Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) աշնանային նստաշրջանի լիագումար նիստի ընթացքում անցկացվեց «Ադրբեջանում մարդու իրավունքների, օրենքի գերակայության և ժողովրդավարության վիճակի վատթարացումը» թեմայով քննարկում՝ ընթացիկ հարցերի քննարկման ձևաչափով։
ԵԽԽՎ բոլոր քաղաքական խմբերը միաձայն պնդեցին, որ Ադրբեջանում մարդու իրավունքները վիճակը շարունակում է հետընթաց գրանցել։ Միացյալ եվրոպական ձախերի խմբի խոսնակ Փոլ Գավանը խորը մտահոգությունը հայտնեց «ավտորիտար ադրբեջանական վարչակարգի շարունակական ուղու առնչությամբ՝ դեպի սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների՝ ավելի մեծ չափեր, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի նախկին քաղաքացիների հանդեպ սարսափելի վերաբերմունքը, ռազմատենչ և սպառնալից պահվածքը հարևան երկրի՝ Հայաստանի նկատմամբ» ու հայտարարեց․
«Այս տարի Ադրբեջանում անցկացված այսպես կոչված նախագահական և խորհրդարանական ընտրություններն անցան այնպես, որ նույնիսկ Հյուսիսային Կորեայի ղեկավարությունը կկարմրեր։ 2003-ին իր հորը՝ Հեյդար Ալիևին հաջորդելուց հետո նախագահ Ալիևն անընդմեջ հինգ հաղթանակ է տարել։ 2009-ի հանրաքվեն վերացրեց նախագահության ժամկետի սահմանափակումը, և 2016-ին ստեղծվեց փոխնախագահի պաշտոնը, ու այն անմիջապես հատկացվեց նախագահի կնոջը։ Որպեսզի պարզ լինի՝ մենք հիմա խոսում ենք դաժան բռնապետության մասին, որը ղեկավարվում է՝ որպես ընտանեկան մաֆիայի դինաստիա։ Խոսում ենք մի բռնապետության մասին, որը պատասխանատու է Լեռնային Ղարաբաղի էթնիկ զտումների և սեփական քաղաքացիների նկատմամբ ճնշումների համար։ Պարոն Իլհամ Ալիևն ու նրա կամակատարները հեռուստատեսային «սոպրանոներին» համեմատության համար ստիպում են նմանվել սոցիալական աշխատողների»։
Փոլ Գավանն ասաց՝ իրավունքների և ժողովրդավարության վիճակը Ադրբեջանում էլ ավելի է վատթարացել վերջին տարիներին՝ իրավապաշտպանների, ընդդիմադիր գործիչների և անկախ լրագրողների՝ քաղաքական դրդապատճառներով կալանավորումների պատճառով․ «Եվ, իհարկե, Լեռնային Ղարաբաղի 100 000-ից ավելի քաղաքացիների էթնիկ զտումները։
Կարդացեք նաև
Ադրբեջանում կամայական ձերբակալությունները, անժամկետ կալանավորումները, դաժան ծեծը, խոշտանգումները և բռնի անհետացումները դարձել են մարդկանց ամենասարսափելի ձևով ճնշելու համակարգային միջոցներ: Այս տարի քաղբանտարկյալների թիվը եռապատկվել է, քանի որ ռեժիմն աշխատում է ապահովելու, որ բոլոր ընդդիմադիր ձայները լռեցվեն նոյեմբերին կայանալիք COP29-ին ընդառաջ: Այս ամենի տխուր արտացոլումն է այն, որ համաշխարհային տերությունները շարունակում են COP-ը նվիրել մոլորակի ամենավատ ռեժիմներից մի քանիսին: Փողը հերթական անգամ ոտնահարում է մարդու իրավունքները։ Այս բոլոր գործողությունների լույսի ներքո պարզ է դառնում, որ Վեհաժողովը ճիշտ է վարվել՝ հրաժարվելով վավերացնել ադրբեջանական պատվիրակության հավատարմագրերն այս տարվա սկզբին»։
Փոլ Գավանն ասաց՝ ենթադրվում է, որ մեր արժեքները հիմնված են ժողովրդավարության, մարդու իրավունքների և օրենքի գերակայության վրա, իսկ Ադրբեջանի վարչակարգը հավատում է այլընտրանքային պլուտոկրատիայի, խոշտանգումների և ահաբեկչության կառավարմանը:
Ըստ Փոլ Գավանի՝ ժամանակն է նախաձեռնել Նախարարների կոմիտեի և Խորհրդարանական վեհաժողովի միջև լրացուցիչ համատեղ ընթացակարգ՝ այս կազմակերպության հանդեպ Ադրբեջանի կողմից իր կանոնադրական պարտավորությունների բազմաթիվ լուրջ խախտումների հետ կապված։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ