Քրիստոնեական համերաշխության կազմակերպության կողմից հրավիրված «Մարդու իրավունքներն Ադրբեջանում. հայ կալանավորների ճակատագիրը» խորագրով քննարկման ժամանակ իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանը, 2016-ից Լեռնային Ղարաբաղում մարդու իրավունքների խախտումները վավերագրող Հասմիկ Հարությունյանը և միջազգային քրեական իրավունքի մասնագետ Գուրգեն Պետրոսյանը ելույթներով են հանդես եկել։
Խոսելով Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների, այդ թվում՝ բարերար Ռուբեն Վարդանյանի կալանավորման մասին՝ Սիրանուշ Սահակյանը՝ հղում անելով ՄԱԿ-ի Ցեղասպանությունների կանխարգելման հարցերով առաջին հատուկ խորհրդական Խուան Մենդեսին, շեշտել է՝ խոցելի համայնքի ղեկավարության թիրախավորումը ցեղասպանության ցուցիչ է: Ըստ իրավապաշտպանի՝ բացի հաստատված 23 հայ պատանդներից, կան վստահելի փաստեր ևս 80 հայի պանտադառության մասին, ինչպես նաև բռնի անհետացումների մասին:
Իրավաբան Հասմիկ Հարությունյանն էլ ներկայացրեց իր ուսումնասիրությունների արդյունքները, ըստ որոնց՝ բազմաթիվ նյութեր կան, որտեղ ադրբեջանական զինուժի ներկայացուցիչները խոշտանգում են կալանավորված հայերին, ենթարկում ֆիզիկական բռնությունների, իսկ կին զինծառայողներին նաև սեռական բռնությունների, սպառնում անդամահատել, ստիպում համբուրել Ադրբեջանի դրոշը, հայհոյել ՀՀ վարչապետին, ասել՝ «Ղարաբաղն Ադրբեջան է», ինչպես նաև անարգում ընկած զինծառայողների մարմինները:
Գուրգեն Պետրոսյանը նշեց, որ Ադրբեջանի կողմից կատարված հանցագործությունները միայն մարդու իրավունքների խախտումներ չեն, այլ միջազգային հանցագործություններ, ինչը թելադրում է, որ միջազգային հանրությունը պետք է հետևի, որ դրանք կատարած անձինք պատասխանատվության ենթարկվեն։
Կարդացեք նաև
Արսեն ԱՅՎԱԶՅԱՆ