Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞վ է «զանգվածի մարդը» տարբերվում ամբոխից

Հոկտեմբեր 02,2024 13:00

Զանգվածային սպառման հիմնական հետեւանքը

«Եթե ինչ-որ մեկը հետադիմական (ռեակցիոներ) է խաղում, ապա հաստատ այն նպատակով, որ հայրենիքի ու պետության փրկության անվան տակ ամեն ինչ հավասարեցնի գետնին ու լիակատար իրավունք ունենա ոտնակոխ անել մերձավորին՝ հատկապես այն դեպքում, երբ վերջինս իրենից ինչ-որ բան է ներկայացնում: Բայց հեղափոխականները նույն նպատակով են խաղում՝ ճնշվածների ճակատագրով եւ սոցիալական արդարությամբ արտաքուստ համակվածությունը դիմակ է հանդիսանում, որն ազատում է ճշմարտախոս եւ հանդուրժող լինելու, եւ ամենակարեւորը՝ մարդկային արժանապատվությունը հարգելու տհաճ պարտականությունից»:

Այս խոսքերի հեղինակն է իսպանացի փիլիսոփա Օրտեգա-ի-Գասետը, մեջբերումն արված է «Զանգվածների ապստամբությունը» գրքից, որը լույս է տեսել 1930 թվականին: «Ապստամբություն» բառն այստեղ, իմ կարծիքով, օգտագործվում է յուրահատուկ ձեւով: Բանն այն է, որ 20-րդ դարում ակնհայտ դարձավ, որ սպառումը դառնում է զանգվածային: Իհարկե, 100 տարի առաջ այդ գործընթացն այնքան զանգվածային չէր, որքան այսօր է, սակայն Օրտեգա-ի-Գասետի նման խորաթափանց մտածողներն արդեն իսկ հասկանում էին, թե որ ուղղությամբ է գնում մարդկությունը:

Ի հայտ էր գալիս «զանգվածի մարդը»: Ոչ թե պարզապես ամբոխը, որը միշտ էլ կար՝ սկսած առնվազն Հին Աթենքից: Ամբոխն առաջանում է այս կամ այն առիթով եւ հետո ցրվում է: Պայմանական Ռոբեսպյերը կամ Շվոնդերը կամ Փաշինյանը մարդկանց որոշակի խմբին (կարող են հազարավոր մարդիկ լինել) դրդում է անել այս կամ այն գործողությանը: Օրինակ, մտնել բանտ ու ծեծելով սպանել կալանավորներին, որոնք արիստոկրատների կամ քահանաների նման էին: Կամ՝ շրջափակել դատարանները: Գործողության ժամանակ մարդիկ կորցնում են իրենց անհատականությունը, այսինքն՝ անում են բաներ, որոնք առանձին-առանձին չէին անի: Բայց հետո իրավիճակն այսպես թե այնպես խաղաղվում է, բոլորը վերադառնում են իրենց առօրյային եւ դառնում են սովորական մարդիկ՝ լավ կամ վատ:

«Զանգվածի մարդն» այլ է: Նա մշտապես գտնվում է սպառման (այդ թվում՝ տեղեկատվության սպառման) ազդեցության տակ եւ, հետեւաբար, գտնվում է անհատականությունը մշտապես կորցրած վիճակում: Դա, կարելի է ասել, անփոփոխ վիճակում գտնվող ամբոխն է: Այդ «զանգվածային մարդն» ընդվզում է, ըմբոստանում է, ապստամբում է անհատականության դեմ՝ մշտապես հաստատելով իր վզին փաթաթած կլիշեները, կարծրատիպերը, նախապաշարումները: Նույն Օրտեգա-ի-Գասետը գրում է. «Ես գիտեմ բազմաթիվ մարդկանց, որոնք անդամակցել են այս կամ այն բանվորական կուսակցությանը միայն մի իրավունք ստանալու նպատակով՝ մտավորականությունը ներքուստ արհամարհելու ու դրան ներքեւից վերեւ չնայելու»: «Զանգվածի մարդու» ապստամբության կարեւոր թիրախներից է մտավորականը՝ որպես իր կլիշեներին չհամապատասխանելու մարմնավորում:

1930 թվականին Եվրոպայում «զանգվածային մտածողության» հիմնական դրսեւորումներն էին «հայրենիքի փրկությունը» (ազգայնականությունն՝ իր տարատեսակներով) եւ «շահագործվող դասակարգերի պաշտպանությունը» (սոցիալիզմի տեսակներից մեկը): Բայց գաղափարախոսությունները փոփոխական են, ինֆանտիլիզմը, մանկամտությունը՝ մշտական:

Ցանկացած հասարակության մեծամասնությունը, ըստ որոշ գնահատականների՝ 85 տոկոսը «զանգվածի մարդիկ» են: Նրանց գլխին երկու լար է միացրած՝ մուտքի եւ ելքի: Ինչ լցվում է ուղեղի մեջ, այն էլ «դուրս է տրվում»: Կարող է, 5 րոպե տարբերությամբ տարբեր բաներ լցվեն: Կարող է անգամ միաժամանակ իրար հակասող գաղափարներ ներարկվեն:

Բայց ամենից հաջողն, իհարկե, ֆիզիոլոգիական հիմք ունեցող գաղափարներն են լցվում: Այդ առումով՝ «այստեղ հաց, այստեղ էլ կաց»-ը շատ արդյունավետ գաղափար է:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
01.10.2024

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2024
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031