«Ամերիկայի ձայն». Հայտնի է, որ Մինեսոտայի լիբերալ նահանգապետ և նախկին դպրոցի ուսուցիչ 60-ամյա Ուոլցը և Օհայոյից պահպանողական սենատոր ու գրքի հեղինակ 40-ամյա Վենսն ունեն տարբեր, հաճախ հակադիր տեսակետներ ազգին հուզող շատ հարցերի վերաբերյալ:
Չնայած ընթացող նախընտրական կոշտ պայքարի՝ ԱՄՆ փոխնախագահի երկու թեկնածուներն էլ բեմ բարձրանալիս հարգանքով սեղմեցին միմյանց ձեռքերը: Ընդհանուր առմամբ, բանավեճն անցավ փոխադարձ հարգանքի մթնոլորտում:
Բանավեճը մեկնարկեց Իսրայելի վրա Իրանի աննախադեպ հարձակումից ժամեր անց։ Փոխնախագահի երկու թեկնածուներին տրված առաջին հարցը վերաբերում հենց այդ զարգացմանը: Թիմ Ուոլցն անմիջապես դատապարտեց նախկին նախագահ Դոնալդ Թրամփի արտաքին քաղաքականությունը՝ քննադատելով նրան դեպի Վլադիմիր Պուտին շրջադարձ կատարելու ու 2015թ.-ի իրանյան միջուկային համաձայնագրից Միացյալ Նահանգները դուրս բերելու համար։
«Չնայած նահանգապետ Ուոլցը պարզապես մեղադրել է Դոնալդ Թրամփին քաոսի գործակալ լինելու մեջ, Դոնալդ Թրամփը իրականում կայունություն է բերել աշխարհին», – հակադարձել է Վենսը: «Եվ նա դա արեց՝ ստեղծելով արդյունավետ զսպում: Մարդիկ վախենում էին թույլատրվածից այն կողմ անցնել»։
Կարդացեք նաև
Ամերիկյան երազանքի, կլիմայի փոփոխության և «Հելենա» փոթորկի մասին
Մինչ ՋեյԴի Վենսը կպատասխաներ հարցին, թե արդյո՞ք նա կաջակցի, թե դեմ կլինի Իսրայելի կանխարգելիչ հարվածին Իրանին, նա ժամանակ հատկացրեց ներկայանալու հանրությանը՝ ընդգծելով, որ շատերը չեն ճանաչում ոչ իրեն, ոչ էլ Մինեսոտայի նահանգապետ Թիմ Ուոլցին:
«Ես մեծացել եմ բանվորական ընտանիքում։ Մայրս իր ողջ կյանքի ընթացքում սննդի օգնության կարիք ուներ: Տատիկս ինձ մեծացնելու համար սոցիալական աջակցության կարիք ուներ, և նա ինձ մեծացրեց, քանի որ մայրս իմ կյանքի մեծ մասը պայքարում էր թմրամոլության դեմ», – ասում է Վենսը: «Ես քոլեջ եմ գնացել ծովային հետեւակային կորպուսում և Իրաքում ծառայելուց հետո, և այդ իսկ պատճառով ես կանգնած եմ այստեղ և խնդրում եմ, որ ինձ ընտրեք որպես ձեր փոխնախագահ՝ արտասովոր երախտագիտությամբ դեպի այս երկիրը, ամերիկյան երազանքը, որն ինձ թույլ է տվել հասնել իմ երազանքներին»,- նշել է հանրապետական թեկնածուն:
Վենսն ասաց, որ իր նպատակն է համոզել ընտրողներին, որ Դոնալդ Թրամփի երկրորդ նախագահությունն ավելի հասանելի կդարձնի ամերիկյան երազանքը:
«Ես ուզում եմ փորձել համոզել ձեզ այս երեկո, հաջորդ 90 րոպեների ընթացքում, որ եթե մենք Դոնալդ Թրամփին վերադարձնենք Սպիտակ տուն, ամերիկյան երազանքը կրկին հասանելի կդառնա»,- ասել է Վենսը՝ նախքան հարցին պատասխանելը:
Թիմ Ուոլցը խոստովանել է, որ իր հակառակորդը նախկինում խոսել է կլիմայական խնդրի առկայության մասին, սակայն ընդգծել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփի մեկնաբանությունները այս հարցի վերաբերյալ, որը բնութագրում է կլիմայի փոփոխությունը որպես «խաբեություն»:
«Այն, ինչ մենք այժմ տեսանք Բայդեն-Հարիսի վարչակազմում, ներդրումներ են: Մենք հսկայական ներդրումներ ենք արձանագրել»,- ասել է Ուոլցը կլիմայի փոփոխության վերաբերյալ բանավեճի ժամանակ:
Նա ասաց, որ խոսել է ֆերմերների հետ, ովքեր «գիտեն, որ կլիմայի փոփոխությունն իրական է» և ովքեր բարելավումներ են ապրել ներկայիս վարչակազմի քաղաքականության ներքո:
Վենսին հարցրել են, թե ինչ պատասխանատվություն է կրելու Թրամփի վարչակազմը՝ փորձելով նվազեցնել կլիմայական ճգնաժամի ազդեցությունը։
Սենատոր Վենսն ասել է, որ «Հելենա» փոթորկի պատճառած ավերածությունները «անհավանական, անասելի մարդկային ողբերգություն են»:
«Վստահ եմ, որ նահանգապետ Ուոլցը միանում է ինձ: Մեր սրտերը ցավում են այս անմեղ մարդկանց համար, մեր աղոթքները նրանց հետ են: Եվ մենք ցանկանում ենք որքան հնարավոր է ուժեղ և ակտիվ դաշնային արձագանք տեսնել՝ հնարավորինս շատ կյանքեր փրկելու համար», – ավելացրեց նա:
Ուոլցը փոթորիկը անվանել է «սարսափելի ողբերգություն»՝ ասելով, որ իր «սիրտը ցավում է» տուժած մարդկանց համար:
Անօրինական ներգաղթի դեմ պայքարի մասին
Առաջին անգամ CBS-ի մոդերատորները ստիպված եղան անջատել փոխնախագահի թեկնածուների խոսափողերը ներգաղթի մասին քննարկման ժամանակ, մասնավորապես՝ այն ծրագրի, որը թույլ է տալիս Հաիթիի ներգաղթյալներին օրինական կերպով գտնվել երկրում: Վենսը կասկածներ հայտնեց ծրագրի օրինականության վերաբերյալ՝ չնայած մոդերատորների՝ հաջորդ հարցին անցնելու փորձերին։ Այն բանից հետո, երբ Ուոլցը մտավ քննարկման մեջ, խոսափողներն անջատվեցին։
ՋեյԴի Վենսը ուղղակիորեն չի պատասխանել այն հարցին, թե արդյոք նա կաջակցի երեխաներին անօրինական ներգաղթյալ ծնողներից բաժանելու դեպքերին ԱՄՆ հարավային սահմանում:
«Իմ խնդիրն այն է, որ մենք արդեն ունենք երեխաների զանգվածային բաժանումներ՝ ի շնորհիվ Քամալա Հարիսի բաց սահմանների քաղաքականության», – ասել է Վենսը:
Սենատորը նաև մեղադրել է Հարիսին այն բանում, որ թույլ է տվել կարտելներին «ազատ գործել այս երկրում»՝ պնդելով, որ նրանք օգտագործում են երեխաներին թմրանյութեր տեղափոխելու համար:
Ներգաղթը դարձել է 2024 թվականի քարոզարշավի առանցքային թեմա, և դա առաջին հարցերից մեկն էր, որը քննարկվեց այսօրվա փոխնախագահի թեկնածուների բանավեճում:
Թիմ Ուոլցը նշել է, որ Կոնգրեսի երկկուսակցական խումբն աշխատում էր նոր օրինագծի վրա, որը կապահովի ֆինանսավորում և լրացուցիչ անվտանգություն հարավային սահմանին, սակայն նախկին նախագահ Դոնալդ Թրամփը հանրապետականներին հորդորեց դեմ քվեարկել դրան:
«Դոնալդ Թրամփն ասաց՝ ոչ և նրանց հորդորեց «ոչ» քվեարկել՝ այս հարցով քարոզչություն անելու համար: Ինչի մասին էր խոսելու Դոնալդ Թրամփը, եթե մենք իրականացնեինք դրանցից մի քանիսը: Այս փոփոխությունները պետք է կատարվեն օրենսդիր մարմնի կողմից, դուք չեք կարող դա անել միայն գործադիր իշխանության միջոցով», – ասել է Ուոլցը:
Ուոլցն ասել է, որ նախկին նախագահը 4 տարի ուներ, որպեսզի կատարեր իր խոստումները սահմանին, մինչ ինքը պետության ղեկավարն էր: Սակայն, ըստ նրա, Թրամփը չլուծեց խնդիրը՝ կառուցելով Մեքսիկայի հետ սահմանին իր խոստացած պատի ընդամենը «2%-ը»:
Աբորտի մասին
Քննարկվող թեմաներից մեկը հղիության արհեստական ընդհատման քաղաքականությունն էր։
«Եթե նահանգները որոշեն, ապա այն, ինչ ճիշտ է Տեխասի համար, կարող է ճիշտ չլինել Վաշինգտոնի: Դա այդպես չի աշխատում», – ասաց Ուոլցը՝ աբորտն անվանելով «մարդու հիմնարար իրավունք»: Փաստարկելով իր դիրքորոշումը՝ նա ասաց, որ Տեխասում, մի նահանգում, որտեղ հղիության 6 շաբաթից հետո արգելվում է աբորտը, մայրական մահացության աճ է նկատվում, ինչը, ըստ նրա, «առաջ է անցնում աշխարհի շատ երկրներից»։
«Սա հանրային առողջության խնդիր է», – ասաց դեմոկրատ թեկնածուն: «Առանց պատճառի չէ, որ մենք Մինեսոտայում այս ոլորտում առաջատար ենք համարվում: Մենք վստահում ենք կանանց, վստահում ենք բժիշկներին»:
«Ես ցանկանում եմ, որ մենք՝ որպես Հանրապետական կուսակցություն, լինենք ընտանիքի կողմնակից՝ բառի ամբողջական իմաստով», – իր հերթին ասաց Վենսը:
Որպես օրինակ՝ նա թվարկեց այն միջոցառումները, որոնք նա կցանկանար իրականացնել այս ոլորտում. մասնավորապես աջակցել անպտղության բուժմանը և երիտասարդ ընտանիքների կողմից անշարժ գույք գնելն ավելի մատչելի դարձնելուն։ «Կարծում եմ, որ մենք այնքան շատ բան կարող ենք անել հանրային քաղաքականության տեսանկյունից՝ կանանց ավելի շատ ընտրություն տալու համար», – ընդգծեց հանրապետական թեկնածուն: