Լրահոս
Օրվա լրահոսը

Այն արտահայտությունը, որը որպես վիրավորական արտահայտություն է ներկայացրել, իրեն չի հասցեագրված, իսկ ում հասցեագրված է, նա դատարան չի դիմել. Զարուհի Նախշքարյան

Հոկտեմբեր 02,2024 13:51

Վճռաբեկ դատարանի հակակոռուպցիոն պալատի դատավոր Ռուբիկ Մխիթարյանն ընդդեմ «Փաստինֆո» լրատվամիջոցի հայց է ներկայացրել դատարան՝ զրպարտության եւ վիրավորանքի համար:

«Փաստինֆոյի» ներկայացուցիչ Զարուհի Նախշքարյանն (լուսանկարում) այսօր դատարանում ներկայացրեց հայցի վերաբերյալ իր առարկությունները:

Ըստ նրա՝ Սահմանադրական դատարանի որոշում կա, որով ամրագրվել է՝ լրատվամիջոցի դեմ հրապարակման հետ կապված վեճի հարուցումից առաջ կողմը պարտավոր է առաջարկել վեճը լուծել արտադատարանական կարգով: Մինչդեռ հայցվորը նման ընթացակարգի չի դիմել, պատասխանողը հերքման կամ պարզաբանման կամ այլ ձեւով հարցին լուծում տալու առաջարկ հայցվորից չի ստացել:

Նախշքարյանը նկատեց, որ դատավորների ժողովից առաջ «Փաստինֆոն» եւ մի քանի այլ լրատվամիջոցներ դիմել են Մխիթարյանին իրենց բարձրացրած հարցերի վերաբերյալ պարզաբանում ստանալու համար, բայց Մխիթարյանը մշտապես կտրականապես հրաժարվել է դիրքորոշում ներկայացնել կամ պատասխանել լրատվամիջոցների հարցերին: Զարուհի Նախշքարյանի խոսքով, միայն դա արդեն իսկ բավարար է հայցը մերժելու համար:

Նիստը նախագահող դատավորը հստակեցրեց, որ հայցի պահանջը դիտարկվել է վիրավորական արտահայտությունները եւ զրպարտանքը:

«Փաստինֆոյի» ներկայացուցիչը անդրադարձավ նաեւ դրան՝ ասելով, որ իրականում բացարձակ վիրավորանք չկա:

Որպես վիրավորական արտահայտություններ՝ հայցվոր կողմը ներկայացրել է «իշխանության կամակատար» եւ «անձնուրաց ծառայելու» դրվագը: Բայց, ըստ Նախշքարյանի, պատասխանողը Մխիթարյանին «կամակատար» չի անվանել, այլ նշել է, որ Մխիթարյանի կերպարի շուրջ ստեղծվել է այլ իմիջ. «Հայցվորն իրեն է վերագրել այն, ինչ պատասխանողն իրեն չի վերագրել»:

Որպես վիրավորանք՝ հայցվոր կողմը ներկայացրել է նաեւ «թե ինչպես են վարձահատույց լինում իրեն, անձնուրաց ծառայած դատավորներին, եթե համարում են նույնիսկ ամենավարկաբեկվածն ու բարեվարքության ստուգումը տապալածը: Այնպես որ, չի բացառվում Մխիթարյանի դեպքում գործ կունենանք Մնացականյան 2 օպերացիայի հետ»:

«Ես հատուկ ընթերցեցի, որ դատարանը կարողանա տեսնի, որ ճիշտ հակառակը՝ տվյալ դեպքում նշելով, որ առանձին դատավորների, իրենց անձնուրաց ծառայած դատավորներին իշխանությունները վարձահատույց են լինում, այնուհետև նշվում է , որ չի բացառվում, որ Մխիթարյանի դեպքում եւս, այսինքն ՝ այդ դատավորների խմբում Մխիթարյանին չի ընդգրկում, բայց չի բացառում: Տվյալ դեպքում այն արտահայտությունը, որ որպես վիրավորական արտահայտություն է ներկայացրել, իրեն չի հասցեագրված, իսկ ում հասցեագրված է, նա դատարան չի դիմել»,- ասաց Զարուհի Նախշքարյանը:

Վերջինս անդրադարձավ նաեւ հայցում Մխիթարյանի բերած զրպարտություն համարվող արտահայտություններին. «Հայցվորի՝ ԲԴԽ անդամի թեկնածությունը առաջադրելու եւ դիմումը հետ վերցնելու, որոշ դատավորների անձնական ներքին նամակագրության մասին տեղեկություններ իշխանություններին հայտնելու եւ ԲԴԽ նախագահի կողմից Վերաքննիչ դատարանի ստվերային նախագահ կարգված լինելու մասով:

Վճռաբեկ դատարանի նախադեպային որոշում կա, ըստ որի՝ փաստացի տեղեկությունը պետք է լինի ոչ միայն իրականությանը չհամապատասխանող, այլեւ միաժամանակ անձի արժանապատվությունը նսեմացնող, միայն այդ դեպքում կարող ենք քննարկել զրպարտության ինստիտուտը… իսկ այստեղ որեւէ նսեմացում չկա»:

Նախշքարյանի խոսքով՝ ԲԴԽ նախագահի կողմից որեւէ հերքում, պարզաբանում Վերաքննիչ դատարանի ստվերային նախագահ կարգելու հանգամանքի մասով չի ներկայացվել նյութի հրապարակումից հետո. «Ընդ որում՝ չլսված բան էր, երբ Վերաքննիչ դատարանի նախագահը նշանակված էր եւ պաշտոնավարում էր, զուգահեռ հավաքել դատավորներին, դեռ հայտնի չէ՝ ինչ ձեւաչափով, ու մեկ այլ դատավորի ընտրություն կատարել նախագահի պաշտոնում, որը թեեւ գրանցված նախագահ չի լինի, բայց ԲԴԽ նախագահի համար կկատարի նախագահի պարտականությունները, սա չլսված բան է եղել հայ հասարակությունում: Եվ այդ ժամանակահատվածում ողջ լրատվամիջոցները քննարկել են այս հարցը: Այս պարագայում որեւէ անգամ չի հերքել տվյալ տեղեկատվությունը»:

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031