«Ինձ համար շատ խորթ բառապաշար է, որովհետեւ առավելագույնը, որ ես կարող եմ լսել այդպիսի խոսքեր, փողոցում ինչ-որ տղաների վեճի ժամանակ կարող է լինել: Ո՛չ պաշտոնյային հարիր կեցվածքով խոսույթ է, ո՛չ էլ ես սովոր եմ նման բառապաշարի: Ինչեւէ, մենք հերթական արձանագրումը կանենք, որ մարդիկ փողոցից եկել են ու իշխանություն են զավթել, բնական է, որ խոսույթն էլ պիտի լինի փողոցի խոսույթ: Ես փորձեմ իր բառապաշարն օգտագործելով իմ պատասխանը հնչեցնեմ, որ ես շատ լավ տեղն եմ բերում՝ որտեղ եմ գտնվում՝ ի տարբերություն իրենց, որովհետեւ իրենք տեղը չեն բերում՝ որտեղ են գտնվում: Ես գտնվում եմ իմ հայրենիքում՝ ՀՀ-ում, եւ որեւէ մեկը չունի այդ իրավունքը ինձ վախեցնելու, բռնանալու իմ կամքին, առավել եւս բռնի ուժ գործադրելու:
Ինչ վերաբերում է ինձ իմ անունով դիմելուն, անունս էլ ճիշտ չասելուն՝ ես, իհարկե, չեմ իջնելու այդ մակարդակին, որ իր անունը ձեւափոխեմ, բայց այլեւս երբեք իրեն իր ազգանունով չեմ դիմելու: Ալենը թող շատ լավ հասկանա ու պատկերացնի իրավիճակը, եթե չի պատկերացնում:
Մենք հենց Ալենի ու ալենների աշխատելու կամ չաշխատելու, ուզելու կամ չուզելու արդյունքում հայտնվել ենք մեր բնօրրաններից դուրս՝ հայրենիքի մյուս հատվածում ու շատ լավ ենք գիտակցում, որ այսօր մեր անգործությունը հավասարազոր է իրենց արածին: Իրենց ժողովրդավարության բաստիոն հայտարարած իշխանությունները անկախ նրանից, որ մեր նկատմամբ բռնաճնշումներ են գործադրում, մեզ չեն կանգնեցնելու, որովհետեւ մեր նպատակն ավելի բարձր է քան իշխանազավթումը»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի իրեն վերաբերող դիտարկումներին:
Հիշեցնենք, որ Ալեն Սիմոնյանն ասել էր. «Ինքը դուրս եկավ մեր առաջ, անվտանգության աշխատակիցն ասաց՝ խնդրում եմ, մի կողմ գնացեք, ինքն ասաց՝ մի վախեցեք, չեմ խփի սրանց։ Ինձ հետաքրքիր է՝ այդ նույն Մետաքսեն Արցախում որեւիցե նախագահի մասին մեկ կմ հեռավորության վրա որ ըտենց արտահայտություն աներ, իր հետ ի՞նչ էր լինելու։ Իրենք տեղը չեն բերում, թե որտեղ են գտնվում։ Կրկնում եմ՝ իրենք տեղը չեն բերում, թե իրենք որտեղ են գտնվում եւ ում հետ են շփվում։ Ես խոստանում եմ իրեն, իր շուրջը պտտվող մարդկանց, որ իրենք հաստատ տեղը բերելու են։ Իրենք ՀՀ-ում գտնվում են որպես մեր հայրենակիցներ, ունենք նույն իրավունքներն ու պարտավորությունները։ ՀՀ նախագահի եւ ԱԺ նախագահին նման կերպ դիմելն անթույլատրելի է»:
Կարդացեք նաև
Մետաքսե Հակոբյանը նկատեց, որ այս իշխանություններից առաջ ո՛չ ՀՀ, ո՛չ Արցախի որեւէ նախագահ առիթ չի տվել կամ այն պահվածքը չի ունեցել, որ կարիք լինի որեւէ ակնարկ կամ վանկարկում հնչեցնել նրանց ուղղությամբ. «Իսկ եթե լիներ դրա առիթն ու կարիքը, Մետաքսե Հակոբյանը երբեւէ, եթե վտանգված լիներ իր հայրենիքը, երեխաները կամ սերունդը կանգ չէր առնելու…իմ քաղաքական գործունեության ընթացքում ես միշտ շատ կոշտ եմ եղել իմ հայտարարություններում եւ որեւէ նախագահ կամ ղեկավար չի իջել տղամարդու շեմից ցածր պահվածքի, այլ որպես նախագահ համապատասխան քաղաքական պատասխանը տվել է իմ քննադատություններին կամ կոշտ մեկնաբանություններին, բայց երբեք կին կամ տղամարդ գծերը չեն հատվել, իսկ այստեղ հատվել են այդ գծերը: Ուղղակի թող դա մեր հայրենակիցները տեսնեն, մյուս տղամարդիկ տեսնեն ու իրենց մեկնաբանությունը տան»:
Մեր զրուցակիցը անդրադառնալով Եռաբլուրում տեղի ունեցած միջադեպին՝ վստահեցրեց, որ անվտանգության աշխատակիցն իրեն որեւէ սաստող արտահայտություն չի արել, որովհետեւ իր պահվածքը սաստման կարիք չի ունեցել. «Ես ընդամենը գրական հայերենով ձեւակերպված արձանագրել եմ փաստը, որ իրենք արյան մեջ թաթախված ցեղասպաններ են, որին ստացել եմ տղամարդուն ոչ հարիր պատասխան: Դրան հետեւեց անվտանգության երկու աշխատակցի ինձ մոտենալը, որոնց պատասխանել եմ՝ հանգիստ եղեք, ես իրենց չեմ խփելու, այսինքն՝ ես որեւէ բռնի ուժ չեմ պատրաստվում կիրառել: Անվտանգության աշխատակիցների կողմից անհարգալից հայացք կամ պահվածք իմ նկատմամբ չեմ նկատել, նրանք թեքվել են ու գնացել իրենց ղեկավարի մոտ… Թող միջազգային հանրությունը տեսնի՝ ժողովրդավարական բաստիոնում ինչպես կարող են վախեցնել ու իրենց պատկերացմամբ՝ տեղը դնել մարդկանց: Վերջին չորս տարիներին բոլոր հնարավոր վախերի միջով անցել եմ ու իմ վախերը թողել եմ Արցախում: Ինչպես ինքն է ասում իմ շրջապատում գտնվողները ու ես ունենք մեկ նպատակ՝ հայրենիքի վերականգնումն ու Հայաստանի կործանում թույլ չտալը: Այդ նպատակին հասնելու համար բոլոր հնարավոր միջոցները գործադրելու ենք »:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ