«Ամերիկայի ձայն». Իրանը հրթիռային հարված է հասցրել Իսրայելին: Այս մասին հայտնում են իսրայելական զինվորականները: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը ուշադիր հետևում են Մերձավոր Արևելքում տեղի ունեցող իրադարձություններին
Նախագահ Ջո Բայդենը և փոխնախագահ Քամալա Հարիսը ուշադիր հետևում են Իսրայելի վրա Իրանի հարձակմանը, հոկտեմբերի 1-ին հայտնել է Սպիտակ տունը:
Իսրայելի զինված ուժերի ավելի ուշ հաղորդագրության համաձայն՝ երկրի քաղաքացիներին թույլատրվել է լքել իրենց ապաստարանները: Այս թույլտվությունը գործում է ամբողջ Իսրայելի տարածքում:
Երեքշաբթի իսրայելական զինվորականները հայտնել են, որ Իրանից հրթիռներ են արձակվել Իսրայելի ուղղությամբ։
Կարդացեք նաև
Տագնապի ազդանշաններ են հնչել Իսրայելի ողջ տարածքում։ Տեղի բնակչությունը, ովքեր հնարավորություն ունեին, շտապեցին դեպի ապաստարաններ։ Պետական հեռուստատեսության լրագրողները ուղիղ եթերի ժամանակ պառկած էին գետնին։
Նախկինում զինվորականները հայտարարել էին, որ Իրանի կողմից ցանկացած բալիստիկ հրթիռային հարձակում կլինի լայնածավալ, և բնակչությանը խորհուրդ տվեցին հարձակման դեպքում պատսպարվել անվտանգ վայրում:
Իրանը խոստացել էր պատասխան հարված հասցնել Իսրայելին՝ Լիբանանում «Հեզբոլլահի» բարձրագույն ղեկավարությանը սպանելու համար:
Հրթիռային հարվածը տեղի է ունեցել իսրայելական զորքերի՝ Լիբանանի ուղղությամբ ցամաքային հարձակումների ֆոնին, ինչը էլ ավելի սրել է իրավիճակը տարածաշրջանում մեկ տարի առաջ Գազայում բռնկված հակամարտությունից հետո:
ԱՄՆ Կենտրոնական հրամանատարության ներկայացուցիչը կատարվածը մեկնաբանել է հետևյալ կերպ. «Մենք մշտապես կապի մեջ ենք Իսրայելի և տարածաշրջանում դաշնակիցների ու գործընկերների հետ»։
Հարցին, թե արդյոք ԱՄՆ-ը օգնում է հակազդել շարունակվող հարձակմանը, նա կարճ արձագանքեց՝ ասելով, որ Միացյալ Նահանգներն ունի համապատասխան ակտիվներ տարածաշրջանում։
Այսօր ավելի վաղ Պենտագոնի մամուլի քարտուղար գեներալ-մայոր Փեթ Ռայդերը ասել էր հետևյալը.
«Պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հանդիպել է Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտի հետ՝ քննարկելու Իսրայելի վրա իրանական մոտալուտ հարձակման սպառնալիքը: ԱՄՆ պաշտպանության նախարարը նշել է, որ Միացյալ Նահանգները վերջին օրերին մեծացրել է ուժային պատրաստությունը և շարունակում է պահպանել զգալի ռազմական կարողություններ տարածաշրջանում։ Լլոյդ Օսթինը պարզաբանել է, որ «ԱՄՆ-ը լիովին ի վիճակի է պաշտպանել իր անձնակազմին, դաշնակիցներին և գործընկերներին Իրանի և Իրանի կողմից աջակցվող ահաբեկչական կազմակերպություններից եկող սպառնալիքներից և վճռական է թույլ չտալու ցանկացած դերակատարի շահագործել լարվածությունը կամ ընդլայնել հակամարտությունը»: