«Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիան եւ նրա անդամ կազմակերպությունները Կարապի լճում մոմավառության ջրային լապտերիկներ արձակեցին բռնությունից զերծ ապագայի հույսի մաղթանքներով:
Աննա Հովհաննիսյանը պատմեց, որ Հայաստանում կանանց նկատմամբ բռնությունների ոստիկանության տրամադրած եւ իրենց ունեցած վիճակագրությունը տարբեր է: «Եթե շատ միջինացված թիվ նշեմ վերջին հինգ-վեց տարիների, ապա, օրինակ, ոստիկանությունը հրապարակում է մեկ տարվա կտրվածքով հազար դեպք, մինչդեռ, կոալիցիայի անդամ կազմակերպությունները հանրագումարային տեսանկյունից ներկայացնում են հինգ հազար առաջնային զանգ, որ ունենում են մեկ տարվա ընթացքում: Բայց, ցավոք, սա համապարփակ պատկեր չէ, մենք չենք կարող ասել, թե սա է վիճակագրությունը, որովհետեւ ընտանեկան բռնությունը համարվում է քողարկված հանցագործություն, որի մասին կանայք առհասարակ չեն բարձրաձայնում: Կանայք ամաչում են խոսել, վստահ չեն վաղվա օրվա վրա, թե ում դիմեն, ումից աջակցություն խնդրեն»,-ասաց նա եւ նշեց, որ իրենք արդեն տարիներ շարունակ զբաղվում են հենց այդ խնդիրներով, կանանց իրավունքները պաշտպանելով:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ