով ՀԲ-ի կողմից ֆինանսավորվող «Կրթության բարելավման ծրագրի լրացուցիչ ֆինանսավորում» վարկային ծրագրի իրականացումը, անդրադարձել է դպրոցներում լաբորատոր սարքավորումների ներդրման բաղադրիչին, որի շրջանակում ՀՀ մի քանի մարզերի դպրոցներում հիմնվել են շուրջ 160 լաբորատորիաներ՝ հագեցած բնագիտական և ինժեներական սարքավորումներով, անհրաժեշտ կահույքով և ուսումնական նյութերով:
Կարդացեք նաև
Այս համատեքստում նախարարի տեղակալն անդրադարձել է նաև ԲՏՃՄ առարկաների ուսուցիչների վերապատրաստմանը՝ լաբորատոր սարքավորումների գործարկման և բնագիտական լաբորատորիաների ուղղությամբ ուսուցիչների կարողությունների զարգացման նպատակով: Ծրագրի շրջանակում իրականացվել է «Քիմիա», «Ֆիզիկա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» և «Տեղեկատվական տեխնոլոգիաներ» առարկաների շուրջ 1000 ուսուցչի վերապատրաստում: Արաքսիա Սվաջյանը տեղեկացրել է՝ առաջիկայում կստեղծվի նաև դասընթացի էլեկտրոնային տարբերակը, որը հասանելի կլինի մանկավարժների համար:
Համաշխարհային բանկի ծրագրերի ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել է նաև ՀՀ կառավարության «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրի իրականացման ընթացքը: Այս համատեքստում ԿԳՄՍ նախարարի տեղակալը, կարևորելով ՀԲ աջակցությունը ծրագրի իրականացմանը, շեշտել է, որ նախադպրոցական կրթության հասանելիության ընդլայնումը գերակա խնդիր է: Մասնավորապես՝ շեշտվել է ՀԲ աջակցությամբ նախակրթարանների ստեղծման ծրագրի շարունակության առաջնահերթությունը:
Անդրադարձել է եղել շինարարության ընթացքում անվտանգության կանոնների, ինչպես նաև ներառական կրթության համար հարմարեցված միջավայրի պատշաճ ապահովմանը վերաբերող հարցերի:
Հանդիպման ընթացքում քննարկվել է նաև Համաշխարհային բանկի հետ համագործակցության առաջիկա գործողությունների շրջանակը:
ԿԳՄՍՆ