Արդեն 14 տարի է՝ Հայաստանում հոկտեմբերի 1-ը ընտանեկան բռնության դեմ պայքարի օրն է: Ընտանեկան բռնության աջակցության կենտրոնների կոալիցիայի համակարգող Նարե Հայրապետյանն այսօր «Մեդիա կենտրոնում» ներկայացրեց որոշակի թվեր:
Ըստ նրա՝ 2023-ին Երեւանում եւ ՀՀ տասը մարզերում իրենք ծառայություններ են մատուցել մոտ 1769 շահառուի, բոլորը եղել են ընտանեկան բռնության դեպքեր: Նրա խոսքով, իրենք մատուցում են հոգեբանական, սոցիալական եւ իրավական աջակցություն. «Աջակցման կենտրոնների եւ ոստիկանության վիճակագրության թվերն իրականում տարբեր են: Ոստիկանությունը վարում է այն վիճակագրությունը, որը հիմնված է նախազգուշացումների եւ պաշտպանական որոշումների հիման վրա: 2019-2023 թթ ոստիկանության օպերատիվ ամփոփագրերի տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ անընդհատ նվազել կամ աճել է նախագուշացումների տրման քանակը: Այսինքն՝ նախազգուշացումների նվազումը պայմանավորված է անհետաձգելի որոշումների ավելացմամբ: 2024 թվականի 5 ամիսների ընթացքում տրվել են 215 նախազգուշացում եւ 465 անհետաձգելի միջամտություններ»:
Հայրապետյանի խոսքով, ընտանեկան բռնության ենթարկված անձինք հիմնականում հակված չեն ոստիկանություն դիմելուն, նրանք նախընտրում են կանանց աջակցման կենտրոն դիմելը, անմիջապես որեւէ ծառայություն ստանալու համար:
Փորձագետը նկատեց, որ վերջին տարիներին ոստիկանություն-աջակցման կենտրոն կապը բավականին բարելավվել է. «Քանի որ օրենքի պահանջն է, որ նախազգուշացման կամ անհետաձգելի որոշման պատճեններն ուղարկվի տեղի աջակցման կենտրոն ու ուղղորդում կատարվի դեպի շահառուն, ապա կարող եմ փաստել, որ դեպքերի մոտ 60 տոկոսը, որոնք որ ունեն նախազգուշացում կամ անհետաձգելի որոշում հասնում են աջակցման կենտրոն»:
Կարդացեք նաև
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ