Լրահոս
Օրվա լրահոսը

Հայրենիք ունենալով՝ հայրենասիրութիւն չունենալն է անէծքը

Հոկտեմբեր 02,2024 09:30

«Ազգի ոգին մեզ առաջնորդող ջահն է խաւարի խժդժութիւնների միջով: Մեր խիզախութեան ներշնչանքն է նա: Առանց խիզախների ազգային շարժում ստեղծուել չի կարող, և խիզախութիւնը չի ընդունում ոչ խուճապ, ոչ նահանջ»:

 Ստեփան Ալաջաջյան

 Հայ ականավոր գրող թարգմանիչ, ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործիչ Ստեփան Ալաջաջյանի գործերը, հատկապես «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, խորհրդային տարիներին մեծ դժվարությամբ կարելի էր ձեռքբերել։ Գրողի ծննդյան 100 ամյակին նվիրված ցերեկույթ կայացավ հոկտեմբերի 1-ին ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի դահլիճում։

«Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ը Ստեփան Ալաջաջյանին նվիրված պուրակ էր հիմնել Բերձորում, որտեղ կանգուն էր նաև հուշաքար։ Բացի այդ՝ նույն հիմնադրամի հովանավորմամբ 2019-22 թվականներին վերահրատարակվել են գրողի «Եղեգները չխոնարհվեցին» վեպը և «Չսպիացած վերք» եռահատորյակը։ Հարյուրամյա հոբելյանը նույնպես կայացավ հիմնադրամի, Հայ նոր գրականության և քննադատության ամբիոնի նախաձեռնությամբ ու հովանավորությամբ՝ ԵՊՀ ռեկտորատի աջակցությամբ։

Ցերեկույթին ներկա էին գրողի հարազատները՝ կինը Սեդան, դուստրը՝ Թերեզան, որդին՝ Զոհրաբը, մտերիմներ, ուսանողներ, գրողներ, նրա գործերի երկրպագուներ, հյուրեր նաև արտերկրից։

Ցերեկույթը վարեց գրականագետ Սեյրան Գրիգորյանը։ Նախագահությունում էին նաև ԵՊՀ Արևելագիտության ֆակուլտետի նախկին դեկան, «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի նախագահ Գուրգեն Մելիքյանը, Հայ բանասիրության ֆակուլտետի դեկան Արշալույս Գալստյանը։

ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանի բացման խոսքը ներկայացրեց ԵՊՀ դասախոս, գրականագետ, բ․ գ․ դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Սամվել Մուրադյանը։ Նա կարևորեց գրողի ստեղծագործությունը որպես իսկական գրական երևույթ։

Ստեփան Ալաջաջյան գրող-հասարակական գործիչ, հայրենասեր մտավորականի կյանքն ու ստեղծագործությունը ներկայացրեց ԵՊՀ հայ բանասիրության ֆակուլտետի նախկին դեկան, գրականագետ, բ․ գ․ դ․, պրոֆեսոր, ՀՀ գիտությունների վաստակավոր գործիչ, Հայաստանի գրողների միության անդամ Արծրուն Ավագյանը, որը նաև խմբագրել է գրողի վերը նշված ստեղծագործությունները։

Ստեփան Ալաջաջյանը ծնվել է Սիրիայի Հալեպ քաղաքում 1924 թ․ հունվարի 3-ին, Հայոց Մեծ եղեռնից մազապուրծ փրկվածների ընտանիքում։ 1946-ին տեղափոխվել է Հայաստան։ 1951թ․ ավարտել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետի հոգեբանության և տրամաբանության ֆակուլտետը, 1957-ին ԽՍՀՄ գրողների միությանն առընթեր գրական բարձրագույն դասընթացները (Մոսկվա): 1957-1963-ին աշխատել է «Սովետական գրականություն» ամսագրում որպես արձակի բաժնի վարիչ: 1966-1967-ին եղել է «Հայաստան» հրատարակչության գեղարվեստական գրականության խմբագրության վարիչ, 1967-1975-ին` Հայաստանի սովետական գրողների վարչության քարտուղար։ 1980-ից աշխատել է ՀԽՍՀ կուլտուրայի մինիստրության Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն։ Նրա գրական առաջին գործը` «Ծովուն երգը», լույս է տեսել 1939-ին, Բեյրութի «Պատանեկան արձագանք» պարբերականում։ Բացի վերը նշված գործերից, Ստեփան Ալաջաջյանը գրել է «Անապատում», «Պարտություն» վիպակները և «Եռաթև ծիածան» ու «Մադլենն ապրում է Փարիզում» պատմվածքների ժողովածուները, այլ գործեր, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով։ «Եղեգները չխոնարհվեցին» վեպը 1973թ․ Թեհրանում լույս է տեսել պարսկերեն։ 

Ալաջաջյանի սցենարով (հեղինակակից Հենրիկ Մալյան) «Հայֆիլմ» կինոստուդիան 1980-ին նկարահանել է «Կտոր մը երկինք», իսկ 1984- «Ճերմակ անուրջներ» գեղարվեստական կինոնկարները։ Հիվանդությունը բուժելու նպատակով՝ Ստ․ Ալաջաջյանը 2001 թվականից բնակություն է հաստատել է Լոս Անջելեսում։ 2008-ի սեպտեմբերի 19-ին ՀՀ մշակույթի նախարարության կողմից պարգևատրվել է Ոսկե մեդալով։ Վախճանվել է Լոս Անջելեսում, 2010-ի դեկտեմբերի 23-ին։

Ա․ Ավագյանը հանգամանալից ներկայացրեց հատկապես «Եղեգները չխոնարհվեցին» վեպը, որն այսօր էլ արդիական է, կարող է դառնալ դասագիրք ներկա սերնդի համար։ 100 տարի առաջ մեր ազգի համար տեղի ունեցած ողբերգական իրադարձությունները կրկնվեցին։ Այն ժամանակ կորցրեցինք Կիլիկիան, այսօր՝ Արցախը՝ հավատալով օտարներին։

Գրողի ստեղծագործությանն անդրադարձավ նաև Հայաստանի գրողների միության նախագահ Էդվարդ Միլիտոնյանը։

Եղան նաև այլ ելույթներ Ստեփան Ալաջաջյանի հետ մտերիմ մտավորականների՝ գրողների, դերասանների կողմից։ Բոլորն էլ բարձր գնահատեցին ականավոր գրողի թե գրական ժառանգությունը, և թե մարդկային բնավորությունը:

Ողջույնի խոսքով հանդես եկավ նաև գրողի դուստրը՝ Թերեզա Ալաջաջյանը՝ շնորհակալություն հայտնելով ցերեկույթի կազմակերպիչներին, ներկաներին։

Տեղեկացվեց նաև՝ «Գուրգեն Մելիքյանի՝ Քաշաթաղի բազմազավակ ընտանիքների հիմնադրամ»-ի կողմից նշանակվել է Ստ․ Ալաջաջյանի անվան կրթաթոշակ, որը հատկացվում է բանասիրական ֆակուլտետի լավագույն ուսանողներին։ Նրանցից 4-րդ կուրսի ուսանողուհի Անահիտ Վարդանյանն ընթերցեց հատված «Եղեգները չխոնարհվեցին» վեպից՝ շնորհակալություն հայտնելով կրթաթոշակ նշանակողներին։

 

Հանդիսավոր մասից հետո կայացավ գեղարվեստական մաս։

Երգիչ Տիգրան Պետրոսյանը հայ ազգագրական երգերով հանդես եկավ 2 դուստրերի հետ։

Արցախյան բարբառով երգերով ներկաներին ոգևորեց երգիչ Արթուր Խաչենցը։

 Զոհրաբ Ըռքոյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031