Իրավաբան Արման Սարգսյանը փորձել է առցանց հարթակում ճշտել Արարատի մարզի Տիգրանաշեն համայնքի դպրոցին հատկացվող գումարների և դրա տնօրինման ծախսման եղանակները և արդյոք Տիգրանաշենի դպրոցի տնօրենը պահպանում է պետական գնումներ կատարելու և պլանով հաստատված օրենսդրական պահանջը, թե՞ ոչ:
«Օնլայն հարթակում վերջին պետական գնման պլանի հաստատումը և հրապարակումը կատարվել է 2021 թվականին նախկին տնօրենի կողմից: Ներկա տնօրենի գործունեությունը և կատարված ծախսերի պլանը բացակայում է: Նշված փաստաթղթերը փորձեցի գտնել Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքում, պարզվեց, որ Արարատի մարզպետարանի կայքը վերջին անգամ թարմացվել է գնումների մասով 2023 թվականին և գնումների կազմակերպման հրապարակային ծանուցումներ առկա չեն: Մարզպետարանի կայքում առկա են միայն հաշիվ ապրանքագրեր՝ առանց հրապարակված պայմանագրերի: Այս ամենից հետևություն եմ արել, որ մարզպետարանի համապատասխան պաշտոնյաները, որոնք հովանավորում են Տիգրանաշենի դպրոցի տնօրենին, աշխատում են բարձիթողի վիճակում և դպրոցների գնումների վերահսկողությունը դուրս է մնացել մարզպետարանի աշխատակիցների կողմից, ինչն էլ իր հերթին թույլ է տալիս տնօրենին անել այն, ինչ ցանկանում է»,- մեզ հետ զրույցում ասաց Սարգսյանը:
Մեր զրուցակցի տպավորությամբ՝ դպրոցի տնօրենն ամեն ինչ անում է, որ դպրոցը փակվի. «Որ իրենք հերթական աղմուկը բարձրացնեն, թե տեսեք՝ կառավարությունը Տիգրանաշենի դպրոցը փակում է, Տիգրանաշենը հանձնում է: Արդեն համոզմունք է ձեւավորվում մոտս, ե՛ւ մարզպետարանից, ե՛ւ մարզպետի աշխատակազմից ոչ ոք չի ցանկանում այդ երեխաների կրթությամբ լուրջ զբաղվել: Հետաքրրքվեցի, պարզվեց՝ տարեկան մոտ 24 միլիոն դրամ է հատկացվում 15 երեխայի կրթության համար, որոնցից 4-ը դպրոցից դուրս են եկել, տեղափոխվել Պարույր Սեւակ գյուղի դպրոց: Այդ 24 միլիոն դրամով շատ հանգիստ կարող էին օպտիմալացման շրջանակում Տիգրանաշենի դպրոցը Պարույր Սեւակի դպրոցին միացնել, ունենալ բոլոր առարկաները ուսուցանող ուսուցիչներ, դասարաններ, կամ մեքենա տրամադրեին, երեխաներին տանեին Պարույր Սեւակի դպրոց ու բերեին: Այստեղ գումարներ են մարդիկ ծախսում առանց հրապարակային հաշվետվության: Փաստորեն՝ 24 միլիոն դրամ է ծախսվում 10-11 երեխայի թերի կրթելու համար եւ դեռ ուսուցիչներն էլ երեխաների նկատմամբ ոչ նորմալ վերաբերմունք են դրսեւորում: Դպրոցում մի անձին մի քանի հաստիքով են գրանցել, եթե համայնքապետարան կամ տնօրեն աշխատանքի խնդիր եք լուծում, գյուղում 100-120 բնակիչ կա, աշխատանքը համահավասար բաժանեք բնակիչների մեջ, բոլորի համար ընդունելի լինի, մարդկանց աշխատանքով ապահովեք, ասենք դրա համար պահում դպրոցը»:
Կարդացեք նաև
Դպրոցը Արման Սարգսյանի ուշադրության կենտրոնում է հայտնվել 5-րդ դասարանի աշակերտի նկատմամբ արձանագրված վերջին բռնության դեպքից հետո:
Դպրոցի տնօրենը չցանկացավ մեկնաբանել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ