Հոկտեմբերի 1-ից մեկնարկել է «ՀԱՅ ՖԵՍՏ» 22-րդ կատարողական արվեստների միջազգային փառատոնը՝ «Երազանքների փառատոն» խորագրով։ Այն կտեւի մինչեւ հոկտեմբերի 8-ը:
«Մենք Հայաստանի մշակութային կյանքում գլխավոր տեղ ենք գրավում, որովհետեւ երազում ենք: Յուրաքանչյուր փառատոն փոխում է ոլորտը, իսկ եթե ավելի համակարգված է, ունի աջակցություն, գիտի՝ քաղաքն ինչ է ուզում, մարդկանց է մարդ դարձնում: Եթե արվեստի փառատոները չլինեն, գերշատ ուտելու փառատոներն էլ չեն լինի, որովհետեւ մարդու ուտելն էլ չի գա…Չէ՞ որ ուտելու մշակույթը հենց մշակույթից է գալիս»,-լրագրողների հետ զրույցում ասաց «ՀԱՅ ՖԵՍՏ» փառատոնի նախագահ Արթուր Ղուկասյանը:
Նրա խոսքով, բարդ էր 22 տարի դիմակայելը, բայց իրենք հաղթահարել են ամեն դժվարություն, քանի որ ունեցել են հանդիսատեսի աջակցությունը. «Եթե չլինի մեր հանդիսատեսը, չլինեն մարդիկ, որոնք ասում են՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ն այս տարի լինելու է չէ՞, մենք չենք լինի: Նրանք մեզ մղում են, որ չհուսահատվենք, շարունակենք երազել, եւ մեր երազանքը դառնա իրականություն»:
Կարդացեք նաև
Արթուր Ղուկասյանը ընդգծեց, որ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը Եվրոպայի 24 լավագույն փառատոների թվում է, իսկ կազմակերպիչները՝ լցված են լավատեսությամբ, նոր բան ստեղծելու պատրաստակամությամբ: 22-րդ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ը բացվեց յուրահատուկ՝ «էՎենտի Վերտիկալի» թատրոնի (Իտալիա) «Խորանարդ» բացօթյա ներկայացմամբ: Այս թատրոնը ստեղծել է իր սեփական տեսողական լեզուն, որը միավորում է թատրոնի տարրերը՝ կրկես, ակրոբատիկա, պար, երաժշտություն և նոր տեխնոլոգիաներ: Թատրոնը օգտագործում է այնպիսի բեմական սարքավորում, որը կախվում է օդում, պահում է բեմի մակերեսը, ողջ լուսավորությունը և կատարողներին: Կախված եռաչափ բեմում պարողները, լույսերն ու ստվերները միաձուլվում են կառուցվածքի գույների հետ։ Լույսերն ու գույները փոխում են խորանարդի տեսքը՝ համապատասխան դերասանների կատարման, որոնք շարժվում են խորանարդի ներսում և դրսում։ ներկայացման բեմադրիչը Անդրեա Պիալինին է:
«ՀԱՅ ՖԵՍՏ»-ն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության եւ Երևանի քաղաքապետարանի աջակցությամբ։ Այս տարի արտասահմանյան մասնակից երկրները 18-ն են, որոնց թվում են՝ Իտալիան, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Գերմանիան, Լեհաստանը, Բելառուսը, Ղրղզստանը, Իրանը եւ այլ երկրներ։
Փառատոնի ծրագրում, ի թիվս այլնի, ընդգրկված են նաեւ հայկական թատրոնների ներկայացումներ։ Փառատոնի ընդհանուր մասնակիցների թիվը գերազանցում է 100-ը, անվանի հյուրերի թվում են՝ Ռոման Դոլժանսկին, Արթուր Գրիգորյանցը, Տատյանա Բոբրովան, Մարիուս Իվասկևիչուսը։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
«Խորանարդ» ներկայացման լուսանկարները՝ «ՀԱՅ ՖԵՍՏ»-ի ֆեյսբուքյան էջից: