Լրահոս
Օրվա լրահոսը

«Արսեն Սողոմոնյանի մոտ մյուս Օթելոները նսեմանում են», – The Washington Post

Հոկտեմբեր 02,2024 15:12

Հոկտեմբերի 2-ից 11-ը կկայանա միջազգային մեծ ճանաչում ունեցող, մեր ժամանակների լավագույն դրամատիկ տենորներից մեկի՝ Արսեն Սողոմոնյանի «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ» համերգաշարը: Այն կմեկնարկի հոկտեմբերի 2-ին, Հայաստանի Ազգային պատկերասրահում՝ կամերային մենահամերգով: Իսկ կամերային համերգները կշարունակվեն հոկտեմբերի 4-ին Մատենադարանում, հոկտեմբերի 6-ին՝ Առնո Բաբաջանյան համերգասրահում՝ դաշնակահար-կոնցերտմայստեր Ելենա Վարդազարյանի ընկերակցությամբ: Համերգաշարը կեզրափակվի մեծ մենահամերգով՝ հոկտեմբերի 11-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում: Սողոմոնյանը ելույթ կունենա Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ հռչակավոր իտալացի դիրիժոր՝ Անտոնելլո Ալեմանդիի ղեկավարությամբ:

Օպերային երգիչը մեզ հետ զրույցում նշեց, որ համերգաշարի ծրագիրը բաղկացած է տարբեր ազգերի կոմպոզիտորների ռոմանսներից, երգերից և օպերային արիաներից, ինչով ցանկացել է ընդգծել, որ արվեստը սահմաններ չի ճանաչում, հակառակը՝ այն բարեկամական կամուրջներ է ստեղծում մարդկանց և ազգությունների միջև. «Այս գաղափարախոսությունը շեշտելու նպատակով՝ համերգաշարն անվանեցինք «Ձայնի և հոգու համամարդկային կամուրջներ»: Նման խոսքեր շատ ենք լսում, բայց գործով ապացուցելն ավելի բարդ ու պատասխանատու է, քանի որ մարդկանց պետք է հասկացնել՝ մարդկային զգացմունքների վերաբերյալ տարբեր ազգերի հոգեբանական մեկնաբանությունները գրեթե նույնն են։ Անկախ լեզվից, երկրի սահմաններից, թելադրվող տարբերություններից՝ մարդը նույնն է։ Մենք փորձում ենք փոխանցել այն, որ դասական արվեստը, որը չի խառնվում այլևայլ երևույթների, միավորում է մարդկությանը՝ համամարդկային արժեքները պահպանելու նպատակո՞վ:

Քաջատեղյակ ենք, որ Սողոմոնյանը, ելույթներ ունենալով աշխարհի հեղինակավոր օպերային թատրոններում, ամեն տարի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի նախաձեռնությամբ, օպերային ներկայացումների համերգային կատարումներով հանդես է գալիս նաև Երևանում: Սակայն հիշեցնենք, որ նրա վերջին մենահամերգը Երևանում կայացել է 12 տարի առաջ։

«Մեծ հուզմունքով եմ սպասում այս համերգներին և եթե հանդիսատեսը դուրս գա համերգից լավ հոգեվիճակում՝ մտքում որևէ մեղեդի երգելով, ապա դա կլինի բոլորիս համատեղ հաղթանակը»,-խոստովանում է արտիստը։

Վահան Վարդապետյանի հետ

Բժիշկ, հասարակական գործիչ և Արսենի արվեստի մեծ երկրպագու Վահան Վարդապետյանը, որը հանդիսանում է համերգաշարի նախաձեռնողն ու կազմակերպիչը, նշում է, թե ինչպես է ականատես եղել Արսեն Սողոմոնյանի հանդեպ հանդիսատեսի հիացական վերաբերմունքին Հռոմում, Բեռլինում, Աթենքում. «Արսեն Սողոմոնյանը 67 անգամ հանդես է եկել ամենաբարդ դերով՝ Օթելոյի դերակատարմամբ, հեղինակավոր պարբերականներից մեկը՝ The Washington Post-ը, Քենեդու կենտրոնում Արսենի կողմից Օթելոյի մեկնաբանությունից հետո բացառիկ հոդված է հրապարակվել՝ նշելով, որ Սողոմոնյանի մոտ մյուս Օթելոները նսեմանում են։ Այսինքն, Արսենին համարում են Օթելոյի լավագույն դերակատարներից մեկը: Ես շատ եմ մտածել, ինչո՞վ է պայմանավորված ձայնի տեմբրի նման գեղեցկությունը, իհարկե անձի ներքին հարուստ ներաշխարհով, ինտելեկտով, տաղանդով, բայց Սողոմոնյանի տեմբրն իր բացառիկությամբ նաև պայմանավորված է հայկական ոգով, հայկական երանգների առկայությամբ: Հավատացեք, երբ հնչում է Արսեն Սողոմոնյանի ձայնը միջազգային բեմահարթակներում, համարում եմ, որ հնչում է Հայաստան պետության արժանապատիվ ձայնը»։

Հեղինակավոր միջազգային երաժշտաքննադատները նշում են, որ հայ երգչի կատարումները հիշեցնում են իտալական օպերային դպրոցի լեգենդար վարպետներին, նրա ելույթներն ամենուր պսակվում են մեծ հաջողությամբ, նա հանդիսատեսին գերում է իր ձայնի թավշյա տեմբրով, դերի խորը, զգացմունքային մեկնաբանությամբ, դրամատիկ տաղանդով և խարիզմատիկ բեմական կեցվածքով:

Հավելենք, որ մեր հայրենակցի վերջին շրջանի նշանակալի ելույթների թվում են՝ Հերմանը (Չայկովսկի՝ «Պիկ թագուհի») Բադեն-Բադենի Ֆեստշփիլհաուսում, Բեռլինի ֆիլհարմոնիկի հետ՝ վերջինիս գլխավոր դիրիժոր Կիրիլ Պետրենկոյի ղեկավարությամբ, Օթելլո՝ Բավարիայի պետական օպերային թատրոնում, Լեոնկավալլոյի «Գնչուներ» օպերայում՝ Լոնդոնի Օպերա Ռառայում, Կալաաֆը (Պուչչինի՝ «Տուրանդոտ») և Կավարադոսին (Պուչչինի «Տոսկա») Կարակալլա փառատոնում, Կալաաֆը՝ Բեռլինի պետական օպերայում, Օթելլո՝ Վաշինգտոնի ազգային օպերայում, Տուրիդդու (Մասկանի՝ «Գեղջկական ասպետություն»)՝ Հունաստանի ազգային օպերայում, Պիեր Բեզուխով (Պրոկոֆև՝ «Պատերազմ և խաղաղություն»)՝ Բավարիայի պետական օպերայում՝ Վլադիմիր Յուրովսկու ղեկավարությամբ:

 

Աստղիկ ԴԱԼԼԱՔՅԱՆ

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031