Մատենադարանում կայացած «Հայաստան 2041» հիմնադրամի մամուլի ասուլիսում պաշտոնապես հայտարարվեցին «Ուժեղ Սփյուռք» ծրագրի հաղթող նախագծերը։ 174 դիմում-հայտ էր գրանցվել՝ շուրջ 26 երկրներից: Հաղթողներից յուրաքանչյուրը կստանա 10.000 դոլար՝ իրագործելու հայկական ժառանգության պահպանմանն ու հայ համայնքների հզորացմանն ուղղված իր գաղափարը:
«Հայաստան 2041» հիմնադրամը հիմնվել է որպես շարունակություն մի շատ կարեւոր ջանքի, որը նախաձեռնվել էր Նուբար Աֆեյանի, Ռուբեն Վարդանյանի եւ այլոց կողմից՝ շուրջ 25 տարի առաջ: Ձեզանից շատերը տեղյակ են «Հայաստան 2020» ծրագրին, որը մեկնարկել էր՝ ի մի բերելու այն սցենարները, որոնցով հավանական էր, որ զարգանար Հայաստանը եւ աշխարհասփյուռ հայ ազգը: Այդ օրվանից ի վեր որոշ գաղափարներ իրականացվեցին, որոշ նախաձեռնությունների հիմք ծառայեցին, որոնցով մենք այսօր հպարտ ենք: «Հայաստան 2041» հիմնադրամը գործում է Նուբար Աֆեյանի՝ Հայաստանին նվիրված նախաձեռնությունների շրջանակներում, որը սատարվում է Աֆեյան հիմնադրամի կողմից»,-նշեց «Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի տնօրեն Արման Ջիլավյանը:
«Ուժեղ Սփյուռք» ծրագրի ղեկավար Հասմիկ Հայրապետյանը տեղեկացրեց, որ ծրագիրը մեկնարկել է այս տարվա սկզբին, իսկ մարտ ամսից սկսել են ընդունել դիմում հայտերը, որոնք բոլորն էլ մանրակրկիտ ուսումնասիրվել են: Նա փաստեց, որ դիմորդների 75 տոկոսն ունի մագիստրոսի կամ դոկտորի կոչում: «Սա նշանակում է, որ գործ ունենք բարձր նվաճումների, գրագետ եւ իրենց ոլորտում առաջատար մասնագետների հետ»,-նշեց Հասմիկ Հայրապետյանը:
«Հայաստան 2041» բարեգործական հիմնադրամի համահիմնադիր Նուբար Աֆեյանի խոսքով, ծրագիրը փորձարարական է. «Մենք իսկապես չգիտեինք՝ ինչ ակնկալել, սակայն պատասխանը շլացուցիչ էր: Սա առհավատչյա է աշխարհով մեկ հայերի՝ իրար կապվելու եւ համագործակցելու: Երբ երիտասարդ էի, դրամահավաք էի կազմակերպում հայերի համար Կանադայում եւ Լիբանանում՝ ի սատարումն տեղական հայկական ծրագրերի: Չէի կարծում, որ մի օր ինքս կդառնամ նվիրատու այդ համայնքներում տարբեր ծրագրերի ֆինանսավորման:
Կարդացեք նաև
Հատկապես կարեւոր է եւ գոհացուցիչ է մեզ համար այս ծրագիրն իրականացնելը: Մասնավորապես ուրախ եմ, որ որոշ առաջարկներ ներկայացվել էին ծագումով ոչ հայերի կողմից, օրինակ` մի երիտասարդ Սինգապուրից ներկայացրեց ծրագիր, որը հարավ-արեւելյան Ասիայում եւ Սինգապուրում հայկական հետքերն էր ուսումնասիրում, մյուսը՝ Թուրքիայում տարիներ առաջ անգլերեն դասավանդող մի երիտասարդ էր, որը երիտասարդ հայերի էր հանդիպել հեռավոր գյուղերում: Նա էլ մի ծրագիր առաջարկեց: Եվ մի ներշնչող դիմում եկել էր ավելի քան 60 տարեկան մի կնոջից՝ Իրաքից, որը սովորել էր ԱՄՆ-ում եւ Միացյալ Թագավորությունում, ՆԱՍՍԱ-ում բարձր դիրքեր էր գրավել, որից հետո տեղափոխվել էր Հայաստան իր ամուսնու հետ: Հիմա նրանք աշխատում են երիտասարդների հետ, իրենց գիտելիքներն ու հմտություններն են փոխանցում՝ իրենց նպաստ բերելով Հայաստանի զարգացմանը»:
Նուբար Աֆեյանն ի թիվս այլնի հավելեց, որ դրամաշնորհների միջոցով նպատակ ունեն հզորացնել Սփյուռքը, ոգեշնչել հայկական համայնքների ներկայացուցիչներին, որոնք ունեն նորարար գաղափարներ եւ դրանք իրագործելու համար քաջալերման կարիք: Ընդգծեց, որ նաեւ իրենց երախտագիտությունն են հայտնում բոլոր այն հայերին, որոնք միշտ ակտիվ աշխատանք են տանում Սփյուռքում՝ հավատարիմ մնալով իրենց արմատներին ու ժառանգությանը. «Օգնելով՝ մենք հույս ունենք ավելի պայծառ ապագա կառուցել Հայաստանի և մեր համայնքների համար»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ