Համաձայնագրի կնքում` «ամենասեղմ ժամկետներում»
Սեպտեմբերի 26-ին Նյու Յորքում ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանի ընթացքում ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի նախաձեռնությամբ եւ մասնակցությամբ կայացավ Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների՝ Արարատ Միրզոյանի եւ Ջեյհուն Բայրամովի հանդիպումը:
Դա, փաստորեն, Հայաստան-Ադրբեջան առաջին դեմ առ դեմ բանակցություններն էին՝ արդեն համաձայնեցված 16 կետերով խաղաղության պայմանագիր ստորագրելու Հայաստանի առաջարկից հետո, որն Ադրբեջանը գրեթե մեկ ամիս է հետեւողականորեն մերժում էր։
Երեւանն ու Բաքուն հայտարարել են, որ խաղաղության պայմանագրի մոտ 80 տոկոսի շուրջ ընդհանուր հայտարարի են եկել։ Հայաստանի իշխանությունները, ինչպես հայտնի է, առաջարկում են ստորագրել համաձայնեցված դրույթները, ունենալ հիմնարար փաստաթուղթ, որից հետո շարունակել քննարկումներ մնացած հարցերի վերաբերյալ։
Բաքուն մերժում է Երեւանի այս առաջարկը։ Ադրբեջանը պահանջում է Հայաստանից՝ փոխել Սահմանադրությունը՝ զգուշացնելով՝ հակառակ պարագայում խաղաղության պայմանագիրը չի ստորագրի։ Բաքուն խնդրահարույց է համարում Հայաստանի մայր օրենքում հիշատակված Անկախության հռչակագիրը, որում հղում կա Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի միավորմանը։ Երեւանն էլ Սահմանադրությունը փոխելու Բաքվի պահանջը Հայաստանի ներքին գործերին միջամտելու փորձ է որակում։
Կարդացեք նաև
Այսպես, ըստ Հայաստանի ԱԳՆ հաղորդագրության, Նյու Յորքում կողմերը համաձայնել են ներդնել լրացուցիչ ջանքեր «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի՝ ամենասեղմ ժամանակահատվածում կնքման ուղղությամբ։ Հանդիպման վերաբերյալ այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն: Նմանատիպ հաղորդագրություն էր տարածել նաեւ Ադրբեջանի ԱԳՆ-ն:
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ողջունել է երկարատեւ եւ արժանապատիվ խաղաղության հաստատման ուղղությամբ Հայաստանի եւ Ադրբեջանի ձեռք բերած առաջընթացը՝ նշել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը: Նրա փոխանցմամբ, Բլինքենը կոչ է արել երկու երկրներին շարունակել ջանքերը՝ հնարավորինս շուտ համաձայնագիրը վերջնականացնելու ուղղությամբ, եւ պետքարտուղարն ընդգծել է, որ խաղաղության համաձայնագիրը կայունություն ու բարգավաճում կբերի տարածաշրջանին։
Բլինքեն-Միրզոյան-Բայրամով նյույորքյան հանդիպումից հետո, եթե կողմերը համաձայնել են «հավելյալ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագիրն ամենակարճ ժամկետներում կնքելու համար», ի՞նչ ջանքերի մասին է խոսքը: Այս մասին ոչինչ հայտնի չէ: Վաշինգտոնն այդ օրը այլ մանրամասներ չհաղորդեց եռակողմ հանդիպման վերաբերյալ:
Ամերիկյան միջնորդությամբ բանակցություններից մի քանի ժամ անց Նիկոլ Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից կրկնեց Երեւանի առաջարկը. «Խաղաղության համաձայնագրի ստորագրումն արդեն համաձայնեցված հոդվածներով զգալիորեն կհեշտացնի չհամաձայնեցված հարցերի լուծումը։ Խաղաղության համաձայնագրի նախագծի արդեն համաձայնեցված մասերը դրա համար գործիքներ են ստեղծում. դրանցից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հաստատվելիք դիվանագիտական հարաբերություններն են, իսկ երկրորդը՝ խաղաղության համաձայնագրի իրականացումը վերահսկող Հայաստան-Ադրբեջան համատեղ հանձնաժողովը»։
Մյուս կողմից Փաշինյանը թեեւ պնդեց, որ Ադրբեջանի Սահմանադրությունում կա տարածքային պահանջ Հայաստանի նկատմամբ, բայցեւ հավելեց, թե Երեւանը դա նախապայման չի դարձնում. «Բայց ուշադրություն դարձրեք. մենք Ադրբեջանի Սահմանադրությունը Խաղաղության պայմանագրի խոչընդոտ չենք համարում այն պարզ պատճառով, որ խաղաղության պայմանագրի նախագծի համաձայնեցված մասում ունենք ձեւակերպում, որ լուծում է խնդիրը եւ այդ ձեւակերպումը հետեւյալն է. «Կողմերից ոչ մեկը չի կարող վկայակոչել իր ներքին օրենսդրության դրույթները՝ որպես հիմնավորում սույն Համաձայնագրի չկատարման համար»:
Այսպես, մինչ պաշտոնական Բաքուն շարունակում է զգուշացնել Հայաստանին՝ քննադատելով Երեւանի ռազմական գնումները, Փաշինյանը ՄԱԿ-ի ամբիոնից կրկին պնդեց, թե պետք է կենտրոնանալ խաղաղության վրա։
Ըստ ամերիկյան կողմի` Միրզոյանն ու Բայրամովը «զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի մի շարք կոնկրետ տարրերի հարցում»
Վաշինգտոնը նյույորքյան բանակցություններից քիչ անց որոշակի հստակություն մտցրեց ամերիկյան ակնկալիքների հարցում: ԱՄՆ-ում հույս ունեն, որ COP 29-ին ընդառաջ Երեւանն ու Բաքուն կկարողանան խաղաղության պայմանագիր ստորագրել: Ադրբեջանական «Թուրան» գործակալության թղթակցի հարցին ի պատասխան այս մասին հայտնել էր ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդական Թոմ Սալիվանը։ Նա, մասնավորապես պարզաբանել էր`«հանդիպումը նվիրված էր նրան, թե ինչպես կարող ենք COP 29-ին ընդառաջ հաղթահարել մնացած հարցերը։ Մենք տեսնում ենք, որ երկու կողմերի համար կա պոտենցիալ հնարավորություն՝ միավորվելու եւ աշխարհին ցույց տալու, որ իրենք նոր հարաբերություններ են թեւակոխում»,- ասել էր ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան։
Թոմ Սալիվանը, որն, ըստ լրատվամիջոցի, ներկա է եղել պետքարտուղար Բլինքենի կազմակերպած՝ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների բանակցություններին, ասել է, որ երկու կողմն էլ «զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի մի շարք կոնկրետ տարրերի հարցում»։ «Կային մի քանի չլուծված հարցեր… Մենք երեկ պայմանավորվեցինք, որ կշարունակենք լուծումներ փնտրել այն հարցերի համար, որոնք պետք է լուծվեն», – ասել է ԱՄՆ պետքարտուղարի քաղաքական հարցերով ավագ խորհրդականը՝ առանց հստակեցնելու, թե որ հարցերում են Երեւանն ու Բաքուն համաձայնության հասել, եւ որ կետերում են պահպանվում տարաձայնությունները։ «Թիմերը կշարունակեն աշխատել առաջիկա օրերին եւ շաբաթներին եւ կտեսնեն, թե արդյո՞ք մենք կարող ենք իրականում հասնել մի կետի, որտեղ երկու երկրներն ի վիճակի կլինեն ավարտին հասցնելու խաղաղության պայմանագիրը»,- հավելել է Սալիվանը։
Բաքուն կրկնում է Հայաստանի Սահմանադրությունը փոխելու պահանջը, դժգոհում` ռազմական բյուջեի աճից եւ այլ պահանջներ ներկայացնում
Թեեւ ամերիկյան կողմը պնդել է, որ «զգալի առաջընթաց են գրանցել խաղաղության պայմանագրի մի շարք կոնկրետ տարրերի հարցում», եւ որ «կային մի քանի չլուծված հարցեր…», Բաքուն այս դրական երանգներով գնահատականների ֆոնին ներկայացրել է ադրբեջանական դժգոհությունների մի ամբողջ ցուցակ:
Ադրբեջանի արտգործնախարարը Ջեյհուն Բայրամովը վերստին կրկնել է Բաքվի դիրքորոշումը՝ հայ-ադրբեջանական կարգավորման գործընթացն ավարտին հասցնելու համար Հայաստանը «պետք է մեկընդմիշտ հրաժարվի իրավական հարթության վրա Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից՝ սահմանադրական փոփոխություններ մտցնելով», ինչպես նաեւ դժգոհել է ռազմական բյուջեի ավելացումից, «հարձակողական սպառազինության ձեռքբերումից»։
Իսկ Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիեւը իտալական «Լա Ռեպուբլիկա» թերթին տված հարցազրույցում թվարկել է խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները: Նա պնդել է՝ «առանց Հայաստանի Սահմանադրության փոփոխության այդ պայմանագիրը «թղթի կտոր կլինի»», ապա հավելել է. «Մեզ պետք են երաշխիքներ»:
Հաջիեւը թվարկել է, թե որոնք են պայմանագրի ստորագրմանը խանգարող խոչընդոտները։ «Առաջինը՝ Հայաստանի Սահմանադրությունն է, որը կասկածի տակ է դնում Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը։ Դրա նախաբանում հղում կա Անկախության հռչակագրին, որտեղ հայերենով գրված է «միացում» բառը, ինչը նշանակում է ադրբեջանական տարածքի՝ Ղարաբաղի միավորում Հայաստանին»: Ադրբեջանի նախագահի օգնականն ապա պնդել է, թե հայ ժողովուրդը պետք է պահանջի Սահմանադրության փոփոխության հանրաքվե՝ հրաժարվելով ադրբեջանական տարածքների նկատմամբ նկրտումներից։
Նկատենք, որ նշյալ հարցազրույցը տպագրվել է 44-օրյա պատերազմի տարելիցին, ադրբեջանական պաշտոնական լրատվամիջոցները այն տարածել են Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների՝ Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո, որի ավարտին կողմերը խոստացել էին հավելյալ ջանքեր ներդնել խաղաղության համաձայնագիրն ամենակարճ ժամկետներում կնքելու համար։
«Փաստացի տարածաշրջանում արդեն կա խաղաղություն, բայց ոչ թե Հայաստանի բարի կամքի, այլ՝ Ադրբեջանի հարկադրական ու ռազմական քայլերի շնորհիվ», – պնդել է Ալիեւի օգնականը։
Հարցին, թե էլ ի՞նչն է խաղաղության պայմանագրի ստորագրմանը խանգարում, Հաջիեւն արձագանքել է՝ Հայաստանի «ռազմականացումը»։ «Հայաստանի համար լավագույն լուծումը կլինի չեզոքությունը, ոչ թե ռազմական դաշինքները, որոնք սպառնում են Ադրբեջանի անվտանգությանը», – ասել է նա։
Բացի այդ, Հաջիեւը կրկին պնդել է, որ «ադրբեջանցիները պետք է իրենց ծննդավայր՝ Հայաստան վերադառնալու իրավունք ունենան» ու այս հարցը` նա ճարպկորեն կապել է մեկ տարի առաջ Արցախից բռնի տեղահանված հայերի ճակատագրի վերաբերյալ հարցի հետ, նկատելով, թե՝ եթե «ուզում են վերադառնալ, պետք է ընդունեն Ադրբեջանի քաղաքացիությունն ու օրենքները»: Նա նշել է. «Հայաստանը, սակայն, իր հերթին պետք է պատրաստ լինի նույն իրավունքները տալ Արեւմտյան Ադրբեջանի համայնքին, եւ նրանց համար վերադարձի հնարավորություն ստեղծել»։
Հաջիեւը, միաժամանակ, հերքել է պնդումները, թե անցած չորս տարում ադրբեջանական բանակն ինքն է Հայաստանից տարածքներ օկուպացրել. «Այդ մեղադրանքներն անհիմն են։ Եթե սահմանի գիծը որոշված չէ, եւ որեւէ մեկը չգիտի, թե որտեղով է այն անցնում, ինչպես նրանք կարող են մեզ մեղադրել տարածքներ գրավելու մեջ»։ Սակայն սահմանագծման բացակայությունը չի խանգարել Հաջիեւին պնդել, թե մինչ այդ «Հայաստանը ադրբեջանական ութ գյուղեր էր գրավել», որոնցից չորսն «ազատագրվել են սահմանազատման ընթացքում»։
Ադրբեջանական պահանջների փունջը Հայաստանին, ինչպես նկատում ենք, ներկայացված է: Մնում է սպասել պաշտոնական Երեւանի պարզաբանումներին` թե նյույորքյան բանակցությունների ընթացքում խաղաղության պայմանագրում` «զգալի առաջընթաց» ո՞ր կոնկրետ հարցերում է արձանագրվել, եւ արդո՞ք ադրբեջանական պահանջների այս տրցակում հենց այդ թեմաներն են, որոնց առնչությամբ կողմերի մոտ դեռեւս պահպանվում են տարաձայնությունները:
Ամփոփումը` վաղվա համարում:
Էմմա ԳԱԲՐԻԵԼՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ, 01.10.2024