Ընտանեկան բռնության վիճակագրությունը սերտորեն կապված է կնասպանության ռիսկի հետ:
Պաշտոնական վիճակագրության համաձայն՝ կնասպանության ռսիկը աճում է 35 տարեկանից բարձր կանանց շրջանում: Այս մասին այսօր «Մեդիա կենտրոնում» ասաց Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի համակարգող Նվարդ Մանասյանը:
«35 տարեկանից բարձր կանանց շրջանում կնասպանության ռիսկը 11 տոկոս է, 45 տարեկանից սկսած մինչեւ 15 տոկոս ռիսկայնություն կա: Իսկ կանանց առանձին խմբեր էլ ավելի խոցելի են:
Մենք ոչ միայն վիճակագրությանը պետք է նայենք, այլեւ պետք է ճիշտ արձագանքենք բռնության դեպքերին, որովհետեւ կնասպանությունը տեւական բռնության հետեւանք է»:
Կարդացեք նաև
Տիկին Մանասյանը նկատեց, որ ընտանեկան բռնության դեպքերով արդարադատության ոլորտում մի շարք խնդիրներ են արձանագրել, որոնք առաջիկայում կամփոփեն իրենց զեկույցում, իսկ մինչ այդ փակագծեր բացեց՝ դատարանները հիմնականում մասնագիտացված չեն այդ գործերի քննության համար, նման գործերի դատաքննությունը բավականին երկար է ձգվում, իսկ բռնության ենթարկվածի ու բռնարարի առերեսման դեպքում կրկնակի զոհականացման մեծ ռիսկ կա:
Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության կոալիցիայի նախագահ Նաիրուհի Սաֆարյանն էլ խոսեց ՄԻԱՎ-ով ապրող կանանց խնդիրներից: Ըստ նրա՝ ոչ պակաս խոցելի են նաեւ ՄԻԱՎ- ով ապրողները, որոնք չեն կարողանում լիարժեք օգտվել առողջապահական, սոցիալական եւ այլ ծառայություններից:
ՄԻԱՎ-ով ապրող կանայք, ըստ փորձագետի, խտրականության են ենթարկվում կյանքի բոլոր ոլորտներում, երբ հայտնի է դառնում նրանց կարգավիճակի մասին : ՄԻԱՎ կարգավիճակն ավելի խոցելի է դարձնում կնոջը եւ նրա նկատմամբ բռնություն գործադրելու առումով հավելյալ գործիք է դառնում բռնարարի ձեռքին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ