Լրահոս
Օրվա լրահոսը

Լիբանանը կրկին հայտնվեց ուշադրության կենտրոնում, բայց ողբերգական կերպով

Հոկտեմբեր 02,2024 12:30

Իսրայելն օրերս սպանեց «Հըզբոլլահ» շարժման առաջնորդ շեյխ Հասան Նասրալլահին: Իսրայելն այսօր գիտի բոլոր շարժերը, թաքստոցները, գաղտնի մարտավարությունը, զենքի պահեստները, թվում է, թե «Հըզբոլլահը» կորցրել է իր 90%-ը, ուժը, ռազմական բացը հսկայական է թվում, եւ մինչ ավելի քան 1000 լիբանանցի նահատակվում է, շիաները փողոցներում են՝ առանց ապաստանի…

Տեսնում եմ Հայաստանի Հանրապետությունում քաղաքական շատ վերլուծաբաններ փորձում են մեկնաբանել լիբանանա-իսրայելական նոր պատերազմը: Կարծում եմ, որ նույնիսկ միջազգային մակարդակով լիբանանյան պատմությունը խորը չի ընկալվել, եւ լրատվամիջոցները միայն վերլուծում են՝ հիմնված մակերեսային, բայց հաստատված սկզբունքների վրա, որոնք գերիշխող են, բայց ճշգրիտ չեն, եւ իրականում հակասական են: Բազմաթիվ գործոններ են հանգեցրել դրան:

Այս իրավիճակի գլխավոր մեղավորը իրականում լիբանանյան քաղաքական կառուցվածքն ու հավասարումն է, որը պարարտ հող է տվել տարածաշրջանային եւ միջազգային յուրաքանչյուր տերության՝ խեղաթյուրելու լիբանանյան ողբերգությունը: Յուրաքանչյուրը, ելնելով իր շահերից, ներկայացնում էր Լիբանանը մեկ հակամարտող կողմի տեսանկյունից, իսկ հակամարտող կողմերը բազմաթիվ են: Անհնար է բացատրել լիբանանյան ճգնաժամը 10 կամ 20 տարի հետ գնալով՝ պետք է շատ ավելի վաղ հետ գնալ, ինչպես նաեւ բացատրել ոչ միայն Լիբանանի պատմությունը, այլեւ շրջակա պետություններինը: Այս ամբողջ շփոթության պատճառը նրանում է, որ մինչ օրս հակամարտող լիբանանյան կրոնական եւ քաղաքական/գաղափարական ուժերը չեն որոշել այդ փոքրիկ երկրի ազգային ինքնությունը, նպատակներն ու բնույթը։

Լիբանանն իր անկախությունը ձեռք բերեց 1943 թվականին: Այն բաղկացած էր 17 կրոնական խմբերից, քրիստոնյաները կազմում էին երկրի շուրջ 50%-ը, իսկ մյուս 50%-ը 4 մուսուլմանական խմբերն էին՝ մուսուլման շիա եւ սուննի մեծամասնություն, դրուզ ու ալավի փոքրամասնություններ։

Լիբանանը գործում էր կրոնական համայնքային սահմանադրությամբ եւ մեխանիզմով. երկրի նախագահ՝ բանակի հրամանատար, ինչպես նաեւ Կենտրոնական բանկի ղեկավար կարող էր դառնալ միայն քրիստոնյա մարոնիտը (քրիստոնեական ամենամեծ կրոնական խումբը): Վարչապետ կարող էր դառնալ միայն մահմեդական սուննին, իսկ խորհրդարանի նախագահ կարող էր դառնալ միայն մուսուլման շիան: Այն ժամանակ խորհրդարանի 52%-ը բաղկացած էր քրիստոնյաներից եւ 48%-ը՝ մահմեդականներից։

Շուտով սկսվեց ինքնության կռիվը, երբ Աբդել Նասերը դարձավ Եգիպտոսի նախագահ ու կոչ արեց միասնական արաբական պետության եւ ազգայնականության։ Սիրիան եւ Եգիպտոսը ստեղծեցին միացյալ պետություն, լիբանանյան մահմեդականները կոչ էին անում միավորվել, հատկապես՝ սուննիները, ինչպես նաեւ լիբանանյան ձախերը՝ դրուզների առաջնորդ Քամալ Ջումբլաթի գլխավորությամբ:

Լիբանանի քրիստոնյա աջերը՝ «Քաթայիբ» կուսակցությունը, կամ այլ կերպ ասած՝ «Լիբանանյան ֆալանգներ», կողմ էր Լիբանանի անկախությանը՝ ոչ միայն արեւմուտքից, այլեւ Սիրիայից եւ դեմ էր «պան-արաբիզմին»: Բայց 1958 թվականին լիբանանյան ձախերը հեղափոխություն սկսեցին՝ Լիբանանի նախագահ Քամիլ Շամունը հրավիրվեց ԱՄՆ, եւ ամեն ինչ ժամանակավոր հանդարտվեց։

Իսկ Լիբանանը դաս չէր

քաղել…

Մի քանի տարի անց Պաղեստինի զինված խմբավորումները, որոնք տեղակայված էին Հորդանանում (մահմեդական սուննի), սպառնացին Հորդանանի ռեժիմին: Հորդանանի թագավորը՝ իսկական պետական գործիչ, վճռական գործողությունների դիմեց, եւ Հորդանանի բանակը ռմբակոծեց պաղեստինյան պարտիզանական խմբերը՝ հայտարարելով, որ բանակը կանգ չի առնի, քանի դեռ նրանք չեն լքել երկիրը:

Ես ունեմ երկու հայրենիք՝ Հայաստան եւ Լիբանան, նաեւ ասեմ, Իսրայելը Ադրբեջանի դաշնակիցն է եւ զինել է նրան ժամանակակից զինատեսակներով, որոնք կիրառվել են Արցախում հայ զինվորների դեմ, եւ Լիբանանի թշնամին…

Իսրայելը օկուպացրեց Պաղեստինը։ Պաղեստինյան զինված խմբավորումները պետք է լքեին Հորդանանը, եւ Լիբանանը թույլ տվեց պատմական այնպիսի սխալ, որը հանգեցրեց նրա հավերժական ողբերգություններին, եւ այն, ինչ այսօր կատարվում է Լիբանանում, ուղղակի արդյունքն է այն ամենի, ինչ տեղի ունեցավ այդ օրը. Լիբանանը համաձայնեց նրանց հյուրընկալել՝ ընդառաջելով արաբական լիգայի խնդրանքին, քանի որ Լիբանանը արաբական լիգայի հիմնադիր անդամ է:

Երբ նրանք ժամանեցին՝ չհարգեցին լիբանանյան պետությունն ու ինքնիշխանությունը, պարտիզանական հարձակումներ սկսեցին օկուպացված Պաղեստինի վրա Լիբանանի հարավից, Իսրայելը հակադարձեց, եւ Լիբանանը հայտնվեց տասնամյակներ շարունակ տեւող գողգոթայի դարաշրջանը:

Պաղեստինցիները չհարգեցին իրենց հյուրընկալող երկիրը, արհամարհեցին, եւ այժմ նրանք ավելի խորամանկ էին դարձել. ինչ չգտան Հորդանանում՝ տեղացի համակրող դաշնակիցներ, գտան Լիբանանում՝ ձախերի մոտ:

Լիբանանը ներքին հակասություններ ուներ՝ լիբանանյան ձախ առաջնորդ Քամալ Ջունբլաթը մուսուլմանական ճամբարի ամենաուժեղ դեմքն էր, չնայած դրուզական փոքրամասնությանը պատկանելուն: Նա համարում էր, որ սահմանադրությունը խոչընդոտ է իր նախագահ դառնալու համար: Նա խարիզմատիկ եւ շատ լավ կրթված առաջնորդ էր, մուսուլմանները պահանջում էին ավելի մեծ իշխանություն եւ մեղադրում էին քրիստոնյաներին քաղաքական, տնտեսական եւ սոցիալական իշխանությունը մենաշնորհելու մեջ:

Պաղեստինի առաջնորդ Յասեր Արաֆաթն օգտվեց դրանից, եւ լիբանանյան քրիստոնյա աջերը պաղեստինցիներից պահանջեցին դադարեցնել Լիբանանը վտանգի ենթարկելը:

Լիբանանի ձախերն ու մահմեդականները դա վերածեցին խորը քաղաքական ճակատամարտի, լիբանանյան աջերին մեղադրելով «մեկուսացման ուժ» լինելու մեջ, «ովքեր ցանկանում են մեկուսացնել Լիբանանը արաբական դատից»: Արաֆաթը գտել էր այն,ինչ իրեն պակասում էր Հորդանանում՝ տեղական դաշնակից: Լիբանանում պաղեստինցիների աջակիցները սկսեցին պահանջել պաղեստինցիներին ազատ հնարավորություն տալ «ազատագրել Պաղեստինը՝ Լիբանանի հարավից»: Պաղեստինցիները սրեցին իրավիճակը եւ դուրս եկան վերահսկողությունից թե՛ Լիբանանի ներսում, թե՛ հարավում, լիբանանյան բանակը չմիջամտեց: Վարչապետ, մուսուլման սուննի Ռաշիդ Կարամեն այս արդարացումն արեց, որ եթե բանակը միջամտի՝ այն կբաժանվի, եւ որ մահմեդական զինվորները կհրաժարվեն բանակից:

Իսկ լիբանանյան աջերը ստիպված էին զինվել, հատկապես, երբ լիբանանյան պետությունը «Կահիրեի համաձայնագիրը» կնքեց Պաղեստինյան Լիբերալ կազմակերպության(Palestinian Liberation Organisation)՝ ՊԼՕ –ի հետ, որտեղ նրանք զիջման գնացին իրենց ինքնիշխանության եւ պետական որոշմանը, եւ համաձայնվեցին, որ պաղեստինցիներն ազատ են իրենց պարտիզանական գործողություններն իրականացնել օկուպացված Պաղեստինում։ Լիբանանի քաղաքացիական պատերազմը սկսվեց, քանի որ մուսուլման ուժերը գերադասեցին դաշնակցել պաղեստինցիների հետ՝ ընդդեմ լիբանանյան քրիստոնյա աջերի։

Սիրիան լուռ հետեւում էր, քրիստոնյաները պարտություն էին կրում: Լիբանանի 90%-ը գտնվում էր ձախ/պաղեստինյան դաշինքի վերահսկողության տակ, իսկ քրիստոնյաները դիմագրավում էին մոտալուտ վճռական պարտությանը։

Հայկական ասացվածքն ասում է՝ «Երբ խեղդվում ես, գրկում ես օձին»:

Միեւնույն ժամանակ, արաբական լիգան ուժեր ուղարկեց զինյալներին բաժանելու համար, այդ թվում՝ սիրիական բրիգադներ, սակայն արաբական ուժերը վճռական կամ արդյունավետ չէին, նրանք դարձան «խաղաղարար հաշտեցման ուժեր»:

Սիրիայի նախագահ Հաֆեզ Ասադը այլ ծրագրեր ուներ: Նա միշտ Լիբանանը համարում էր Սիրիայի մաս, այդ իսկ պատճառով նա երբեք դիվանագիտական կապեր չհաստատեց Լիբանանի հետ, եւ մինչ Ջունբլաթն ու Արաֆաթը պատրաստվում էին վճռական հաղթանակ տանել, ինչը կկանխեր սիրիական միջամտությունը, սիրիական բանակը մտավ Լիբանան եւ ջախջախեց Ձախ-Պաղեստինյան դաշինքը:

Բնականաբար, լիբանանյան աջերը վերապահորեն ու զգուշորեն գոհ էին:

Բայց ամեն ինչ փոխվեց՝ թեեւ սիրիական բանակն ապահովեց անդորրը, այն էլ կարճ ժամանակով:

Մի քանի տարի անց Եգիպտոսի նախագահ Անվար Սադաթը գնաց Քեմփ Դեյվիդ եւ զինադադար կնքեց Իսրայելի հետ՝ Սիրիային միայնակ թողնելով Իսրայելի դեմ պայքարում։

Սակայն ոչ միայն Սիրիան էր մեկուսացված, այլեւ մեկ խոշոր խաղացող խորապես տուժեց Քեմփ Դեյվիդից՝ Յասեր Արաֆաթը:

Եվ ահա, Հաֆեզ Ասադը «Լիբանանյան ճակատ» քրիստոնյա առաջնորդներին տեղեկացրեց, որ այլեւս չի զսպի ՊԼՕ-ին Լիբանանում (Քամալ Ջունբլաթը սպանվել է, ամենայն հավանականությամբ, Ասադի ռեժիմի կողմից-Պ.Մ.):

Սիրիական նկրտումներն ակնհայտ դարձան Լիբանանում, Ասադն այժմ դաշնակցեց Արաֆաթի հետ եւ սկսեց սադրել լիբանանյան բանակին եւ քրիստոնեական աջ զինված խմբավորմանը՝ լիբանանյան ուժերին: Լիբանանում գտնվող սիրիական զորքերը տեսականորեն դրված էին Լիբանանի նախագահ Էլիաս Սարգիսի հրամանատարության տակ, ինչը միամիտ պնդում էր:

1978-ին սիրիացիները ռմբակոծեցին քրիստոնեական շրջանները, եւ արեւմուտքի ճնշման ներքո նրանք հեռացան քրիստոնեական տարածքներից: Քամալ Ջաբրի որդին դաշնակցեց Ասադի հետ, եւ Լիբանանը մտավ փակուղու մեջ։

Մի քանի տարի անց Իսրայելը մտավ Լիբանան՝ թիվ մեկ քրիստոնյա առաջնորդ Բաշիր Ժմայելը ընտրվեց նախագահ, բայց Բաշիրը հրաժարվեց «Խաղաղության պայմանագիր» կնքել Իսրայելի հետ: Նա նահատակվեց նախագահական պալատ մտնելուց առաջ՝ ահաբեկչական պայթյունի հետեւանքով:

Եվ այս խառնաշփոթի ժամանակ Լիբանանում ստեղծվեց «Հըզբոլլահ» շարժումը, շատերն ասում էին, որ այն ձեւավորել է Իրանի ներքին գործերի նախարար Մոհթաշամին:

Սիրիական գերիշխանության ներքո սուննի ուժերը ջախջախվեցին սիրիական կողմնակից դրուզների եւ շիա ուժերի կողմից::

Սիրիական պատեհապաշտությունը իր գագաթնակետին էր, սիրիական զորքերը եւ նրա դաշնակիցները ռմբակոծեցին Յասեր Արաֆաթի ՊԼՕ-ի զորքերը Լիբանանի հյուսիսային Տրիպոլի քաղաքում, նրա շիա դաշնակիցները (Ամալ Շարժում -Հըզբոլլահի մրցակից, այժմ կցորդ հետեւորդ)100 օր շարունակ շրջափակեցին պաղեստինյան ճամբարները, բայց չկարողացան ջախջախել նրանց:

Շարունակությունը «Առավոտի» շաբաթ օրվա համարում

Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆ

բլոգեր

«Առավոտ» օրաթերթ
01.10.2024

Շարունակությունը՝ այստեղ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031