Լրահոս
Օրվա լրահոսը

«Մեզ համար շատ կարևոր է, որ այս ստորագրությունները հավաքվեն հնարավորինս արագ»․ Արտակ Զեյնալյանը՝ Եվրաքվեի ստորագրահավաքի մասին

Հոկտեմբեր 02,2024 14:23

«Մեզ համար շատ կարևոր է, որ այս ստորագրությունները հավաքվեն հնարավորինս արագ, որովհետև դեպքերի զարգացումը մեր շուրջ շատ արագ է տեղի ունենում․ որքան արագ կարողանանք առաջարկել այս օրենքն ԱԺ-ին, այնքան մեր հնարավորությունները մեծ կլինեն»,- Եվրաքվեի ստորագրահավաքի առաջին 15 օրերի արդյունքների ամփոփմանը նվիրված մամուլի ասուլիսի ժամանակ կարծիք հայտնեց Եվրաքվեի ստորագրահավաքի շտաբի՝ ԿԸՀ-ում լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը։

Նա պարզաբանեց՝ 60 օրվա ընթացքում ստորագրություն հավաքելն իրավունք է․ «Այդ հիսուն հազարի իրավունքն է 60 օր ունենալը։ Գտնում ենք, որ ոչ աշխատանքային օրերը ևս պետք է ընդգրկված լինեն այս 60 օրվա մեջ։ Մի փոքր տարաձայնություն ունենք ԿԸՀ-ի հետ։ ԿԸՀ-ում գտնում են, որ համայնքի հայեցողության շրջանակում է այդ հարցը։ Բայց ասեմ, որ մի շարք համայնքներ՝ այդ թվում Երևանը, Գյումրին, Վանաձորն ապահովել են շաբաթ-կիրակի ստորագրությունների ընդունումը։ Նաև պաշտոնատար անձանց կցել են ոչ աշխատանքային օրերին։ Մենք առաջարկով հանդես ենք եկել, որ ժամը 10։00-16։00 համայնքները կցեն համապատասխան պաշտոնատար անձանց, որոնք պետք է վարձատրվեն։ Մենք նաև խնդիր ունենք տեղեկատվության տարածման հետ կապված։ Հանրայինը հրաժարվել է ընդունել մեր գովազդը՝ պատճառաբանելով, որ ԿԸՀ-ն չի հաստատել քաղաքական գովազդի գնացուցակը՝ համարելով, որ սա նաև ընտրական իրավունք է։ Սա ընտրական իրավունքի իրացում չէ․ ընտրական իրավահարաբերություններ չեն, սա մարդու՝ պետական և տեղական ինքնակառավարմանը մասնակցելու իրավունքի դրսևորումն է»։

Արտակ Զեյնալյանը նաև տեղեկացրեց՝ ԿԸՀ-ն հիմա աշխատում է էլեկտրոնային հարթակի՝ ծրագրային ապահովման վրա, որի արդյունքում անձինք կկարողանան իրենց բջջային հեռախոսներով ստորագրել, արտահայտել իրենց կամքը։ Նրանք ունենալու են պատուհան, որտեղ իրենց ստորագրության կոդը պետք է հավաքեն, եթե իրենք բջջային SIM քարտերի վրա կցեն իրենց էլեկտրոնային ստորագրությունը։

Արտակ Զեյնալյանն ի պատասխան լրագրողների հարցերին նշեց, որ ևս 300․000 ստորագրություն է պահանջվելու, որ գործընթացը մտնի հանրաքվեի փուլ։

 

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031